Անցած շաբաթ օրը Վանաձորի սպայի տան ճեմասրահում բացվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարի 26-ամյակին եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման ճանապարհին նահատակված հայորդիներին նվիրված նյութերի ու լուսանկարների ցուցահանդեսը, որը կգործի մշտապես: Այն կազմակերպել են Հայկական ժողովրդային շարժման Հայաստանի ներկայացուցչությունը եւ 3-րդ բանակային կորպուսի սպայական կազմը: Բացման խոսք ասաց ներկայացուցչության ղեկավար Վազգեն Պետրոսյանը: Ողջույնի խոսք ասաց նաեւ Վանաձորի զինվորական ոստիկանության պետ Կամո Հովհաննիսյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԱՍԱԼԱ-ի վետերան մարտիկներ, նախկին բանտարկյալներ, հանրահայտ «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Սիմոն Նաիրյանը եւ Գեւորգ Գյոզալյանը: Նրանք տարբեր տարիներին իրականացված գործողությունների ժամանակ վիրավորվել են, երկար տարիներ անցկացրել բանտերում: Գեւորգ Գյոզալյանն արցախյան պատերազմի ժամանակ եղել է Վանաձորի «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատարը, մասնակցել մեր պատմական հայրենիքի այդ մասի ազգային ազատագրական մարտերին:
Մեր այն հարցին, թե այժմ գոյություն ունի՞ արդյոք ԱՍԱԼԱ-ն, Վազգեն Պետրոսյանը պատասխանեց.
- ԱՍԱԼԱ-ն միշտ էլ եղել է ու կլինի, քանի դեռ չի ազատագրվել Արեւմտյան Հայաստանը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ