Արդարադատության նախարարությունում փետրվարի 6-ին ամփոփվել են փաստաբանների քննության արդյունքները: Ի տարբերություն դատավորների, փաստաբան դառնալու ցանկություն ունեցողները գրեթե 3 անգամ ավելի են: Ի տարբերություն դատավորների, որոնց համար անցողիկ միավոր էր համարվում յուրաքանչյուր քննությունից 7-ը, փաստաբանների նկատմամբ շատ ավելի խստապահանջ են գտնվելՙ անցողիկ միավոր սահմանելով 13-ը:
Այսպես, 203 դիմորդներից քաղաքացիական իրավունքից քննությունն են հանձնել 88-ը եւ դրական գնահատականներ են ստացել 62-ը: Քրեական իրավունքից քննությանը մասնակցել է 98 դիմորդ եւ անցողիկ միավոր է վաստակել 52-ը, ընդ որում ամենաբարձր միավորը եղել է 16-ը:
Քննության ընթացքին իրազեկ անձանց վկայությամբ, դիմորդների շրջանում մեծ են դժգոհությունները քննության արդյունքներից եւ բողոքարկողների մեծ թիվ են կազմում 11,12 միավոր վաստակածները: Մեկնաբանությունների համար դիմեցինք «Հայ փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանին, որը քննական հանձնաժողովի նախագահն է, սակայն նա հայտնեց, որ փաստաբանական միությունների նախագահների մասնակցությունը քննության առաջին փուլին զուտ կազմակերպչական բնույթ էր կրում: Փետրվարի 13-ին եւ 14-ին կանցկացվի քննության երկրորդ փուլըՙ հարցազրույց անցողիկ միավորներ վաստակածների հետ, որին արդեն իրենք ակտիվ մասնակցություն կունենան:
Ս. Պ.