«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ

Մինչդեռ դրանք առկա են

Հայաստանի հաստոցաշինությունը մեծ հնարավորություններ ունեցող բնագավառ է: Եվ շատ ցավալի է, որ այդ բնագավառին անծանոթ մարդիկ հայտարարում են, թե այն Հայաստանին անհրաժեշտ չէ: Այս կարծիքը հայտնեց մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ հաստոցաշինական ձեռնարկությունները միավորող «Ասսէքս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆիկ Պողոսյանը: Այդ մոտեցումը, ըստ նրա, եղել է ինչպես նախկին իշխանավորների, այնպես էլ ներկաների մեջ: Նրանց հաճախ արտահայտած թեզը, թե Հայաստանը Շվեյցարիայի նման պետք է դառնա զբոսաշրջության եւ բանկերի երկիր, ուղղակի սնանկ է: Շվեյցարիան ունի հզոր արդյունաբերություն, առանց որի բանկային համակարգը չէր հզորանա եւ զբոսաշրջության համար ենթակառույցներն էլ չէին ստեղծվի: Բացի հանրաճանաչ ժամացույցների, պանրի եւ շոկոլադի արտադրություններից, Ռաֆիկ Պողոսյանը բերեց շվեյցարական հաստոցաշինության օրինակը, որը ոչնչով չի զիջում գերմանականին կամ ճապոնականին: Ինչ վերաբերում է հայկական հաստոցաշինությանը, ապա այն ներկայումս էլ մրցունակ է: Այդ գնահատականը տվել են ոչ միայն տեղի, այլեւ օտարերկրյա (ՄԱԿ-ի) փորձագետները: Հայկական ձեռնարկությունները նախկինում արտադրվող հաստոցները վաճառում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, այլեւ, ինչպես այսօր են ասումՙ հեռավոր արտասահմանի երկրներում: Դրա դիմաց այն ժամանակ ստացված գումարները մինչ այժմ էլ սառեցված են մնում նախկին ԽՍՀՄ «Վնեշէկոնոմբանկում»: Ներկայումս եւս հաստոցաշինական ձեռնարկությունների արտադրանքն իր շուկան ունի: «Ինտերհաստոցի» (նախկին «Հայհաստոցի») տարբեր նշանակության հաստոցները վաճառվում են ինչպես Մերձավոր Արեւելքում (Սիրիա, Իրան), այնպես էլ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորման (նախկին Ձերժինսկու անվան) հաստոցների առաջին խմբաքանակը (24 հատ) անցած տարի (դեկտեմբերին) առաքվեց Մերձավոր Արեւելքի երկրներ: Այս ձեռնարկությունում մինչ այդ բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը ձեռք բերեց Ռուսաստանում բնակվող հայ գործարար (որի անունը «Ասսէքսի» նախագահը չհայտնեց), որի ներդրումներն էլ հնարավորություն տվեցին արտադրությունը կազմակերպել: Արմավիրի հաստոցաշինական գործարանում եւս բաժնետերերի փոփոխության շնորհիվ աշխուժություն է սկսվել: Նրա արտադրանքի նմուշները շուտով կառաքվեն Կանադա: Գյումրու հղկող հաստոցների գործարանի արտադրանքն արդեն առաքվել է Կանադա: Սակայն այս ձեռնարկությանը, ինչպես նաեւ Գյումրու քարհատ մեքենաների եւ Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարաններին լուծարում է սպասվում: Ռաֆիկ Պողոսյանն անհասկանալի է համարում կառավարության նման մոտեցումը, երբ այդ ձեռնարկությունները սկսել են աշխատել: Իսկ Գյումրու հղկող հաստոցների պատվիրատուն հայտարարել է, որ Թուրքիայի, Հնդկաստանի եւ Թաիլանդի իր պատվերներն ինքը որոշել է վերակողմնորոշել դեպի այս ձեռնարկություն: Այժմ այն փաստորեն կանգնեցվել է եւ պատրաստվում է լուծարվելու: Ընդհանրապես լուծարվող այս ձեռնարկությունների նկատմամբ ինչպես արդյունաբերության եւ առեւտրի նախարարության, այնպես էլ կառավարության եւ նախագահի մոտեցումը հաստոցաշինարարներին միավորող ասոցիացիայի նախագահը բնորոշեց որպես շատ սառը: Այստեղ նա որոշակի հույս է համարում արդյունաբերության եւ առեւտրի նախարարի կողմից ճյուղի հայտնի եւ բանիմաց անձանցից բաղկացած խորհրդի ստեղծումը: Դա ոչ պաշտոնական մարմին է, որի միջոցով նախարարը ցանկանում է ուղիղ կապ ունենալ բնագավառի ձեռնարկությունների ղեկավարների հետ եւ լիարժեք տեղեկություններ ստանալ ճյուղի վիճակի մասին: Այդուհանդերձ ստիպված ենք արձանագրել, որ հաստոցաշինության հնարավորությունները Հայաստանում այսօր ըստ արժանվույն չեն գնահատվում, եւ ճյուղի վիճակն այդ մոտեցման արտացոլումն է: Եթե արդյունաբերության մի քանի ճյուղերի (քիմիական, լեռնամետալուրգիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ եւ այլն) նկատմամբ այդ մոտեցումը հաղթահարված է, ապա հաստոցաշինության ճակատագրի նկատմամբ անտարբերությունը դեռեւս շարունակում է պահպանվել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4