«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2001-02-03 | #21, 2001-02-06 | #22, 2001-02-07


ԴԱԼԻԻ ՓՈՐԱԳՐԱՆԿԱՐՆԵՐԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄՙ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Լոս Անջելեսի «Արմինյն օբզերվր» հայկական անգլիատառ օրաթերթը հաղորդում է, որ դեկտեմբերին առաջին անգամ Պիեռ Արգիյեի արվեստի գործերի հարուստ հավաքածուից Սալվադոր Դալիին պատկանող 65 փորագրանկարներ ցուցադրվել են ՀԲԸՄ- ի Փասադենայի մասնաճյուղի Բոյաջյան պատկերասրահումՙ նախաձեռնությամբ Թեքեյան մշակութային միության:

Պիեռ Արգիյեն ճանաչված է որպես ֆուտուրիստական, դադաիստական եւ սյուրռեալիստական արվեստի գործերի մոլեռանդ հավաքող: Նա մոտիկից ծանոթ է եղել 20-րդ դարի մեծագույն արվեստագետների հետ: 1930-ին, քսան տարեկանում մեծապես տպավորվել է սյուրռեալիզմի ռահվիրաներից ֆրանսիացի բանաստեղծ Լոտրեամոնի «Մոլդորորի երգերը» լիրիկական արձակով, որից հետո անցել է հոգեկան բավարարվածության մի երկար ուղի ֆրանսիացի Արթուր Ռեմբոյի, իտալացի ֆուտուրիստ Ֆիլիպո Տոմազո Մարինետիի, սյուրռեալիզմի հիմնադիր Անդրե Բրետոնի, ռումինացի բանաստեղծ Թրիսթան Ցարայի եւ իտալացի նկարիչ Ջորջիո Չիրիկոյի ուղեկցությամբ: Դյուշամին եւ Ժան Արպին ճանաչելուց հետո մեծապես տարվել է Դալիով, որի հետ երկարատեւ ընկերությունը ընդմիջվել է միայն նկարչի մահվամբՙ 1989-ին:

Բախտի թե ճակատագրի բերումով Դալիի «Ցնորական տեսիլքները» սկիզբն են նկարչի եւ հրատարակչի երկարատեւ եւ արգասավոր համագործակցության: Նրանք միասնաբար հանրությանն են ներկայացնում մոտ 200 փորագրանկարներ, որոնցից հիշատակման են արժանի «Դիցաբանությունը» (16 կտավ), «Քրիստոսը», «Սբ. Աննան» եւ «Թովչանքը»: 1966-ին Դալին վերստեղծել է Պիկասոյի «Ցլամարտի» սերիայի կտավներըՙ դրանց տալով իրեն հատուկ կիսազարհուրելի, կիսակատակերգական մեկնաբանություն: 1968-ին Դալին նկարազարդում է Ֆաուստի «Ուոլբուրգիսի գիշերները» (21 նկար)ՙ որպես փորագրության գործիքներ օգտագործելով սուտակն ու ադամանդը: Դրան հետեւում են Ռոնսարի «Պոեմները» (18 նկար) եւ Ապոլիների ստեղծագործությունները (18 նկար): 1969- ին Դալին ստեղծում է «Վեներան մուշտակների մեջ» 20 նկարների շարքըՙ ավստրիացի նովելիստ Սաշե Մազոխի գործերի հիման վրա:

Պիեռ Արգիյեի հավաքածուն որակական իր բարձրագույն հատկանիշներով շրջագայել է աշխարհի մեծագույնՙ Ռոտերդամի Բոյմանզ (1971), Մոսկվայի Պուշկինի (1988), Սանկտ Պետերբուրգի Ռեյնոլդս-Մորս հիմնարկության, Ցյուրիխի Կունստհաուս, Շտուտգարդտի Շտատգալերի (1989), Տոկիոյի Իզեթան եւ այլ թանգարաններում: Իսկ հավաքածուի մշտական հասցեն Մելունի (Ֆրանսիա) «Սյուրռեալիզմի» եւ Ֆիգուերասի (Իսպանիա) «Դալի» թանգարաններն են:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4