ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 2-ից մեկշաբաթյա այցով Ֆրանսիայում է գտնվում ԼՂՀ պատվիրակությունըՙ վարչապետ Անուշավան Դանիելյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը:
Ինչպես հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ից, ժամանման օրը Ա. Դանիելյանը եւ Ս. Թեւոսյանը Փարիզում հանդիպումներ են ունեցել ֆրանսիացի եւ ֆրանսահայ 25 գործարարների հետ: ԼՂՀ վարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի տնտեսական կացությունը, հարկային համակարգը եւ ոլորտում անցկացված բարեփոխումները, արտասահմանյան ներդրումների համար կառավարության կողմից ստեղծված բարենպաստ պայմանները: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել ԼՂ տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու, մասնավորապես, հիդոէլեկտրաէներգիայի, մսամթերքների արտադրության եւ այլ ոլորտների նկատմամբ: Այս հարցերն ավելի հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնավոր հանդիպումներ ունենալ Ֆրանսիայում ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը մամուլի ասուլիս է անցկացրել Ֆրանսիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնականում արծարծվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, փախստականների վերադարձին եւ հանրապետության հետպատերազմյան վերականգնմանը վերաբերող հարցեր:
Նույն օրը երեկոյան ԼՂՀ պատվիրակությանն ընդունել է Իսի-Լե-Մուլինո քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին, որի հետ քննարկվել են քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ համագործակցություն հաստատելու հնարավորությունները: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը ԼՂՀ վարչապետին է հանձնել Իսի-Լե-Մուլինոյի պատվո շքանշան:
Փետրվարի 3-ին ԼՂ պատվիրակության անդամները հանդես են եկել տեղի հայկական ռադիոյովՙ ունկնդիրներին ներկայացնելով ԼՂ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, հասարակության ժողովրդավարացման եւ օրինականության ու կարգուկանոնի հաստատման գործընթացը: