«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ԳՈՐԾԱՐԿՈՒՄԻՑ 7 ԱՄԻՍ ԱՆՑ

<20012204.jpg>

Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել «Գրանդ քենդի» ընկերության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Մինչ ասուլիսը լրագրողների խումբը շրջեց ձեռնարկության արտադրամասերումՙ կարամելից մինչեւ շոկոլադ եւ ականատես եղավ հայկական քաղցրավենիքի ստեղծման գործընթացին: Ապա, բացելով մամուլի ասուլիսը, տնօրենն ընդգծեց, որ այն նպատակ ունի ներկայացնելու «Գրանդ քենդիի» 7-ամսյա աշխատանքի արդյունքները եւ տեղեկացնելու ընկերության մի շարք ապրանքատեսակների գների իջեցման մասին: Նկատի ունենալով, որ «Ազգը» մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էր «Գրանդ քենդիի» ներկա եւ մոտ ժամանակներս սպասվող ձեռնարկումներին («Գրանդ քենդին» կէժանացնի շոկալադը», 1 փետրվարի), կներկայացնենք միայն նորություն համարվող տեղեկատվությունը:

Արմինե Հովհաննիսյանը ներկաներին հայտնեց, որ անցած 7 ամսվա ընթացքում ձեռնարկությունում կատարվել է 3,8 մլն դոլար ներդրում, պետությանը վճարվել են 1,2 մլն դոլար հարկեր եւ տուրքեր: Համեմատության համար նշվեց, որ նախորդ 4 տարիներին ձեռնարկության վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 21,4 մլն դրամ: Թողարկվել է 3560 տոննա արտադրանք, որից 157 տոննան արտահանվել է: Արտահանման այս ծավալները տնօրենը փոքր համարեց: Նա նշեց, որ հիմնական նպատակը դրանց ավելացումն է: Որպես լրացուցիչ հավաստիք, որ ձեռնարկության արտադրանքը ստեղծվում է միայն բնական հումքից, ներկաներին բաժանվեց այն տեղական մատակարար ընկերությունների ցանկը, որոնցից «Գրանդ քենդին» ստանում է խտացրած կաթ, ձու, ծիրանաչիր, սալորաչիր, մրգային խյուսեր: Դրանք են Արզնու թռչնաբուծական ֆաբրիկան, Աշտարակի պահածոների գործարանը, «Սիգմա-5» ՍՊԸ-ն եւ ուրիշներ: Միայն շոկոլադի հիմնական հումքը (կակաոյի հատիկներ) եւ շաքարավազն են ներմուծվում:

Առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում ժամկետանց արտադրանքի վերադարձման եւ մակարոնեղենի ոչ այնքան բարձրորակ լինելու մասին լրագրողական հարցերը: Այդ առնչությամբ Արմինե Հովհաննիսյանը հայտնեց, որ իրենց 12 ֆիրմային խանութներից ժամկետանց արտադրանքը ետ է վերցվում, քանզի այդ խանութներում հնարավոր է հսկել եւ պարզել արտադրանքի ժամկետանց դառնալու պատճառները: Այդ դեպքում ապրանքն ակտավորվում եւ ոչնչացվում է: Ձեռնարկության գլխավոր տեխնոլոգը նշեց, որ չնչին քանակությամբ արտադրանք է արժանացել այդ ճակատագրին: Ինչ վերաբերում է մակարոնեղենին, ապա ընկերության տնօրենն ընդունեց, որ այս հարցում իրենք խնդիրներ ունեն: Դրանց հիմնական պատճառը սարքավորումների թերություններն են: Այդ արտադրամասը երկու ամսով կանգնեցվեց, սարքավորումները նորոգվեցին եւ, տնօրենի հավաստմամբ, այսուհետ այս ապրանքատեսակն ավելի լավը կլինի:

Անդրադառնալով «Գրանդ քենդիի» ձեռնարկելիք քայլերին, բացի տեսականու ընդլայնումից եւ նոր արտադրատեսակների թողարկումից, նշվեց նաեւ, որ ծրագրված է ավելացնել արտադրության ընդհանուր ծավալներըՙ 2001 թ. հասցնելով մինչեւ 5 հազար տոննայի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4