«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ՎՏԱՆԳԱՎՈՐ Է... ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Ո՞ւմ զուռնան է փչում «Նոր կեանք» շաբաթաթերթը

Ուշացումով ձեռքս անցավ Գլենդեյլում լույս տեսնող «Նոր կեանք» շաբաթաթերթի անցյալ տարեվերջի 49-րդ համարը: Սփյուռքի հայատառ մամուլի հանդեպ, անկախ կուսակցականությունից, միշտ մի ներքին խանդաղատանք եմ ունեցել, եւ այս անգամ էլ այդպիսի զգացումով սկսեցի ընթերցանությունս: Ավա՜ղ, առաջին իսկ էջից, առաջին իսկ տողերից ծանր մի հիասթափություն ապրեցի:

Այս թերթը, դատելով հենց թեկուզ այս մեկ համարի այլազան հրապարակումներից, ստանձնել է մայր հայրենիքն ու առնվազն նրա ներկա իշխանություններին վարկաբեկելու, սեւացնելու, հայաստանյան իրականությունը ամենամռայլ գույներով ներկայացնելու ամոթալի «առաքելությունը»: Ի՞նչ պիտի մտածի «Նոր կեանքի» ընթերցողը հայրենիքի, Հայաստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա մասին, եթե միամտություն ունենա հավատալու այս թերթի քարոզչությանը: Պիտի հոգու մեջ վա՞ռ պահի երբեւէ հայրենիք վերադառնալու փափագը: Պիտի խղճի պա՞րտք համարի հեռվից-հեռու սատար կանգնելու դժվարին օրեր ապրող մայր երկրին ու ժողովրդին: Բնավ: Ըստ թերթիՙ Հայաստանի Հանրապետությունն ապագա չունեցող, պատմության թատերաբեմից ահա-ահա իջնելու դատապարտված, արյունռուշտ ղեկավարներով կառավարվող, համատարած թշվառության, ապականության եւ հազար ու մի մեղքերի մեջ թաղված սոդոմ-գոմոր է, որին միայն Աստծո բաբելական կրակն է պակասումՙ աշխարհի երեսից «արդարացիորեն» ջնջվելու համար: Էլ ինչո՞ւ սիրել նման մի հայրենիք, էլ ինչո՞ւ երազել երբեւէ կրկին Հայաստան վերադառնալու մասին, ինչո՞ւ սատարել այդպիսի «բարբարոս» մի պետության: Ա՚յս է թերթի հրապարակումների թաքուն ենթատեքստը, եւ սա՚ է, որ չափազանց ցավալի ու հիասթափեցնող է: Ակամա մտածում եսՙ ո՞վ է պատվիրատուն, ո՞ւմ զուռնան է փչում «Նոր կեանքը», ի՞նչ նպատակով: Նույնիսկ թուրքական մամուլում հազվադեպ կարելի է հանդիպել այսչափ մաղձի, կիսաճշմարտությամբ շաղախված այսչափ կեղծիքի, այսքան անթաքույց հակահայ հարձակումների:

Մերկապարանոց չլինելու համար վկայակոչենք «Նոր կեանքի» հիշյալ համարի «Լքուող, ընկղմուող երկիր մը» (Հայաստան) հրապարակումը, որ Թորգոմ Փոսթաճեանի կողմնակալ գրչի եւ աղավաղված պատկերացումների արգասիքն է: Նյութ քաղելով ամերիկյան «Business Week» շաբաթաթերթի նմանատիպ վերնագրով մի հրապարակումից եւ հալած յուղի տեղ ընդունելով Patrick Smit անվամբ ոմն թղթակցի բոլոր ամբաստանությունները, պարոն Թորգոմ Փոսթաճեանը գծում է Հայաստանի ներկա վիճակի հուսահատեցնող պատկերըՙ «Գործարանները փակուած են, կը տիրէ համատարած անգործութիւն եւ անօթութիւն», ժողովրդի «կէսէն աւելին հեռացած է երկրէն վերջին քանի մը տարիներու ընթացքին», «եթէ Ղարաբաղի համար նոր պատերազմ մը սկսի Հայաստանի եւ Ադրպէյճանի միջեւ, կասկածելի է, որ Հայաստան ի վիճակի ըլլայ պաշտպանելու իր երկիրը եւ Ղարաբաղը» եւ այլն, եւ այլն: Եվ ամենակարեւորըՙ «Մեր հայրենիքը այս աղէտալի եւ ողբալի վիճակին հասցուցին Հայաստանի ներկայ իշխանութիւնները»: Չարիքների չարիքը եւ աղետների աղետն են ներկա իշխանություններըՙ ահա պարոնի մեկնակետը: Ինչպես նաեւՙ կարոտը առ նախորդ իշխանությունները, մանավանդ առ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս վատ թաքնված կարոտը մի տեղ, այնուամենայնիվ, պոռթկում է. «Ո՞ւր են այն պոռոտախօս Պարոյր Հայրիկեանները, Վազգէն Մանուկեանները եւ իրենց մունետիկները, որոնք Հայաստանի եւ Սփիւռքի կարեւոր տարածքներու վրայ, օրն ի բուն ցոյցեր կը կազմակերպէին նախկին նախագահՙ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ այն ատենուան պետական իշխանութեանց դէմ, իսկ հիմա դարձեր ենՙ պապանձումն Զաքարեայի»: Քիչ ավելի ցածում պարոնը ըմբոստանում է, թե ինչու «նախագահ Քոչարեան մէկ քանի ամիսներ առաջ ապշեցուցիչ փութաջանութեամբ փնտռտուքի ելաւՙ գործի լծելով միջազգային ոստիկանական ջոկատներ (Interpol), գտնելու եւ պատժելու Վանօ Սիրադեղեանը»:

Այստեղ է թաքնված շան գլուխը, այստեղից է բխում հոդվածագրի անհուն ատելությունը առ ներկայիս նախագահն ու ներկա իշխանությունները, քանզի նրանքՙ «Ռոպերթ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան», վճռորոշ դեր են խաղացել «այն ատենուան պետական իշխանութեանց» հեռանալու գործում: Պարոն Թորգոմ Փոսթաճեանի (անշուշտ, նաեւ նրա պատվիրատուների) աչքում սա աններելի հանցանք, անպատմելի ոճիր էր: Ահա եւ ամեն տեսակ լուտանքներ է թափումՙ ձեռքի հետ «ոչնչացնելով» նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Բայց գիտի՞ արդյոք պարոնը, որ եթե կա մի բան, որի համար հայրենի ժողովուրդը, այնուամենայնիվ, երախտապարտ է ու երախտապարտ պիտի մնա Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հենց այն է, որ նրանք, եղերահիշատակ Վազգեն Սարգսյանի հետ միասին, իսկապես վճռորոշ դեր խաղացին նախորդ ռեժիմի անարյուն հեռանալու գործում: Որովհետեւ այդ ռեժիմը, մանավանդ Վազգեն Սարգսյանի ղեկավարած բանակի աջակցությունը ունենալու դեպքում չէր վարանի հայրենի ժողովրդի արյունը ոթելուց, միայն թե պահեր իշխանությունը (1996-ի սեպտեմբերը մոռացա՞նք): Այդ ռեժիմը, կամա թե ակամա, պատճառ էր դարձել մեր գլխին թափված այն բոլոր աղետների, որոնք այդքան զգայացունց շեշտադրումներով թվարկում է Թորգոմ Փոսթաճեանը իր հոդվածումՙ ամեն ինչ նենգամտորեն հասցեագրելով «ներկայ իշխանութեանց»:

Չգիտի՞ պարոնը, որ Հայաստանի գործարաններն «այսօր փակուած են», որովհետեւ այդ բոլոր գործարանները ջրի գնով սեփականաշնորհեցին, թալանեցին եւ աշխատողներին փողոց նետեցին հենց նախորդ իշխանություններըՙ իրենց ռեժիմի հաստատման պահից սկսած մինչեւ անփառունակ հեռանալը, ամբողջ յոթ մղձավանջային տարի: Չգիտե՞, որ Հայաստանի հայաթափումը սկսվեց եւ ահագնացավ նույն այդ յոթ տարիներին, երբ «այն ատենուան իշխանութիւնները» գիտակցաբար, ընդգծում եմՙ գիտակցաբա՚ր, մայր ժողովրդին տեւականորեն զրկեցին էլեկտրականությունիցՙ դատապարտելով խավարի ու ցրտի, մինչդեռ հետագայում պարզվեց, որ այն ժամանակ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով գազ ու մազութ ներկրելու անվան տակ մի քանի հարյուր միլիոն դոլարի յուրացումներ են կատարվել: Չգիտի՞ պարոնը, որ եթե Հայաստանի բանակի մարտունակությունն այսօր էլ բարձր չլիներ, Ադրբեջանը չէր վարանի նոր պատերազմ սանձազերծել մեր դեմ: Չգիտի՞, թե՞ չգիտենալ է ձեւանում, որ հայրենի ժողովուրդը դատափետում է նույն Ռոբերտ Քոչարյանինՙ Վանո Սիրադեղյանի փախուստը չկանխելու եւ նույնիսկՙ դրանից տեղյակ լինելու կասկածանքով:

Ամենեւին չէի ցանկանա Ռոբերտ Քոչարյանի, նրա վարչակազմի փաստաբանի դերն ստանձնել: Նախագահ Քոչարյանը, նրա վարչակազմը, Հայաստանի ներկա իշխանությունները իսկապես շատ մեծ մեղքեր ունեն եւ շատ սխալներ են գործել: Բայց ամենամեծ մեղքն այն է, որ նրանք բավարար կամք ու վճռականություն չունեցանՙ իսպառ արմատախիլ անելու «այն ատենուան իշխանութեանց» ցանած թունավոր սերմերը, շատ դեպքերում գնացին ու շարունակում են գնալ նախորդների ճանապարհով: Եթե հայրենի ժողովուրդն այսօր նկատելիորեն հիասթափված է Ռոբերտ Քոչարյանից ու նրա վարչակազմիցՙ նախ եւ առաջ ա՚յդ պատճառով, այն մեղադրանքով, որ վերջին երեք տարիներին «ոչինչ չի փոխվել»: Չակերտներ եմ դրել, որովհետեւ որոշ բաներ, այնուամենայնիվ, փոխվել են: Ներկա իշխանությունները, թեեւ դանդաղ, բայց գոնե ձգտում են վերագործարկել մեր երբեմնի արդյունաբերական հսկաները: Այժմ, թեկուզեւ նախկին հզորությունների շատ փոքր չափով, աշխատում են «Նաիրիտը», ալյումինի եւ էլեկտրալամպերի գործարանները, լեռնամետալուրգիական կոմբինատը, Վանաձորի քիմիական ձեռնարկությունները եւ այլն: Քիչ է, շատ քիչ, բայց արդյոք այս իշխանություններն ազատ գործելու շա՞տ ժամանակ ունեցան: 1999-ի հոկտեմբերի 27-ի անպարագիծ ոճիրը ցնցեց մեր երկիրը, մեզանից վանեց արտասահմանյան ներդնողներին, խորացրեց անվստահությունը Հայաստանի հանդեպ, հիասթափեցրեց ժողովրդին թե՚ ներսում, թե՚ դրսում: Ո՞վ էր կազմակերպել այդ ոճիրըՙ մի հարց է, որն իր պատասխանը դեռ չի ստացել: Վարկածները շատ-շատ են: Եվ դրանց մեջ չի կարելի բացառել եւս մեկըՙ նախկին իշխանավորների ատելությունը Վազգեն Սարգսյանի հանդեպՙ վերը նշածս պատճառով: Բայց այս եւ բազմաթիվ այլ վարկածները առ ոչինչ համարելով, պարոնն իրեն իրավունք է վերապահում գրելու. «Հոկտեմբերի 27-ի ոճիրներուն հեղինակները ծանօթ են բոլորին: Ոճիրին հետ կապուած եւ ամբաստանուած շարք մը մեղադրեալներ, վերջին վեց ամիսներու ընթացքին ազատ արձակուեցան նախագահ Քոչարեանի կարգադրութեամբ... Հակառակ սփիւռքեան թերթերու բուռն պահանջքին, որ բաց դատավարութիւն մը տեղի ունենայ, որպէսզի յայտնուին ոճրագործները եւ ոճիրը կազմակերպողները, նախագահ Քոչարեան կը մնայ լուռ եւ անտարբեր»: Հիմք ընդունելով «Հայաստանէն հասած «վրիժառուներու» խմբագրած հաղորդագրութիւնը», հոդվածագիրը աներեր մատնանշում է. «Հոկտեմբեր 27-ի դաւադիր սպանութեանց «պատուէր տուողները» եղած են երեք հոգիՙ Սերժ Սարգսեան, Ռոպերթ Քոչարեան եւ Հրանդ Մարգարեան»: Անբեկանելի՜ դատավճիռն արձակված է:

Ինչպիսի՜ «խորաթափանցություն» եւ փութկոտություն: Դատը դեռ չի սկսվել, իսկ պարոնը շտապում է վերջնական «վճիռ» արձակել «պատուէր տուողների» մասին: Ի դեպ, հակառակ իր ամբաստանության, բաց դատաքննությունը նշանակված է փետրվարի 15-ին, եւ Հայաստանում ոչ ոք երբեւէ չի էլ կասկածել, թե դա լինելու է հենց բաց դատավարություն, ուստիեւ «հակառակ սփիւռքեան թերթերու բուռն պահանջքին»ՙ նման անիմաստ պահանջով երբեք հանդես չի եկել: Ինչ վերաբերում է «ոճիրին հետ կապուած եւ ամբաստանուած շարք մը մեղադրեալներու» ազատ արձակմանը, ապա ո՞վ է պարոնին իրավունք վերապահելՙ առանց դատարանի վճռի , առանց ապացույցներիՙ այդ մարդկանց համարելու նման հրեշավոր հանցանքի մեղսակիցներ: Իսկ եթե վաղը դատարանում պարզվի, որ նախաքննությունը սխալվե՞լ է կամ, միգուցե, ինչ-ինչ ուժերի թելադրանքով դիտավորյալ գնացել է սխալ ճանապարհո՞վ: Եթե պարզվի, որ այդ մարդիկ իրոք անմեղ էին եւ հանիրավի ամբաստանվել էին, որպեսզի այս կերպ «մեջ քաշեն» նաեւ նախագահի՞ն: Եթե պարզվի, որ դա նախագահի դեմ ուղղված հրեշավոր դավադրությո՞ւն էր: Ի՞նչ գույն են ստանալու բոլոր նրանք, ներսում թե դրսում, ովքեր այս կերպ փորձում էին հաշիվ մաքրել նախագահի հետ: Կարելի՞ է նման հնարավորությունը բացառել: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ո՚չ: Միանգամայն արժանահավատ վարկած է նաեւ այն, որ իսկական մարդասպանները («պատուէր տուողները») գուցե հենց այն մարդկանց մեջ են, ովքեր այս ամբողջ ընթացքում չքմեղանալու համար իրենք էին գոռում ոճիրի կազմակերպիչներին բացահայտելու անհրաժեշտության մասին, ընդսմին թաքուն ակնարկելով... նախագահին ու նրա շրջապատը: Ինչո՞ւ ժամանակից շուտ բեռ վերցնել խղճին: Շատ ժամանակ չի մնացել, սպասենք դատին: Սա այն դեպքը չէ, որ հնարավոր լինի որեւէ բան կոծկել: Հայ ժողովուրդն այդ թույլ չի տա: Ով էլ լինի կազմակերպողը, նախագահ, թե նախագահի թշնամի, չի կարող խույս տալ պատասխանատվությունից: Ոճիրի անմիջական կատարողները ողջ են եւ, ի գիտություն պարոն Թորգոմ Փոսթաճեանի, ողջ են առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, այն սարսափելի օրը նրա դրսեւորած վարքագծի շնորհիվ:

«Նոր կեանքի» հոդվածագրին կուզենայի ասել նաեւ, որ Հայաստանի մասին նրա ունեցած տեղեկությունները առնված են ծուռ հայելուց, քանզի ինտերնետ ցանցի միջոցով սփյուռքը կարդում է ամենեւին էլ ոչ մեր ամենաօբյեկտիվ թերթերը: Եթե Հայաստանում վախի այնպիսի համատարած մթնոլորտ լիներ, ինչպիսին նկարագրում է պարոն Փոսթաճեանը իր պասկվիլում, ապա մեզանում այդպիսի թերթեր չէին լինի եւ դեռ ինտերնետ ցանց էլ չէին մտնի: Համենայն դեպս, նախորդ ռեժիմն ընդդիմադիր թերթերը փակելու եւ խմբագրությունները ջախջախելու «հարուստ» փորձ էր կուտակել, որից ներկա իշխանությունները, փառք Աստծո, ձեռնպահ են մնում օգտվելուց:

Կրկնում եմՙ ամենեւին հիացած չեմ ներկա իշխանություններով (եւ արդյոք կարո՞ղ է լինել հիացմունքի արժանի որեւէ իշխանություն), բայց վերջիվերջո հպարտ եմ, որ Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Հպարտ եմ, որ հայրենի պետությունը իր արտաքին քաղաքականության անկյունաքարն է դարձրել Հայ դատի հետապնդումը եւ այդ ուղղությամբ լուրջ հաջողություններ է արձանագրում միջազգային ասպարեզում: Իսկ այդ նվաճումները, սիրես-չսիրես, ներկա իշխանությունների օրոք են ձեռք բերվել: Եվ դրանք նախ եւ առաջ մեր պետության, մեր ողջ ժողովրդի, մեր հայրենիքի հաղթանակն են: Հանցագործություն է հայրենիքը, հայրենի պետությունը տվյալ պահի նրա իշխանությունների հետ նույնացնելը, հայրենիքին ու հայրենի պետությանը նրա իշխանությունների հանդեպ ունեցած սիրո կամ ատելության պրիզմայով նայելը: Ցանկացած իշխանության հանդեպ, հին թե նոր, կույր սերն ու կույր ատելությունը հավասարաչափ վտանգավոր են հե՚նց իշխանությունների բարոյական առողջության եւ դրանով իսկՙ հայրենիքի, հայրենի պետության համար:

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4