«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԱՀՄԱԴԱԲԱԴ ՔԱՂԱՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) արագ արձագանքման խմբի պատվիրակությունը փետրվարի 3-ին ժամանել է Բոմբեյ եւ ջերմ ընդունելության արժանացել հնդիկ բնակչության կողմից: Ինչպես փետրվարի 6-ի մամլո ասուլիսին հայտնեց ՍՊԱԾ տնօրեն Սերգեյ Բալասանյանը, հնդկական կողմի խնդրանքով հայկական կազմավորումը մեկնել է աղետից ամենից շատ տուժած Ահմադաբադ քաղաքը:

ՍՊԱԾ 18 հոգանոց պատվիրակությունը Հնդկաստան է մեկնել 15 օրովՙ ցուցաբերելու գիտա-տեխնիկական օժանդակություն: Ծառայության հյուսիսային բաժանմունքի պետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանի գլխավորած պատվիրակությունը բաղկացած է սեյսմոլոգներից, ինժեներ-շինարարներից, բժիշկներից, հոգեբաններից, երկրաբաններից, փրկարարներից: Խմբի նպատակն է ընթացիկ եւ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատումը աղետի գոտու վերականգնման նպատակով, շենքերի եւ կառույցների վնասվածքների գնահատումը հետագա վերականգնողական աշխատանքների կազմակերպման նպատակով, ինչպես նաեւ ուժեղ հետցնցումների կանխատեսումն ու բժշկական եւ հոգեբանական օգնությունը: Պատվիրակությունն իր հետ տարել է նաեւ առաջին բուժօգնության միջոցներՙ 200 կգ ընդհանուր կշռով:

«Նոյյան տապանի» թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանում 1988-ի երկրաշարժից հետո սեյսմիկ վտանգին ադեկվա՞տ շինարարություն է ընթանում, Սերգեյ Բալասանյանը պատասխանեց, որ աղետի գոտումՙ այո, իսկ այլ վայրերումՙ ոչ: Նա դա պայմանավորեց այն հանգամանքով, որ աղետի գոտում շինարարության համար ներդրումներ են անում միջազգային կազմակերպությունները, որոնք եւ խիստ վերահսկում են, որպեսզի շինարարությունն ընթանա միջազգային նորմերին համապատասխան: ՍՊԱԾ տնօրենը միաժամանակ գոհունակությամբ նշեց, որ երկու տարի առաջ Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը վերջապես հաստատել է քաղաքաշինական նոր եւ խիստ նորմեր, որոնք լրիվ համապատասխանում են միջազգային նորմերին: Միաժամանակ, Սերգեյ Բալասանյանը գտնում է, որ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը պետք է վերահսկողություն իրականացնի այդ բնագավառում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4