«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՍԵՆԵԳԱԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԳԵՐԵԶՄԱՆՈ՞Ց

Պարզվում էՙ նախորդ կառավարություններից մեկի արտաքին առեւտրի նախարար Եսայի Ստեփանյանից հետո ներկա արտադրական ենթակառուցվածքների համակարգող նախարար Դավիթ Զադոյանը հայկական նավատորմի լավագույն գիտակն է, քանի որ խորհրդարանում երեկ ներկա պատգամավորներից, կառավարության անդամներից ու լրագրողներից նա միակն էր, որ «ծովից ծով» Հայաստանի, ինչպես պարզվեց տխրահռչակ նավատորմից (կազմված ընդամենը երկու հին ձկնորսական նավերից) պատմությանը տեղյակ էր: Նրանից պարզեցինք, որ «նավերն այն ժամանակ գտնվում էին սննդի նախարարության կազմում: Նավերից մեկը խորտակվել է Սենեգալում, մյուսըՙ չեմ հիշում, թե որտեղ վարձակալության էինք տվել Կալինինգրադի ինչ- որ գործակալության միջոցով: Եթե չեմ սխալվում այդ նավը եւս հայտնվել էր Սենեգալում, հետո, ինչպես պարզվեց, վերադարձնելու համար երեք անգամ ավելի թանկ գումար էր անհրաժեշտ, քան ինքըՙ նավն արժեր»: Պարզվում է նաեւ, որ այս հարցով հարուցվել է քրեական գործ, որը մինչեւ այսօր այդպես էլ բաց է մնացել:

Ափսոս, եթե գումարները բավականացնեին, հայրենիք կբերվեր միակ նավը սեփական օվկիանոսներում եւ ծովերում նավարկելու համար:

Վերջում տեղեկացնենք պրն Զադոյանին, որ «Ազգի» մշտական ընթերցողները այդ մասին վաղուց գիտեն, իսկ որպես հավելում մեր կողմից նշենք, որ նավերից մեկը կոչվել է «Մուշ», մյուսըՙ «Վան»:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4