Շնորհալիների «Իզաբել» կենտրոնը ստեղծվել է 1993 թ.-ին, Մարիետա Ավագյանի տնօրինությամբ: Այսօր կենտրոն են հաճախում 200-ից ավելի 7-17 տարեկան շնորհալի երեխաներՙ պարի, երգի, ասմունքի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի, փողային եւ ժողգործիքների դասարաններում սովորելու:
Նրանց առաջին համերգը տեղի է ունեցել 1994 թ.-ի հուլիսի 5-ին, Հայֆիլհարմոնիայի դահլիճումՙ նվիրված կենտրոնի ստեղծման տարեդարձին:
Կենտրոնի մասին կա գիրք եւ 3 ֆիլմ: Առաջիկայում լույս կտեսնի 2-րդ գիրքը եւ նոր ֆիլմը:
Կենտրոնի աշխատանքներին աջակցում են կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը եւ Երվանդ Երզնկյանը, կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ռոզա Թանդիլյանը, Արզաս Ոսկանյանը, Նորայր Ժամհարյանը...
«Իզաբելը» համերգներով ելույթ է ունեցել Սիրիայում, Վրաստանում, Հունաստանում, Կիպրոսում եւ Եգիպտոսումՙ արժանանալով մրցանակների:
Այս տարի անցկացվում է «Իզաբելի» 5-րդ հանրապետական փառատոնը, որի դափնեկիրները հնարավորություն կունենան մասնակցելու «Աշխարհի երեխաները Հայաստանում» միջազգային փառատոնինՙ նվիրված քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Այն կազմակերպվել է արտաքին գործերի նախարարության եւ կոնսերվատորիայի աջակցությամբ: Փառատոնի կազմկոմիտեի նախագահն է արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանը:
ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ