ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի արվեստի սրահներից մեկում փետրվարի 6-ին բացվել է հայկական միջնադարյան Անի քաղաքին նվիրված ցուցահանդես, որը նախապատրաստվում էր երկու տարուց ի վերՙ պատմաբան Հարություն Գեւորգյանի ջանքերով: Ցուցահանդեսն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի բարձր հովանավորությամբ, իսկ նախաձեռնությունը Փարիզի քաղաքապետարանինն է: Քաղաքապետարանի հետ համագործակցել են Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայաստանի պատմության պետական թանգարանը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հանդիսավոր բացմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին, որը նաեւ նույն օրը երեկոյան քաղաքապետարանում մեծ ընդունելություն է կազմակերպել հայ համայնքի համար, ինչպես նաեւ ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, փարիզահայերի հոգեւոր առաջնորդ Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանը, ՀԲԸՄ ընդհանուր նախագահ Լուիզ Սիմոն-Մանուկյանը, Մատենադարանի փոխտնօրեն Գեւորգ Տեր-Վարդանյանը, մեծ թվով փարիզահայեր: