«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

ՀՀ պետական եկամուտների նախարարության օպերատիվ-հետախուզական վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոգելից խմիչքի արտադրության եւ իրացման ոլորտում հայտնաբերվել են խախտման մի շարք դեպքեր: Մասնավորապես, Աբովյանում գործող «Գ.Մ.Ա. ընկերներ» ՍՊԸ-ն զբաղվել է օղու ապօրինի արտադրությամբ, քանի որ 2000 թ. սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել գյուղատնտեսության նախարարության 1999 թ. այդ ընկերությանը տրամադրած լիցենզիան: Ընկերությունը վաճառել է առանց ակցիզային դրոշմանիշների օղի, իսկ մեկ լիտր տարողությամբ օղու շշերը դրոշմավորել 0,5 լիտր տարողության համար նախատեսված ակցիզային դրոշմանիշներով: Փետրվարի 6-ին «Գ.Մ.Ա. ընկերներ» ՍՊԸ-ից առգրավվել է 6359 շիշ տարբեր տեսակի եւ տարողության օղի, որից 1979 շիշըՙ առանց ակցիզային դրոշմանիշների, 4380-ըՙ կրկնակի օգտագործված դրոշմանիշներով:

Պարզվել է նաեւ, որ օղու արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերությունՙ «Ղարիբ» ՍՊԸ-ն, իր արտադրանքը դրոշմավորել է ապօրինի ճանապարհով ձեռք բերած եւ արդեն մեկ անգամ օգտագործված ակցիզային դրոշմանիշներով եւ իրացրել առեւտրի մեծածախ կետերում: Հայտնաբերվել է 732 շիշ այդպիսի օղի:

Ապարանի բնակիչ Վարդան Հովսեփյանն առանց պետական գրանցման եւ լիցենզիայի տնային պայմաններում զբաղվել է օղու արտադրությամբ: Վարդան Հովսեփյանի տանը հայտնաբերվել եւ առգրավվել է 110 շիշ եւ 40 լիտր օղի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված «Ուրախաչ» արտադրական կոոպերատիվը Հայաստանում զբաղվել է ոգելից խմիչքի շշալցմամբ եւ իրացմամբՙ չունենալով համապատասխան լիցենզիա: Ընկերությունը տարածքային հարկային տեսչությունում չգրանցված առաքման կետից անցած տարվա նոյեմբերից այս տարվա հունվարն ընկած ժամանակահատվածում իրացրել է «Գանձասար» ապրանքանիշը կրող կոնյակ: Ընկերության արտադրամասում հայտնաբերվել է 700 շիշ եւ 690 լիտր կոնյակ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4