«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ԼՈՒԾԱՐՎԵԼՈՒ ԵՆ ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

ԼՂՀ-ում այսօր գործում են մեկ պետական եւ 9 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք հիմնականում տեղակայված են Ստեփանակերտում, Շուշիում եւ Մարտակերտում: Դրանց մի մասը, սակայն, մոտ ապագայում պիտի փակվի: «Ազգի» թղթակցի հետ ունեցած զրույցում ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Համլետ Գրիգորյանը նշեց, որ լուծարվելու են միայն ՀՀ բուհերի մասնաճյուղերը, որոնք 6-ն են:

Նման կտրուկ միջոցների ԿԳ նախարարությունը դիմել է ելնելով այն հանգամանքից, որ վերոհիշյալ մասնաճյուղերի գլխադասային բուհերը ՀՀ-ում լիցենզավորված չեն եւ գործում են անհայտ կարգավիճակով: Բացի այդ, այս ուսումնական հաստատություններն Արցախում չունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, շենք, լաբորատոր պայմաններ եւ բարձրորակ մասնագետներ: Հենց այն փաստը, որ վերջին 10 տարում Արցախի բուհերում դասավանդող մասնագետները ոչ մի տեղ չեն վերապատրաստվել, վկայում է կադրերի որակային ճգնաժամի մասին:

Նախարարը ցավով նշեց, որ այսպիսի պայմաններում ծնողները եւ ուսանողները հայտնվում են խաբված վիճակում: Մասնաճյուղային բուհը պատշաճ գիտելիքներ չտալով, շրջանավարտներին տրամադրում է գործնական միջավայրում անարժեք համարվող վկայականներ: Այս տեսակետը նախարարը պնդեց Ստեփանակերտի պետհամալսարանի եւ Մարտակերտի մասնաճյուղային համալսարանի համադրությամբ: Երկու բուհերն էլ թողարկում են մանկավարժներ, բայց հազիվ թե մարտակերտյան բուհի շրջանավարտը մրցունակ լինի պետհամալսարանի շրջանավարտի համեմատությամբ:

Չկա այն իրավական դաշտը, նշեց Հ. Գրիգորյանը, որը հնարավորություն կտա նման բուհերի շրջանավարտներին աշխատանքի տեղավորվել:

ԼՂՀ ԿԳ նախարարության կոլեգիան հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատություններիՙ պետական եւ ոչ պետական լիցենզավորման եւ հավատարմագրման կարգը: Առաջիկայում այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Իսկ հաստատումից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը կից գործող լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ կստուգվեն Արցախում գործող բուհական մասնաճյուղի բացման եւ դրանց գործունեության իրավական հիմքերը: Ըստ նախարարի, այդ բուհերին չի թույլատրվելու կազմակերպել նոր ուսումնական տարվա ընդունելություն: Ինչ մնում է դրանց ուսանողների ճակատագրին, ապա նրանց համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ուսումնառությունը շարունակելու համար: Ամենահավանականը մյուս երեք լիցենզավորված բուհերումՙ «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» եւ «Գրիգոր Մագիստրոս» համալսարաններում տեղաբաշխելն է: Չի բացառվում նաեւ հատուկ քննությամբ նրանցից ոմանց ԱրՊՀ-ում ընդունելը:

Նախարար Համլետ Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ մասնաճյուղային բուհերի նկատմամբ նման վերաբերմունքը բխում է ԼՂՀ-ում կրթության ու գիտության զարգացման անհրաժեշտությունից:

Արցախի նման փոքր տարածքում մեծ թվով բուհերի առկայությունը բնավ չի խոսում կրթության հանդեպ «մեծ սիրո» մասին: Ավելացնենք, որ անցած երկու տարում Արցախում ինքնալուծարվել են երկու նմանակարգ բուհեր: Քիչ հավանական չէ, որ մոտակա տարիներին նշված մասնաճյուղերը եւս կարժանանան վերջիններիս բախտին: Այդ դեպքում արդեն ինքնալուծարված ուսհաստատությունների ուսանողներն իրոք կհայտնվեն խաբված վիճակում, իսկ նրանց ճակատագրի նկատմամբ հազիվ թե որեւէ մեկն այդժամ լուրջ հոգատարություն ցուցաբերի:

Համենայն դեպս, մասնաճյուղային բուհերում այս կտրուկ շրջադարձի կապակցությամբ առայժմ մեծ խուճապ չկա: (Թե՞ արտաքուստ այդպես է թվում):

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4