<20012302.jpg>
«Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով ռուսական իրազեկ աղբյուրներին, հաղորդում է, որ չեչեն ահաբեկիչները շարունակում են ապաքինվել Ադրբեջանում:
Չնայած Բաքվի հայտարարություններին, թե հանրապետությունում վիրավոր չեչեններ չկան, ռուսական կողմի պնդմամբՙ ահաբեկիչներն ապաքինվում են Ադրբեջանի առողջապահության նախարարության գիտությամբՙ վճարովի հիմունքներով: Չեչեն ահաբեկիչներին ապաքինվում են մայրաքաղաքի երեք, ինչպես նաեւ Նոր Ահմեդլի եւ Սաբունչի քաղաքների հիվանդանոցներում: Վիրավորված չեչեններին հիվանդանոցներում տեղավորում են ադրբեջանցիների կամ դաղստանցիների անվան տակ:
Անշուշտ, նորություն չէ Ադրբեջանի իշխանությունների սրտացավ վերաբերմունքը չեչեն մարդասպանների նկատմամբ: Նորություն չէ նաեւ, որ ե՚ւ ռուս-չեչենական առաջին, ե՚ւ երկրորդ պատերազմում վիրավորված չեչենները հիմնականում բուժվել են Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում: Տվյալ պարագայում կարեւորը ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին նկատելի սառնությունն էՙ վերջերս նկատվող որոշակի ջերմացումից անմիջապես հետո: Ամեն դեպքում, չեչենական գործոնը վերջին 6- 7 տարիներին Մոսկվա-Բաքու հարաբերություններում խաղում է լակմուսի դեր: Եթե Ռուսաստանը հիշեցնում է Ադրբեջանում ապաքինվող չեչենների մասին, ապա ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունն անխուսափելի է:
Ենթադրաբար, Ռուսաստանը նախապատրաստվում է Հեյդար Ալիեւի Մոսկվա կատարելիք այցին, որը նախատեսվում է աշնանը: «Մեդիա-պրես» գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաեւը Պուտին-Ալիեւ մոսկովյան հանդիպման ընթացքում չի բացառել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի կարգավիճակի շուրջ վերջնական պայմանագրի ստորագրումը:
Հիշեցնենք, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միակ ռազմական օբյեկտն է Ադրբեջանի տարածքում:
Թ. Հ.