«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԾՂՈՏԵ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԵՆ ՊԱՏՍՊԱՐՎՈՒՄ

<20012304.jpg>

Երկրապահների հայտարարությունը համարում են ժամանակավրեպ

ՀՀԿ շարքերի նվազման եւ մի քանի երկրապահականների օրերս արած հայտարարության վերաբերյալ փորձեցինք պարզել «Միասնության» վերաբերմունքը ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանից:

- ՀՀԿ երկրապահական թեւը հանդես եկավ հայտարարությամբ, որով մեղադրում էր Հանրապետական կուսակցությանըՙ նշելով, որ երկրում կատարվող քաղաքական եւ տնտեսական գործընթացները խեղաթյուրվում են: Ինչպիսի՞ն է ՀԿԿ-ի եւ մասնավորապես ձեր կարծիքը:

- Պետք է խնդրեմ նման բաժանում չանելՙ երկրապահական թեւ եւ այլն. առավել եւս, որ հայտարարությունը ստորագրել են բավականին կշիռ ունեցող քաղաքական գործիչներ, բայց ոչ բոլոր երկրապահները, որոնք կուսակցությանն անդամագրվել են, եւ անգամ ոչ բոլորը, որոնք խորհրդի անդամ են: Ցավոք, այդ հայտարարության մեջ որեւէ կոնկրետ խնդիր չէր առաջադրված, կոնկրետ գաղափար չկար: Խոսվում է, որ նոր գաղափարներ չեն առաջադրվել, բայց մի քիչ տարօրինակ է, երբ խորհրդի անդամները խոսում են գաղափարներ չառաջադրելու մասին: Սակայն հիմա ինչ էլ ասվի, եթե հստակ հարցադրումներ չկան, տարօրինակ է, առավել եւս, որ նախկինում որեւէ տարաձայնություն, լուրջ բախում չի եղել: Եթե նման բան լիներ, մամուլը կիմանար: Ցավոք, այն, ինչ արվեց այս օրերի ընթացքում, հակառակ է այն գործընթացին, որը 1998-ին սկսել էր Վազգեն Սարգսյանը եւ լավ կլինի նման քայլեր անելուց առաջ հիշել, թե ինչը երբ է սկսվել, ով է սկսել:

- Հայտարարության մեջ խոսվում է նոր միավորում ստեղծելու մասին, որը հետագայում պետք է վարի «Միասնություն» դաշինքի որդեգրած գաղափարախոսությունն ու քաղաքականությունը: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք միաժամանակ երկու քաղաքական ուժով միեւնույն կուրսը որդեգրելՙ ունենալով ակնհայտ տարաձայնություններ:

- Խոցելի է. իհարկե, կարելի է ստեղծել նոր կազմակերպություն, դա յուրաքանչյուրի իրավունքն է: Սակայն ձեր առաջադրած հարցին պետք է պատասխան տրվի: Չի կարող ստեղծվել մի նոր կառույց, նախկին կառույցի առկայությամբ, որը դեռեւս գոյություն ունի եւ բավականին ուժ ունի եւ այդ կազմակերպության ծրագրերն իրագործի: Դա անհասկանալի ձեւակերպում է: Դա ցույց է տալիս, որ արված քայլը ժամանակավրեպ էր:

- Հանրապետական կուսակցությունը այս գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ հանդե՞ս է գալու:

- Քայլին դիմել են երկու պատգամավոր, կուսակցության խորհրդի երեք անդամներ եւ նախկին վարչապետը: Կետիկյանի եւ Ուլիխանյանի առումով քայլը գոնե բացատրելի էր, քանի որ մի քիչ անհասկանալի է, երբ խորհրդի անդամը խորհրդարանական այլ կառույցի անդամ է: Այսուհանդերձ չեմ կարծում, որ այնքան լուրջ գործընթաց կա, որ խորհուրդը որեւէ հայտարարություն անի: Կուսակցության խորհուրդը դա աննպատակահարմար գտավ:

- Արդյոք այս գործընթացները չե՞ք համարում Ալբերտ Բազեյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու տրամաբանական վերաբերմունք եւ շարունակական ընթացք:

- Այդ հարցին ճիշտ կլինի նախաձեռնության հեղինակները պատասխանեն, բայց որեւէ լուրջ իրադարձություն դրանից բացի չի եղել, այսինքնՙ կարելի է ենթադրել եւ այդպես.

Քանի որ գործընթացները կատարվում են «Միասնություն» դաշինքի շրջանակներում եւ ՀԺԿ-ի քթի տակ, փորձեցինք պարզել նաեւ ժողովրդականների վերաբերմունքըՙ դիմելով ՀԺԿ անդամ, ԱԺ «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանին. «Բոլոր փոփոխությունները խոչընդոտում են ընդհանուր գործին, բայց ես համարում եմ, որ դա նրանց ներքին, ներկուսակցական խնդիրն է, որի գնահատականը իրենք էլ կտան, բայց մենք հարցը չենք քննարկել», ասաց նա:

- Հնարավոր համարո՞ւմ եք այլ միավորիՙ «Միասնության» դաշինքի որդեգրած գաղափարախոսության իրագործումը, երբ նրանք հայտարարում են, թե դաշինքը խեղաթյուրում է ծրագրված բարեփոխումները:

- Ես ողջունում եմ, որ այդ մարդիկ ետ չեն կանգնում իրենց գաղափարներից: Եթե իրենք առանձնանում են այլ միավորմամբ, հուսով եմ, որ նպատակ չունեն կից լինելու, քանի որ կազմավորված միավորում են ստեղծում նույն գաղափարախոսությամբ, եւ դա չի խանգարում, որ միասին գործենք:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4