Բարեփոխումների է ենթարկվել Սահմանադրության 114 հոդվածների շուրջ կեսը
Երեկ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Թոխյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք բարեփոխումների փաթեթն արդեն ամբողջացրել եւ ներկայացրել են նախագահ Քոչարյանին: «Աշխատանքի ընթացքում զերծ ենք մնացել քաղաքական մոտեցումներից: Չենք արել փոփոխություն փոփոխության համար, այլ բարեփոխել ենք նվազագույն միջամտության սկզբունքով: Ձեռք ենք տվել միայն այն կետերին, որոնց հնարավոր չէր ձեռք չտալ», նշեց Ֆ. Թոխյանը: Փոփոխվել է Սահմանադրության 114 հոդվածների շուրջ կեսը: Գործող Սահմանադրությունն, ըստ նրա, ընդունմանը հաջորդած հինգ տարիներին գոնե երկու անգամ ապացուցել է, որ հզոր իրավական ուժ ունի իր մեջ: Մասնավորապես 1998-ին երկրի նախագահի հրաժարականից եւ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամերը չվերածվեցին սահմանադրական ճգնաժամերի, եւ Սահմանադրությունն առաջադրեց ելքեր: Բայց իշխանության թեւերի տարանջատման ու հավասարակշռման խնդիրն, ինչպես նաեւ Եվրախորհրդի բազում կոնվենցիաներին եւ խարտիաներին մեր հիմնական օրենքի համապատասխանեցումը, հանձնաժողովի նախագահի համոզմամբ, պահանջում են լուրջ բարեփոխումներ:
Նախագահի սահմանադրական կարգավիճակը
Գործող Սահմանադրությամբ երկրի նախագահը չափազանց մոտ է գործադիր իշխանությանը, ինչ-որ տեղ կլանում է նրան, եւ հակասությունների դեպքում մշտապես պարտվում է կառավարությունը, բացատրում էր պրն Թոխյանը: «Առաջացավ խնդիր. շարունակենք նախագահին դիտել որպես գործադիր իշխանության ղեկավարի, թե՞ զուտ ազգային խորհրդանիշի, արբիտրի»:
Բարեփոխումներում հստակեցվում է նախագահի սահմանադրական կարգավիճակը, նշվում, որ վերջինս պետության գլուխն է: «Բայց նախագահին առավելագույնս հեռու ենք պահել գործադիր իշխանությունիցՙ անշուշտ չզրկելով բոլոր լծակներից: Վարչապետին ու կառավարությանը հնարավորինս ինքնուրույնություն ենք տվելՙ որպես երկրի գործադիր իշխանության իրագործողների եւ պատասխանատուների»:
Նախագահ-խորհրդարան փոխհարաբերությունները գործող Սահմանադրությամբ կառուցվում են միասնության սկզբունքովՙ հաշվարկով, որ միայն այդ դեպքում է հնարավոր երկրի զարգացում: «Բայց երբ նրանց միջեւ համաձայնություն չկա, հատկապես երբ չունենք ձեւավորված քաղաքական, կուսակցական համակարգ, նախագահ-ԱԺ փոխհարաբերությունները մեծ խնդիր են դառնում»: Պրն Թոխյանն անհիմն է համարում ԱԺ-ի բողոքները, թե սահմանափակ լիազորություն ունի, «միայն բյուջեի հաստատումն ի՜նչ արժե.»: Այլ խնդիր է, որ լիազորությունները չեն օգտագործվում: Այդ դեպքում նրանց ընդլայնումն անիմաստ է: «Մեր խնդիրը տվյալ դեպքում ոչ թե լիազորությունների ընդլայնումն է եղել, այլ ինքնուրույն գործունեության հնարավորության եւ իշխանության թեւերի հակակշռի ապահովումը»:
Վարչապետին կնշանակի նախագահը կամ ԱԺ-ն
Նախագահը պահպանում է վարչապետի նշանակման առաջնային իրավունքը: Բայց եթե ԱԺ-ն չհաստատի վարչապետի ծրագիրը, ապա տասնչորսօրյա ժամկետում ինքը պիտի առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Երկու շաբաթվա ընթացքում ԱԺ-իՙ թեկնածու չառաջադրելու դեպքում վարչապետի նշանակման էստաֆետը դարձյալ անցնում է նախագահին, որն անմիջապես ցրում է նաեւ խորհրդարանը:
Կատարյալ նորույթներ
Նորովի է լուծվել ՍԴ-ի կարգավիճակը, ընդլայնվում է նրան դիմող սուբյեկտների շրջանակը: ԵԽ-ի նորմերին է համաձայնեցվել տեղական ինքնակառավարման համակարգը: Վերացվել է մահապատիժըՙ բացառությամբ պատերազմի կամ դրա վտանգի դեպքերի:
Սա դեռեւս բարեփոխումների առաջարկությունների փաթեթ է, որ կանցնի նախագահի, ԱԺ-ի քննարկումով: Խորհրդարանի հաստատած տարբերակը միայն կդրվի հանրաքվեի, որը Ֆելիքս Թոխյանի կարծիքովՙ հավանաբար կկայանա 2002-ի առաջին ամիսներին:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ