Ալբերտ Բազեյանիՙ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո, երբ հայտնի դարձան վերջինիս հակասությունները ՀՀԿ վարչության հետ, այսպես կոչված երկրապահական թեւն սկսեց լքել Հանրապետական կուսակցությանը: Այս փաստը վերջնականապես հաստատվեց Ալբերտ Բազեյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի, Ղուկաս Ուլիխանյանի, Արա Կետիկյանի եւ Սամվել Սաղաթելյանի երեկ արված համատեղ քաղաքական հայտարարությամբ: Նշելով, որ մինչեւ 1999 թվականի չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը Հանրապետական կուսակցությունը հավատարիմ էր իր որդեգրած գաղափարախոսությանն ու առաջնորդ Վազգեն Սարգսյանի ծրագրերինՙ հայտարարության հեղինակները գրում են.
«Այսօր իրավական նիհիլիզմը եւ օրինականության նկատմամբ բացարձակ արհամարհանքը իշխանության ինստիտուտների գործունեության նորմեր են դարձել: Տնտեսական բարեփոխումների ծրագիրը նենգափոխվում է կամայական որոշումներով եւ հովանավորչությամբ: Իրավիճակի վերահսկելիության պատրանք ստեղծելու նպատակով պետական կառույցները շրջանցում են իրենց լիազորություններըՙ վերջնականապես արժեզրկելով իրավական պետության կայացման գաղափարը: Մեր պարտքն էր փորձել իշխանության տարբեր օղակներում ու ՀՀԿ-ում առարկայացնել որդեգրված գաղափարները, բայց մեկ տարին բավական էր համոզվելու մեր ցաքուցրիվ ջանքերի անարդյունավետության մեջ: Ուստի հայտարարում ենք ՀՀԿ- ի շարքերից հեռանալու մեր որոշման մասին:
Հետեւաբար այլեւս պատասխանատվություն չենք կրում օրվա իշշանությունների եւ նրան մաս կազմող ՀՀԿ-ի իրականացրած քաղաքականության համար: Մենք հետամուտ ենք լինելու «Միասնություն» դաշինքի հիմնարար գաղափարների իրականացմանն ու մեր համակիրներին միավորելովՙ ձեռնամուխ ենք լինելու արդարության հաստատմանը եւ իրավական պետության կառուցմանը»:
Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ն լքողներն այսքանով չեն սահմանափակվի, եւ նրանց շարքերը կավելանան: Սրան զուգահեռ երկրապահների մոտ բավականին կոշտ դիրքորոշումներ հայտնելու մարտավարություն է որդեգրվել, որը նրա ելույթով հավաստեց նաեւ ՀՀԿ-ից ավելի վաղ հեռացված Ռուբեն Գեւորգյանը: Ոչ ավել ոչ պակաս նա հանրապետության վարչապետին եւ նրա ապարատին վախկոտներ անվանեց, որոնք երկնչում են պատասխանատվություն ստանձնել երկրում կատարվող գործընթացների համար:
Գ. Ա.