«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՑ ԱՌԱՋԻՆԸ

<20012305.jpg>

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը ելույթ է ունենալու Փարիզի Աստվածամոր տաճարում

Այսօր առավոտյան Փարիզում վայրէջք կատարեց Երեւանից ժամանած ինքնաթիռը, որի ուղեւորների թվում են նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի անդամները: Փետրվարի 13- ին Փարիզի Աստվածամոր տաճարում հայ երաժիշտները համերգ են տալու: Սա ոչ միայն աննախադեպ է պետական երգչախմբի, այլեւ հայ երաժշտական կյանքում: Ընդհանրապես հռչակավոր այս տաճարում միայն բացառիկ երաժիշտներ են ելույթ ունեցել: Համերգին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը:

Մեկնումից մեկ օր առաջ հանդիպեցինք Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանին, որը սիրով պատասխանեց մեր հարցերին:

-Մաեստրո, խնդրում ենք պատմել այս համերգային շրջագայության մասին, առավել եւս, որ երգչախումբը Փարիզ է մեկնում միայն մեկ համերգի համար:

- Այո, մենք միայն մեկ, բացառիկ ելույթ ենք ունենալու: Փարիզի Աստվածամոր տաճարում հայկական երաժշտական խմբերից ոչ մեկին դեռեւս բախտ չի վիճակվել ելույթ ունենալ, ուստի մենք շատ լավ ենք զգում պատասխանատվության չափը: Հանդիսավոր պայմաններում տաճար են մուտք գործելու մեր երկրի եւ Ֆրանսիայի նախագահները: Նրանց ողջունելու ենք երգեհոնային երաժշտությամբ, որից հետո մեր երգչախումբը հանդես է գալու իր ավանդական ծրագրով: Խումբը մեկնում է 84 հոգով, եւ հուսով ենք, որ հաջողությամբ ելույթ կունենանք:

- Ինչպիսի՞ ծրագիր եք ներկայացնելու այս մենահամերգի ժամանակ:

- Համերգը սկսվելու է Երվանդ Սահարունու «Ջանս մրմուռ» ստեղծագործության կատարմամբ, որին հաջորդելու են Մակար Եկմալյանի «Ո՜վ Հայոց աշխարհը»ՙ իմ պրոլոգով, չորս հատված Եկմալյանի «Պատարագից», այնուհետեւ հերթը գալու է Կոմիտասի ստեղծագործություններին, Ալեքսանդր Հարությունյանի «Ռեքվիեմին»: Ապա անցնելու ենք եվրոպական դասական երաժշտությանըՙ Բախ, Հենդել, Գունո, Ֆորե եւ Բեռլիոզ:

- Անչափ բարդ ծրագիր է:

- Այո, բարդ է, սակայն ես հավատացած եմ, որ պատվով դուրս կգանք, թեեւ երգչախումբը մեկնում է առանց մենակատարների: Մեզ հետ մեկնում է միայն երգեհոնահար Սեդրակ Երկանյանը: Ելույթի ժամանակ հանդես կգա նաեւ մեկ ֆրանսիացի երգեհոնահար:

- Բացի այս ելույթից, մոտակա ժամանակների համար ինչպիսի՞ ծրագրեր ունեք:

- Ապրիլի 8-ին մեր երգչախումբը կմեկնի Հունաստան: Նույն օրը Աթենքում համերգ ունենք, որից հետո ապրիլի 11-ին մասնակցելու ենք Սալոնիկի միջազգային փառատոնին: Երրորդ շրջագայությունը լինելու է Շվեյցարիայում, որից հետո ելույթ ենք ունենալու Վենետիկում: Սակայն այս շրջագայության ֆինանսական հարցերը դեռեւս լուծված չեն, եւ մենք սպասում ենք դեպքերի հետագա ընթացքին, ավելի ճիշտՙ բախտի նախախնամությանը: Հաջորդ անգամ Աթենք ենք մեկնելու տեղի սիմֆոնիկ նվագախմբի հրավերով եւ ելույթ ենք ունենալու հուլիսի 22-ին:

- Իհարկե, հաջողություն ենք մաղթում ինչպես փարիզյան, այնպես էլ երգչախմբի մյուս հյուրախաղերին: Բայց, մաեստրո, չենք կարող չնշել, որ վերջին ժամանակներս անչափ սակավադեպ են դարձել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթները Հայաստանում: Երեւանցի երաժշտասերը կարոտել է Ձեր ղեկավարած կապելլայի համերգներին եւ, կարծում եմ, որ Դուք էլ եք կարոտել ձեր ունկնդրին:

- Միակ տեղը, որ երգչախումբը պետք է ելույթ ունենա, «Արամ Խաչատրյան» համերգային մեծ դահլիճն է: Վերջին ժամանակներս մենք այնտեղ հրավիրվում էինք միայն առիթից առիթ: Դրա հետ ֆինանսական դժվարություններ էին ստեղծվում, որովհետեւ մենք պետք է վճարումներ կատարեինք ե՚ւ դահլիճի վարձակալման, ե՚ւ հոսանքի ծախսի համար: Սակայն, փառք Աստծո, ես զգում եմ, որ վիճակն արդեն շտկվում է, եւ արդեն բարյացակամությունը նկատելի է: Հույս կա, որ մոտակա հյուրախաղերից մեկին մենք մեկնելու ենք սիմֆոնիկ նվագախմբի հետ: Տա Աստված, որ ամեն ինչ իրականանա:

- Մաեստրո, որքան էլ Դուք մտահոգված լինեք Ձեր ղեկավարած երգչախմբի առօրեական հարցերով, որքան էլ փորձեք լուծել ձեզ համար անչափ կարեւոր տեղ ունենալու եւ ֆինանսական հարցերը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ անտարբեր չեք Ազգային օպերայի թատրոնում այսօր կատարվող խմորումներին:

- Բարեկամս, բնականաբար ես ցավում եմ ստեղծված իրավիճակով: Հավանաբար սխալ որոշում էր երկու վաստակաշատ ու ճանաչված երաժիշտներին հակադրելը: Կարծում եմ, որ հարցը լուծվելու է միայն ու միայն մի ճանապարհով. մեկը մնալու է, մյուսըՙ գնալու: Երկու ազնիվ մետաղից համաձուլվածք ստանալը շատ դժվար է, անհնար:

- Կրկին դառնանք Ձեր վիճակին: Կարծում եմ, որ հայտնագործություն արած չեմ լինի, որ Հովհաննես Չեքիջյանի նման մարդուն համերգի հրավիրելը նախ եւ առաջ պատիվ պետք է լինի ամեն մի համերգասրահի ղեկավարության համար: Այդպես եղել է միշտ, եւ այդպես պետք է լինի:

- Դա իրենց լուծելիք խնդիրն է, եւ իրենք թող որոշեն: Ես արդեն այնքան բան եմ արել եւ այն տարիքին եմ, որ հավելյալ դափնիների կամ ծափերի կարիք չունեմ: Առավել եւս մտադիր չեմ ուրիշներինը փախցնել: Քիչ է, թե շատ իմ արածը, իմ ապրած կյանքըՙ այդ է: Եվ գնահատականն արդեն կա: Նույն դահլիճում ես հարյուրավոր համերգներ եմ ունեցել, եւ այդ համերգներն անցել են մեծ հաջողությամբ:

- Ամեն դեպքում ճանապարհ մեկնելուց առաջ Ձեզ եւ Ձեր ղեկավարած երգչախմբին հաջողություն ցանկանանք եւ հույս ունենանք ներկա գտնվելու գոնե ձեր երեւանյան համերգներին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4