«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԴԱՐՁՅԱԼ ԱԺ-ՈՒՄ Է

<20012203.jpg>

Կառավարությունը չէր սպասում խորհրդարանական մանեւրին

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Չնայած ներքին քաղաքական լարումներին, Ազգային ժողովը շարունակում է օրակարգ մտած օրինագծերի քննարկումը, որոնցից շատերն, ի դեպ, առավելապես սեփական սխալների շտկման մի ողջ շարան են հիշեցնում: «Քաղաքացիական ծառայության մասին» դեռեւս նախորդ նստաշրջանից քարկոծվող օրենքի նախագիծը թեթեւ ձեռքով առաջին ընթերցմամբ իսկ տապալելուց հետո խորհրդարանն անցավ կարծես թե այլեւս «ճիտին պարտք» դարձած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նոր փոփոխություններիՙ կառավարության ներկայացրած նախագծին: Կառավարությունն առաջարկում է Ազգային հանձնաժողովի (որը կարգավորում է մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը)ՙ ամրագրված 9 անդամներին փոխարինել 5-ով: Տրամաբանությունը, ըստ գործադիրի, կայանում է ոչ թե հանձնաժողովի կոլեգիալության սկզբունքը փոխելու, այլ պարզապես կրճատելու բյուջեի հաշվին պահպանվելիք անդամների քանակը, առավել եւս, երբ հանձնաժողովն ունենալու է իր աշխատակազմը եւ աշխատանքների զգալի հատվածը բաշխվելու է նրան: Բացի այդ հանձնաժողովի մի քանի գործառույթներ իրականացվելու են մի քանի տարին մեկ, այնպես որ կառավարությունն աննպատակահարմար է համարում այդքան վճարովի անդամների առկայությունը:

Առաջին հայացքից թվում է, որ գործադիրը որոշել է կրճատել ուռճացված կառավարման գոնե այս հատվածը, սակայն խորհրդարանը դրա տակ դավադրություն նկատեց անկախ լրատվության ոլորտի հանդեպ եւ, հանձինս գիտության, կրթության, մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի, փորձեց փոխզիջումների գնալ կառավարության հետ: Հանձնաժողովն առաջարկում է ոչ թե կրճատել անդամների քանակը, այլ կրճատել վճարվող հաստիքներըՙ որպես այդպիսիք թողնելով միայն Ազգային հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի տեղերը, իսկ մյուսները կաշխատեն անվճարՙ հասարակական կարգով, փաստորեն ոչ պրոֆեսիոնալ հիմունքներովՙ ունենալով այլ աշխատանք:

Ըստ Շավարշ Քոչարյանի, դա լավագույն տարբերակն է, քանի որ օրենքում նախատեսվում է մեկ այլ փոփոխություն եւս, որն, ի դեպ, առաջարկել են մասնավոր հեռուստաընկերությունները: Ըստ դրա, հանձնաժողովի կողմից որոշումները պետք է ընդունվեն ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլՙ ձայների երկու երրորդով: Այդ դեպքում, եթե ուժի մեջ թողնվի կառավարության տարբերակը, որեւէ տարբերություն երկու մեխանիզմների միջեւ չի լինում (քանի որ երկու դեպքում էլ գործում է միեւնույն 3-ը 2-ի հարաբերակցությունը), մինչդեռ ԱԺ հանձնաժողովի առաջարկած տարբերակով ստացվում է 6-ը 3-ի հարաբերակցությունը:

Այս եղանակին կողմ է նաեւ խորհրդարանական մեծամասնությունը, որի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը, սակայն, շատ ավելի օրենքի պաշտպանությանն էր ուղղված, քան կոնկրետ դիրքորոշում արտահայտելուն: Ըստ Սահակյանի, ստացվում է, որ օրենքի ընդդիմադիրները պարզապես չեն կարդացել այն, սակայն մեծ աղմուկ են բարձրացրել, որոնք նա «ստեղծածին երեւույթներ» որակեց: Մինչդեռ հսկայական գումարներ են ծախսվել Երեւանի մամուլի ակումբի ստեղծած «կիսատ-պռատ» օրենքի վրա:

Նման մեկնաբանություններն, իհարկե, կառավարությանը քիչ էին հուզում, որի վկայությունն առաջարկը ներկայացնող կառավարությանն առընթեր քարոզչության եւ գիտահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանի զսպված վերաբերմունքն էր: Եվ չնայած հանգամանքին, որ նա համոզում էր, թե խնդիրը զուտ ֆինանսական է, խորհրդարանին ներկայացրած առաջարկը նրա կողմից դժկամությամբ ընդունվեց. «Հասարակական աշխատանքի սկզբունքները մեզանում մշակված չեն, որովհետեւ երբ պետք է մարդ մի տեղ աշխատի եւ մյուս տեղն էլ զուգորդի հասարակական կարգով այլ գործառույթների կազմակերպմամբ, տպավորություն կա, որ չի կարող լիարժեք մասնակցել աշխատանքներին: Այդ պատճառով առաջարկեցինք հինգ անդամ նշանակել, որոնք պատասխանատու կլինեն իրենց աշխատանքի համար: Թեպետ կարելի է մտածել խորհրդարանի ներկայացրած առաջարկի շուրջ»: Պատգամավորների կողմից դիտողություններ չեղան, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ այսօր առաջին ընթերցմամբ ԱԺ հանձնաժողովի ներկայացրած տարբերակը կընդունվի:

Փախստականի կարգավիճակ կտրամադրվի սահմանափակ պայմաններով

Հավանաբար նույն ճակատագրին կարժանանա նաեւ կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունՙ «Փախստականների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանափակվելու են փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հնարավորությունները: Ըստ ներկայացվող լրացումների, նման կարգավիճակ քաղաքացիները չեն կարող ստանալ, եթե իրավասու մարմիններին սխալ տեղեկություն են տրամադրել իրենց վիճակի մասին, եթե ամուսնացած են ՀՀ քաղաքացու հետ, քանի որ այդ դեպքում արդեն իսկ օգտվում են կացության առանձին կարգավիճակի արտոնություններից եւ գտնվում են պետության հոգածության տակ: Փախստական ձեւակերպվածների համար նախատեսվում է սահմանել երեք տարվա ցենզ, այսինքնՙ յուրաքանչյուր երրորդ տարուց հետո պետք է կատարվի կարգավիճակի վերանայում: Հայաստանից հեռացած եւ արտերկրում մշտական բնակություն հաստատած քաղաքացիները այլեւս չեն կարող համարվել փախստականներ: Երեւույթ, որ հայկական իրականության անբաժանելի մասնիկն է դարձել: Վերջին ձեւակերպումն, ի դեպ, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի հեղինակածն է, որն առանց առարկության ընդունվեց փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանի կողմից:

Խորհրդարանը բավականին լայն քննարկման առավ «2000 թ. երաշտի հետեւանքների վերացման մասին» օրինագիծը, որին «Ազգն» առանձին եւ մանրամասն կանդրադառնա առաջիկա համարներից մեկում, քանի որ խնդիրն իսկապես բավականին հակասական է եւ լուրջ քննարկման կարիք է զգում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4