Համոզված են հայ գիտնականները
Արեւմտյան տերությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերջին ծավալումներին զուգահեռ առավել քան երբեւէ ակտիվորեն շրջանառության մեջ մտավ հայ-թուրքական երկխոսության գաղափարը: Քաղաքական մակարդակում Թուրքիայի հետ երկխոսության պատրաստակամություն պաշտոնական Երեւանը հայտնել է միշտ: Միայն արտգործնախարար Վարդան Օսկանյանը քանիցս կոչել է Անկարային ոչ միայն ցեղասպանությանը, այլեւ երկու երկրներին ու տարածաշրջանին վերաբերող բազմաբնույթ հարցեր քննարկել: Ցեղասպանության խնդրի միջազգային ճանաչման առումով Վ. Օսկանյանը հայտարարել էր. «Որքան Հայոց ցեղասպանության մասին շատ խոսվի, այնքան Անկարան հեշտ կհամակերպվի պատմության պարտքի հետ»: Անկարան, սակայն, վայնասունային հակաքայլերի սպառնալիքով հանդես եկավ եվրոպական պետություններիՙ մասնավորապես Ֆրանսիայի դեմ:
Իսկ Հայաստանի համար շրջանառության մեջ դրեց հայ-թուրքական գիտական երկխոսության միտքըՙ մի կողմ թողնելով պաշտոնական Երեւանիՙ երկխոսության պատրաստակամության հայտարարությունները: (Հայ եւ թուրք պատմաբանների շփումների նախադեպեր եղել են եվրոպական երկրներում, նաեւ ցեղասպանության 80-ամյակի միջոցառումներին Երեւանում են եղել որոշ թուրք գիտնականներ):
Հայաստանի գիտական շրջանակներում երկխոսության առաջարկը, որ այստեղ ուղեկցվեց նաեւ օսմանյան արխիվների բացման հնարավոր հեռանկարի մասին խոսակցություններով, միանշանակ չի ընդունվում: Այսպես, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը համոզված է, թե չպիտի խուսափենք թուրքերի հետ գիտական երկխոսությունից: Սակայն ցեղասպանությամբ զբաղվող պատմաբանների գերակշիռ մասը թե՚ հայ-թուրքական գիտական երկխոսությունը, թե՚ թուրքական արխիվների մատչելիության հեռանկարը քաղաքական ծուղակ են համարում: Նախ, նրանք պնդում են, թե օսմանյան արխիվները հայ գիտնականների առջեւ բացելու խնդիր դնելը սկզբունքային սխալ է, քանզի մենք պետք չունենք ապացուցելու 1915-ի ցեղասպանության իսկությունը: Բացի այդ թուրքական արխիվները «լվացվել» են: «Մեր շատ մասնագետներ թուրքական արխիվների մասին խոսելիս եվրոպական տիպի արխիվ են պատկերացնում: Իրականում դրանց նյութերը նույնիսկ պարզ դասակարգված չեն, ինչը տեխնիկապես անհնար է դարձնում արդյունավետ աշխատելը: Չմոռանանք նաեւ, որ ցեղասպանության վերաբերյալ հրահանգների մեծ մասը տրվել է բանավոր, եղած նյութերն էլ ժամանակին ոչնչացվել են», հավաստեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի թուրքական բաժնի վարիչ Ռուբեն Սաֆարյանը:
Եթե արխիվներում աշխատելու անհրաժեշտություն էլ կա, ըստ հայ գիտնականների, ապա գուցե թուրք գիտնականների համար: «Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նյութեր կան եվրոպական եւ ամերիկյան արխիվներում, որոնց դռները մշտապես բաց են եղել Թուրքիայի առաջ», նշեց պատմական գիտությունների դոկտոր Նորայր Սարուխանյանը:
Նույն տրամաբանությամբ էլ մեր գիտնականներն անիմաստ են համարում բուն երկխոսությունը թուրքերի հետ, քանզի դա ի սկզբանե քաղաքականացված նախաձեռնություն է վերջիններիս կողմից: Այլ խնդիր է գիտական քննարկման նստել թուրք պատմաբանների հետ, երբ նրանք էլ ունենան մեկնակետ, որ ցեղասպանությունն անհերքելի փաստ է:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ