«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


«ՁԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ Է»

Էնգին Արդըչի հոդվածը «Սթար» թերթում

Թուրքական «Սթար» թերթի փետրվարի 1-ի համարում Էնգին Արդըչ անունով հայտնի սյունակագիրը «Ձեր հայկական քաղաքականությունը սխալ է» վերնագրով հետեւյալ հոդվածն է ստորագրել, որն իր գռեհիկ արտահայտություններին հակառակ զգաստության կոչ էՙ ուղղված թուրք կառավարությանը, եւ ոչ միայն: Հոդվածը ներկայացնում ենք օգտվելով «Մարմարա» թերթի թարգմանությունից:

Էջերով, էջերով, էջերով գրեցինք, բայց եկեք մի անգամ էլ համադրենք: Այս ճանապարհը ձեզ ոչ մի տեղ չի տանի: Որովհետեւ ձեր կիրառածը ջայլամի քաղաքականություն է, ձեր հակազդեցությունըՙ լյումպենի հակազդեցություն: Ամեն մարդ գիտի, որ այս անգամ Ֆրանսիան կարեւորություն չտվեց եւ չի տալու ձեր բոյկոտին: Որովհետեւ Ֆրանսիան Իտալիա չէ: Ամեն մարդ գիտի, որ նորից «Կարըֆուր» հանրախանութի ավտոկանգառում ավտոմեքենա թողնելիք տեղ չկա, որ ոչ մեկ թուրք քաղքենի հարավային Ֆրանսիայում ունեցած իր ապարանքը կվաճառի, եւ ամեն մարդ գիտի, որ այդ բոյկոտի դրոշակակիրը հանդիսացող մեր վարչապետը ֆրանսիական «Ռենո» տիպի ավտոմեքենայով է շրջում: Ամեն մարդ գիտի, որ տխմարություն է ֆրանսիական ուսուցման արգելքը, տխմարություն է փող տալով գնված ֆրանսիական ապրանքն այրել կամ ոչնչացնել: Արդեն միայն մի քանի լյումպեններ են, որ պոռում են ու պոռչտում:

Ժողովուրդը բավարարվում է Ֆրանսիայի դեմ բոյկոտելով եւ մռթմռթալով: Շատ-շատ առաջիկա Ղուրբան Բայրամի օրերին դեպի Փարիզ շրջապտույտները մի քիչ թեթեւանան, բայց մի քանի ամիս հետո այդ էլ կմարի: Մանավանդ եթե առաջիկա սեզոնին մեր ֆուտբոլիստներից երկուսը սկսեն խաղալ ֆրանսիական լիգայում, մենք դարձյալ ողջագուրվելու ենք: Կարիք կա՞ օրինակներ հիշելու: Որովհետեւ դարձյալ ամեն մարդ գիտի, որ այս հարցը թուրք եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ չէ, այլ երկու երկրների քաղաքագետների միջեւ: Այս կացության դիմաց ծիծաղելի է բանակի սպայակույտի նախագահության հաճելի թվալու համար «Adiee, France»-ի նման ապուշ լոզունգներ գործածել, մանավանդ գրել, թե «Ֆրանսիայի հետ մեր ճանապարհները բաժանվեցին»: Այսպիսի ցափռտուքների դիմաց Ֆրանսիայի ագռավներն անգամ իրենց մի կողմով չեն կարող խնդալ: Այսպիսի կեցվածքը միայն բյուրոկրատներին կարող է հաճույք պատճառել, ուրիշ գործի չի կարող ծառայել: Եվ որեւէ ֆրանսիացի այս ամենից լուր անգամ չի ունենա: Ֆրանսիայում մեր դեսպանին հետ կանչելու նման արարքը, որը դիվանագիտական աշխարհում իբր թե որպես սարսափելի բողոք է նկատվում, բայց դիվանագետ չեղող ամեն մարդու միայն քմծիծաղ է պատճառում, մեզ չի կարող որեւէ տեղ առաջնորդել: Դեսպանը եթե հետ կանչվի, դրա համար թերեւս ամենից ավել հուզվի դեսպանի տիկինըՙ Ֆիլիզ հանըմը, որի փարիզյան թագավորությունն այդպիսով վերջ պիտի գտնի: Արդեն հավանական է, որ նա եւ նրա ամուսինը այլ պաշտոնի կոչվեն:

Որովհետեւ դարձյալ ամեն մարդ գիտի, եթե նույնիսկ չգիտիՙ զգում է, որ մենք հայկական հարցում սկզբից եւեթ սխալ ճանապարհի ենք հետեւել: Այո՚, ջայլամի նման ձեր գլուխը ավազի մեջ թաղեցիք, չուզեցիք ճշմարտությունները տեսնել եւ ցույց տալ: Վերջում էլ շվարածՙ «այս գործը որտեղի՞ց դուրս պրծավ» հարցն եք տալիս: Եվ ժողովուրդն էլ չի հասկանում եւ շփոթում է, քանի որ ժողովրդին պատմություն չսովորեցրիք:

Կարծում եք տարբե՞ր է ձեր քրդական քաղաքականությունը: Մինչեւ ո՞ւր կարողացաք գնալ «այդպիսի բան չկա» ասելով: Երեսուն հազար նահատակ, 450 միլիարդ դոլարի ծախս: «Այս հարցը թողնենք պատմաբաններին» ասում եք, բայց չեք թողնում: Արխիվները չեք բացում քննարկման համար: Եթե որեւէ պատմաբան ուզենա խոսել, ապա նախատինքներով եւ սպառնալիքներով կլռեցնեք նրան: Արեւմուտքցիները շատ էլ լավ են տեսնում, որ ձեր այդ կեցվածքը նշանակում է միայն հետեւյալը. «Այս հարցը թողնենք այն պատմաբաններին, որոնք կոչված են մեր տեսակետը վավերացնելու կամ մեր գործին եկող պատմաբաններին»:

Որովհետեւ սա ուրիշ բան չէ, եթե ոչՙ ալա-թուրքա ուղեղների կողմից ստեղծված արեւելյան հասարակ խորամանկություն: Արեւմուտքցին էլ, այո, թեեւ «փուշտ» է, բայց բնավ տխմար չէ:

Արեւմուտքցին մեզ Եվրոպայում չի ուզում տեսնել եւ մեր ուղին դժվարացնելու համար անում է ամեն բան: Որպեսզի մի ուժեղ Թուրքիա չառաջանա, մի օր Կիպրոսի հարց, մի օր հարավ-արեւելյան հարց, այսօր էլ հայկական հարց է ստեղծվում: Նախՙ ԱՍԱԼԱ, ապաՙ PKK, վաղըՙ ո՜վ գիտի ինչ կազմակերպություն մեջտեղ կգա: Մենք էլ այնքան տխմար չենք, որ այս բոլորը չտեսնենք: Բայց ձեր քաղաքականությունը հիմքից սխալ է: Այս գլխով չե՚ք կարող գլուխ դնել այդ անպատիվների հետ: Որովհետեւ դուք կարծում եք, որ ուժեղ լինելը զարթ-զուրթ փչելն է միայն: Իսկ իրավացի լինելու համար հերիք էր ասել. «Եթե ստել եմՙ ստել եմ, ուրիշին ի՞նչ», եւ կամՙ «այո՚, բայց դո՚ւ էլ ես ստել»: Ահա, այս պատճառով է, որ մեր դիմացինները հիմա ջանում են օսմանյան կայսրության ներքին մի հարցի հաշվեցուցակը Թուրքիայի Հանրապետության առաջ դնել եւ Իթթիհատ վե Թերաքի կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ «Թեշքիլաթ Մահսուսայի» վարիչ մի քանի արկածախնդիր դատարկապորտների կերած ք...-ն վճարել տալ ամբողջ թուրք ժողովրդին:

Եթե այս նյութն իսկապես պատմաբաններին թողած լինեինք, այսօր գոնե մեր կուրծքն ուռեցնելով կարող էինք «մեր ձեռքերը մաքուր են» ասել, եւ այդ դեպքում ոչ ոք չէր կարող մեզ նեղը դնել: Իսրայելի խորհրդարանն արդյոք մտքից երբեւիցե անցկացնո՞ւմ է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի հաշիվը ներկայիս գերմանական Բունդեսթագից պահանջել: Բայց դուք դյուրին ճանապարհը ընտրեցիք, որը ֆաշիզմն է: Ֆաշիզմը փորձեցիք, ֆաշիզմն եք փորձում եւ դեռ ֆաշիզմ պիտի փորձեք կիրառել: Դուք գիտեք: Մենք հայրենադավ կամ հարամ կաթ ծծած մարդիկ չենք: Անշուշտ, եթե մեր վրա խուժեն, մենք էլ ձեր կողքին ենք: Բայց հուզվում ենք, որ ստիպված ենք կիսել ձեր սխալի հետեւանքները եւ ահավոր է պայքարել, գիտենալով, որ պարտվելու ենք: Ա՜խ, երանի թե լիբերալիզմ կոչվող աշխարհայացքը 5 համար ավելի մեծ շապիկ չլիներ Թուրքիո համար: Այդ դեպքում շատ ավելի հեշտ կարող էինք հաղթահարել բոլոր այս ցնցումները:

ԷՆԳԻՆ ԱՐԴԸՉ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4