«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՅՏՆՈՏԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔԱՅԼ ԵՆ ՀԵՌՈՒ

<20012303.jpg>

Հակառակ դեպքում «Միասնության» թեկնածուն կընտրվեր

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թվում է, թե Հանրապետական կուսակցությունն ընկել է այնպիսի վիճակի մեջ, երբ ցեխից դուրս գալու բոլոր հնարավորություններն այլեւս սպառված են: Երեկ ԱԺ-ում «Միասնության» կրած հերթական ապտակն այդ մասին է վկայում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Վարդան Խաչատրյանի հաստատվելուց հետո թափուր էր մնացել ԱԺ ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի աթոռը, որը խորհրդարանում «Միասնության» ստատուս քվոյի հաստատմամբ եւ քաղաքական մյուս ուժերի համաձայնությամբ հանձնվեց հանրապետականների մենաշնորհին: Նախորդ նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն, հենց հանրապետականների մեղքով, չհասցրեց ընտրել հանձնաժողովի նոր նախագահ: Բանն այն է, որ «Միասնության» այդ թեւից առաջադրվեցին միանգամից երեք պատգամավոր, որոնցից եւ ոչ մեկը մինչեւ երեկ չհանեց իր թեկնածությունը: Մինչ խորհրդարանական մյուս ուժերը անհանգստության ոչ մի նշան ցույց չտալով սպասում էին «Միասնության» վերջնական դիրքորոշմանը, ԱԺ քաղաքական մեծամասնությունը նույնքան անվճռականությամբ չէր կարողանում կողմնորոշվել եւ հստակ թեկնածություն առաջադրել:

Առանձին հանրապետականներ այդ ընթացքում հայտարարում էին, թե որոշված է ընդհանուր թեկնածուՙ ի դեմս Գագիկ Մինասյանի, թե մյուսներըՙ Վարդան Բոստանջյանը եւ Վահրամ Բաղդասարյանը հանդես են եկել ինքնառաջադրմամբՙ առանց խմբակցության հետ հաշվի նստելու: Այս մասին «Ազգն» անդրադարձել է, նշելով, որ նման քաղաքական որոշումները ներխմբակային բնույթի լինելովՙ առնչվում են բացառապես տվյալ կուսակցության ներքին կազմակերպչական տվյալներին, ինչով Հանրապետական կուսակցությունը երբեք չի փայլել: «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին, թե ինչպիսին է իր վերաբերմունքը, երբ խմբակցությունը հայտնում է իր որոշակի դիրքորոշումը, սակայն նույն խմբակցության անդամները, անտեսելով դա, հանդես են գալիս ինքնառաջադրմամբ, պատասխանեց. «Եթե ամբողջ ֆրակցիան քաղաքականությամբ մի քիչ ավելի շատ զբաղվի, նաեւ էլեմենտար քաղաքական պրոցեսներին իրազեկ լինի, ըստ երեւույթին նման նախադեպեր հետագայում չեն ստեղծվի»: Հիշեցնենք, որ նախադեպն արդեն առկա է, իսկ ֆրակցիան ստեղծվում է լուրջ քաղաքական գործընթացներից եւ օրենսդրական գործունեություն իրականացնելուց բացի քաղաքական պրոցեսների կրող է:

Հետաքրքրական է նաեւ ինքնառաջադրված թեկնածուների հանգամանքը: Այն փաստը, որ նրանք համառորեն ընդդիմացան ողջ ֆրակցիային (ի դեպ, ՀԺԿ-ականները որոշում կայացնելու ողջ պատասխանատվությունը թողել էին իրենց կողակցին), խոսում էր թերեւս այն մասին, որ ե՚ւ խմբակցության ներսում, չնայած արտաքուստ հանգստությանը, ե՚ւ ողջ խորհրդարանում նրանք լուրջ հենարանի ակնկալիք ու վստահություն ունեին, հակառակ դեպքում, հասկանալով իրենց միայնակ վիճակը, կշտապեին ետ վերցնել թեկնածությունները: Ի դեպ, հետաքրքիր էր իր խոսքի մեջ արտահայտած Գալուստ Սահակյանի այն միտքը, թե մասնավորապես Վահրամ Բաղդասարյանին «մեր հորդորները, քաղաքական հիմնավորումներն ըստ երեւույթին չեն բավարարում»: Թե հատկապես ի՞նչ հորդորների եւ քաղաքական հիմնավորումների մասին էր խոսքըՙ Վահրամ Բաղդասարյանը խուսափեց պատասխանել, հատուկ շեշտելով միաժամանակ, որ «միանշանակ» պահպանելու է իր թեկնածությունը:

ԱԺ մեծամասնության առաջադրած թեկնածուին, որքան էլ խնդիրը չանձավորելու կոչեր էին արվում, համաձայն չէին հենց «Միասնության» ներսում առաջին հերթին: Ուշադրություն դարձնենք, որ երեքշաբթի օրը «Միասնության» դռնփակ նիստում կայացած ռեյտինգային ընտրության արդյունքով այլընտրանքային թեկնածուները հավաքել էին 16 եւ 14 ձայն, իսկ Գագիկ Մինասյանըՙ 30: Արդյոք դա բավարար կլինե՞ր լիակատար հաջողության հասնելու համարՙ ոչ ոք վստահ չէր, քանի որ հարցը լուծելու էր ողջ խորհրդարանը, իսկ քվեարկությունը, կանոնակարգի համաձայն, լինելու էր գաղտնի: Ըստ էության, հենց քվեարկությունից էր կախված «Միասնության» համար կարեւոր այն հարցի պատասխանը, թե որքանով էր դաշինքը քաղաքական դաշտում եւ խմբակցությունը խորհրդարանում շարունակելու պահպանել իր հեգեմոն դիրքը եւ, որ ավելի կարեւոր էրՙ որքանով են ներխորհրդարանական ուժերը նախաձեռնությունը թողել «Միասնությանը», նկատի առնելով, որ խմբակցությունը սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում չի կազմում, այսինքնՙ որոշումները միանձնյա չի կարող անցկացնել: Նշենք նաեւ, որ ողջ եռամսյա այս քաշքշուկներում խորհրդարանական ուժերը քար լռություն էին պահպանումՙ թատերաբեմը զիջելով «Միասնությանը»:

Քվեարկությունն, այնուամենայնիվ, վերջապես կայացավՙ սառը ցնցուղ դառնալով «Միասնության» գլխին: Ամենաշատ ձայները հավաքեց Վահրամ Բաղդասարյանըՙ 120 ձայնից հավաքելով 54-ը, երկրորդըՙ Գագիկ Մինասյանն էրՙ 42 ձայնով, իսկ Վարդան Բոստանջյանին վստահում էր պատգամավորներից ընդամենը 18-ը: Փաստորեն թեկնածուներից չանցավ եւ ոչ մեկը, քանի որ պահանջվում էր ընդհանուր ձայների կեսից ավելին (տվյալ դեպքումՙ 61-ը): Սակայն խնդիրն այդ չէ, այլ այն, որ «Միասնությունը» չկարողացավ անցկացնել իր թեկնածուինՙ խորհրդարանի կողմից չստանալով, այսպես ասած, վստահության քվեն: Խորհրդարանական ուժերը պարզ ցույց տվեցին, որ «Միասնությունն» այնքան էլ հզոր չէ, եւ շատ ավելի կախված է լինելու հենց իրենց դիրքորոշումներից:

Հակառակ պարագայում ստացվում է մի վիճակ, երբ հանձնաժողովի նախագահի հարցը շատ ավելի անձնավորված խնդիր է եւ կախված է պատգամավորների համակրանքից կամ հակակրանքից, քան քաղաքական բնույթ ունի: Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետ, ՀԿԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը շեշտեց, որ կատարված փաստը «ոչ թե անհանգստանալու, այլ մտորելու տեղիք է տալիս»: Հետաքրքրականն այն է, որ եթե քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո տեղի ունենար նոր ընտրություն, որին կողմ էր պատգամավորների մի ստվար բանակ, Վահրամ Բաղդասարյանը, որը երկրորդ փուլ անցավ Գագիկ Մինասյանի հետ, հաղթահարելու էր 61- ի արգելքը: Սակայն եւ ընդմիջման պարագայից ելնելովՙ հարցի լուծումը մնաց հաջորդ եռօրյային: Շատ հնարավոր է, որ «Միասնությունը» փոխի իր դիրքորոշումըՙ համոզվելով, որ խորհրդարանի անտարբերությունը շատ ավելի թանկ արժե, քան չափից ավելի վստահությունը սեփական ուժերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4