«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑՙ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ

«ԱԱՀ մասին» օրենքի փոփոխությունը յուրահատուկ «նվեր» ու ծնելիության «խթան»ՙ երիտասարդ ընտանիքների համար

Հունվարի մեկից մանկական կերերի նկատմամբ (ինչպես նաեւՙ դեղորայքի) 20 տոկոս ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիրառումը յուրահատուկ «նվեր» դարձավ երիտասարդ ընտանիքների համարՙ ամբողջացնելով նրանց առանց այն էլ բազմաթիվ պրոբլեմների ցուցակը: Դեկտեմբերին ԱԺ-ի ընդունած «ԱԱՀ մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրենքի կիրառումից թանկացավ ոչ միայն դեղորայքը, այլեւՙ մանկական կերերն ու տակդիրները (15- 20 տոկոսով), ինչը նշանակում է լրացուցիչ նյութական դժվարություններ ծնողների համար: Մոտավոր հաշվարկներով, եթե մինչեւ 1,5- 2 տարեկան դառնալը երեխային անհրաժեշտ է ամսական միջինը 50- 60 տակդիր, մոտ 10 տուփ արհեստական կաթ (ցանկացած տեսակի), չհաշված մյուս կերակրատեսակներըՙ քամած կերեր, հյութեր, թեյ եւ այլն (հաշվարկներն արված են սեփական փորձից ելնելով- Գ. Մ.), ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ընտանիք ամսական միջինը ծախսում է 40- 50 դոլար:

Մոտավոր հաշվարկներով ներկայումս մանուկների 40 տոկոսը սնվում է արհեստական կերերով, ընդ որումՙ մայրական կաթից ծննդյան օրից զրկված է երեխաների 20-30 տոկոսը, իսկ 6 ամսականիցՙ 60 տոկոսը: Բնական կերակրմանը փոխարինելու են գալիս արհեստական կերերը, այստեղ եւս ծնողների առջեւ ծառանում է լրացուցիչ գումարներ հայթայթելու խնդիրը: Արհեստական կերերի ձեռքբերման դժվարությունները հաշվի առնելովՙ աշխարհի եւ ոչ մի երկրում ներկրվող մանկական սնունդը չի հարկվում, իսկ այդ առումով Հայաստանն այսօր բացառություն է: Սակայն սա դեռ խնդրի մի կողմն է: ԱԱՀ փոփոխությունների մասին չարաբաստիկ օրենքը սոցիալականից զատ իր հետ բերեց այլ խնդիրներՙ շուկայի անվերահսկելիություն ու ճամպրուկային առեւտրի ծաղկում:

Մի քանի «Մանկական կերեր» խանութներում ու շուկաներում, առեւտրականների ու գնորդների հետ զրույցով պարզեցինք, որ գների բարձրացումից իրացումը պակասել է մոտ 50 տոկոսով, ինչը չի նշանակում, սակայն, որ պահանջարկը (չնայած բնակչության նյութական դժվարություններին) նույնպես պակասել է: Խնդիրն այն է, որ հայաստանյան շուկան տարեկան սպառում է մինչեւ մոտ 200 տոննա մանկական կեր. շուկան ներկայումս բաժանում են երեք կազմակերպություններ: Շվեյցարական «Nestle» ֆիրմայի հայաստանյան ներկայացուցիչ «Երիցյան եւ որդիներ» ընկերությունը զբաղեցնում է շուկայի մոտ 70 տոկոսը, իսկ մնացած 30 տոկոսը կիսում են ռուս-գերմանական «Վիննի» եւ ավստրիական «Hipp» ֆիրմաների դիսթրիբյուտորական ընկերությունները: Եթե պաշտոնապես գրանցված ներկրող կազմակերպությունների ներկրումների ծավալները կիսով չափ պակասեցնեն, բնական է, որ շուկայի մնացած մասըՙ մոտ 100 տոննան պետք է ինչ-որ կերպ լրացվի, այսինքն, գտնվեն լրացուցիչ աղբյուրներ ու այլեւայլ ճանապարհներ, այսինքնՙ շուկայում անհայտ ներկրողների հայտնություն, մաքսանենգություն եւ վերջապեսՙ անվերահսկելի շուկա: Հունվար ամիսը միայն բավարար էր, որ այդ խնդիրները չուշանային. «Ազգն» օրերս «Nestle»-ի հայաստանյան ընկերություններից ահազանգ էր ստացել շուկաներում անհայտ ծագման, թերեւս մաքսանենգ ճանապարհով ներկրված «Nestogen» եւ «NAN» տեսակի կաթերի առկայության մասին: Ստուգողական այցերը «Փեթակ» եւ «Սուրմալու» մեծածախ շուկաները հաստատեցին ահազանգի ճշմարիտ լինելը: «Փեթակում» արկղերով դարսված վրացական մակագրություններով «NAN» վաճառողը, բնականաբար, չասաց, թե որտեղի՞ց է ձեռք բերել ապրանքը: Ընդ որումՙ վրացական «Nestle»-ները վաճառվում են 100 դրամով էժան, ինչը մի կողմից ձեռնտու է գնորդին, բայց մյուս կողմիցՙ վտանգավոր: «Երիցյան եւ որդիներ» ՍՊԸ նախագահ Ալբերտ Երիցյանի հետ զրույցում պարզեցինք, որ իրենց ներկրած ապրանքը մինչեւ չի ստանում Հայպետստանդարտի սերտիֆիկատը, հանրապետություն մուտք չի գործում: Շուկայում վաճառվող կերերի համար մինչ այժմ պատասխանատվություն էին կրում «Nestle»-ի պաշտոնական ներկայացուցիչները, եւ անորակ ու ժամկետանց կեր չէր կարող շուկա դուրս գալ: Այսօր արդեն շուկայի անվերահսկելիության պայմաններում նոր եկամտի աղբյուր որոնող մաքսանենգ առեւտրականների ակտիվացման պարագայում չեն բացառվում նման դեպքերը: «Վիննիի» ներկայացուցիչները մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ առայժմ շուկայում չեն տեսել իրենց տեսականու այլ ճանապարհներով եկած նմուշներ, սակայն հաստատեցին մեր դիտարկումներըՙ իրենց մոտ եւս իրացումը նվազել է մոտ 50 տոկոսով: Թե առաջին եւ թե երկրորդ ընկերության ներկայացուցիչները չբացառեցին նման պայմաններում գործունեության աննպատակահարմարությունն ու հնարավոր դադարեցումը: «Եթե գոնե չհարկվեին 0- 12 ամսական նորածինների կերերը, ապա հնարավոր կլիներ գոնե զրոյական շահույթներով աշխատել» բացատրեց Ա. Երիցյանը: Ըստ նրա, եթե վրացերեն մակագրության ապրանքները խոսում են երկրի մասին, ապա ռուսերեն եւ անգլերեն մակագրություններով տուփերի ծագման մասին դժվար է գլխի ընկնելն ու սեփական ապրանքներից տարբերելը: Դա հեշտացնելու համար թե՚ «Nestle»-ի եւ թե՚ «Վիննիի» ներկայացուցիչները այսուհետեւ մայր ֆիրմաներում իրենց ապրանքները կպատվիրեն հայերեն մակագրություններով, ինչը, իհարկե, ոչ թե հարցի լուծում է, այլՙ հստակեցում: Ինչ վերաբերում է շուկայի վերահսկմանը, ապա դա միմիայն պետեկամուտների նախարարության խնդիրն է: Նախարությունն առայժմ այդ խնդրի վերաբերյալ լռություն է պահպանում: «Ազգն» ակնկալում է այս խնդրի վերաբերյալ նախարարության պաշտոնական տեսակետն ու տեղեկատվությունը, ինչը կներկայացնենք առաջիկայում:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4