Պնդում է արդարադատության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: .2001 թ. հունվարից դադարեցվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի տպագրումը, քանի որ պարբերականի նոր գրանցումը մերժվել է արդարադատության նախարարության կողմից: ԱԺ փետրվարի 7-ի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ «փաստաթղթերը ներկայացված են խիստ թերի վիճակում եւ թերությունների վիթխարի շարք կա, որը հիմք է մերժելու գրանցումը»: Սակայն ամենակարեւորը, ըստ նախարարի, այն է, որ ըստ ներկայացված փաստաթղթերի ենթադրվում է ձեռնարկատիրական գործունեության իրականացում, ինչն անընդունելի է: Ազգային ժողովը պետական հիմնարկ է եւ ձեռնարկատիրական գործունեության իրավունք չունի. համաձայն Սահմանադրության, պետական գույքի կառավարման իրավունքը տրված է կառավարությանը:
«Եթե ենթադրում եք, որ արդարադատության նախարարությունը որեւէ ձեւով խախտել է օրենքը, ապա ամենապարզ ձեւը դատարան դիմելն է», հայտարարեց նախարարը, միաժամանակ նշելով, որ նման դիմում դատարանին չի ներկայացվել: