<20012301.jpg>
Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրները շարունակում են հետաքրքրության առարկա լինել հասարակության համար: Դրանք հատկապես այժմեական են դառնում այսՙ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի տարում:
Թերեւս դրանով էր պայմանավորված ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արա Պետրոսյանի երեկվա հանդիպումը լրագրողների հետ, որտեղ ներկայացրեց, թե ի՞նչ է կատարվել զբոսաշրջության ոլորտում մինչ այժմ եւ ինչպիսի՞ն է իրավիճակը: Դժվար է ասել, թե որքանով փոխնախարարին հաջողվեց ամբողջական պատկերը ներկայացնել, այդուհանդերձ, որոշակի տեղեկատվություն ներկաները ստացան: Մասնավորապես նշվեց, որ 2000 թ. մշակվել է զբոսաշրջության հայեցակարգը եւ զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականությունը: Առաջին փաստաթղթում մատնանշված են ոլորտի զարգացման դրույթները, երկրորդումՙ դրանց իրականացման ուղիները: Արա Պետրոսյանը խոստովանեց, որ զբոսաշրջության զարգացման համար կան խոչընդոտներ, «որոնք պետք է վերացնել»: Գլխավոր խոչընդոտն այն է, որ Հայաստանի տուրիստական արտադրանքը դեռեւս չի հասել միջազգային չափանիշներին, ցածր որակով հանդերձ թանկ է: Այնուհետեւՙ Հայաստանը որպես զբոսաշրջության վայր աշխարհում ներկայացված չէ, մեր երկիրը շարունակվում է մասնակի շրջափակման մեջ մնալ, լիցենզավորման, սերտիֆիկացման, հյուրանոցների դասակարգման, այսինքնՙ ինստիտուցիոնալ համակարգ ձեւավորված չէ: Որպես դրական գործոն նշվեց այն փաստը, որ Հայաստանի նկատմամբ ձեւավորված է որոշակի պահանջարկ: Պետության խնդիրն է օրենսդրական փոփոխություններով, տեղեկատվական-գովազդային գործունեությամբ մեծացնել այդ պահանջարկը: Այդպիսի քայլերի շարքում նշվեց արդեն մշակված «Տուրիզմի մասին» օրենքի նախագիծը, որը շուտով կքննարկվի կառավարությունում, ինչպես նաեւ EXPO- 2000-ին Հայաստանի տաղավարի ունեցած հաջողությունը: Սակայն ոլորտում առկա են, ի թիվս օբյեկտիվ խնդիրների, նաեւ սուբյեկտիվները:
Փոխնախարարին ուղղված «Ազգի» հարցը վերաբերում էր դրանցից մեկինՙ Երեւանի հյուրանոցների գների համաժամանակյա բարձրացմանը: Հիշեցնենք, որ այդ մասին մեր թերթն արդեն ահազանգել է, եւ Արա Պետրոսյանն իր պատասխանում փաստորեն հաստատեց այդ երեւույթի առկայությունը: Նա հայտնեց, որ հյուրանոցային գների հետ կապված արդյունաբերության եւ առեւտրի նախարարը հանդիպում էր կազմակերպել հյուրանոցների եւ զբոսաշրջային ընկերությունների ղեկավարների հետ: Նրանց միջեւ այժմ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքում որոշակի փոխշահավետ համաձայնություն կկայացվի:
Մեր մեկ այլ հարցի պատասխանելով, արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ 2001 թ. ակնկալվող զբոսաշրջիկների 100 հազար թիվն իրատեսական է: Տոնակատարության միջոցառումների ծրագիրը կազմվել է այնպես, որ կուտակումներ եւ զբոսաշրջիկներին տեղավորելու խնդիրներ չլինեն: Հաղորդվեց, որ Հայաստանն այժմ ընդհանուր առմամբ ունի 31 հազար ննջատեղ (հյուրանոց, հանգստյան տներ եւ այլն), որոնց, սակայն, մոտ 10 տոկոսն է համապատասխանում միջազգային չափանիշներին:
Արա Պետրոսյանն առանձին պարզաբանումներ տվեց զբոսաշրջության տարատեսակների մասին: Հայաստանում զարգացած է պատմամշակութային, ճանաչողական տուրիզմը: Դա պետք է առավելագույնս զարգացնել, սակայն մասսայական չի դառնա: Հարկ է զարգացնել նաեւ այլ տարատեսակները: Այս առումով մեծ հնարավորություններ է ընձեռում մեր բնաշխարհը, որի հիման վրա կարելի է զարգացնել ոչ ավանդականՙ ճամբարային, մագլցային, հետիոտնային եւ զբոսաշրջության այլ տեսակներ: Ընդհանրապես այս ոլորտը մեծ երեւակայության ոլորտ է, եւ նորանոր գաղափարները կարող են մեծ հաջողություններ բերել: Այսպիսի կարծիք հայտնեց փոխնախարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ