Ֆրանսիայի Ազգային ժողովի 2001 թ. հունվարի 18-ին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը հունվարի 29-ին վավերացվեց նախագահ Ժակ Շիրակի եւ վարչապետ Լիոնել Ժոսպենի կողմիցՙ ստանալով օրենքի ուժ: Սակայն, որպեսզի Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես Հոլոքոստի պարագայում է, անհրաժեշտ է եւս մեկ օրենքի ընդունում կամ արդեն ընդունվածի լրամշակում:
Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի տարածքում, համաձայն Գայսոյի օրենքի, այն քաղաքացիները, անկախ ազգությունից, սեռից, կրոնական կամ ռասայական պատկանելությունից, ովքեր հերքում են հրեական գազախցիկների փաստը, ենթարկվում են մինչեւ մեկ տարվա ազատազրկման:
Հայաստանի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք չի ընդունել, քանի որ դեռ 1990 թ. անկախության հռչակագրում նշվում է այդ մասին: Սակայն, մեր կարծիքով, անհրաժեշտ է եւ անհետաձգելի, որպեսզի ՀՀ ԱԺ-ն ընդունի օրենք, համաձայն որի Հայաստանի տարածքում Ցեղասպանության փաստն ուրացողները ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Դեռ Ֆրանսիայի նախագահը չէր վավերացրել Ազգային ժողովիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման նախօրոք ընդունած օրինագիծը, երբ հայկական մամուլում հրապարակվեցին հոդվածներ, որտեղ ծաղրուծանակի է ենթարկվում հայոց անմեղ զոհերի հիշատակըՙ ըստ էության հերքելով Ցեղասպանության փաստն իսկ: Նմանՙ ոչնչով չարդարացված արարքի դիմում է Սարոյան թարգմանող Շողեր Մաթեւոսյանը: Մենք մարդկայնորեն հասկանում ենք, որ «Մենք ենք, մեր սարերը» անզուգական ստեղծագործության հեղինակը ժամանակ չի ունեցել զբաղվելու դստեր դաստիարակությամբ: Ժամանակ, գուցե նաեւ համարձակություն չի ունեցել ամուսինը: Սակայն ամենեւին չի նշանակում, թե «կապը կտրած» Շողերն իրավունք ունի պղծելու 1,5 մլն անմեղ հայերի հիշատակը:
Թ. Հ.