«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2001-02-06 | #22, 2001-02-07 | #23, 2001-02-08


ԱՆՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ...

Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հանդես է գալիս Բուլղարիայումՙ «Ալբենա Մոբիտել-2001» միջազգային մրցաշարում:

Մրցումների մասնակից 8 թիմերն այժմ հանդես են գալիս երկու խմբերում. առաջին խումբՙ Հայաստանի հավաքական, «Վելբժդ» (Բուլղարիա), «Օսիեկ» (Խորվաթիա), «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան), երկրորդ խումբՙ Ուզբեկստանի հավաքական, «Լեւսկի» (Բուլղարիա), «Ստալ» (Ուկրաինա), «Ռուժեմբերոկ» (Սլովենիա): Խմբերում 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ տեղեր գրաված թիմերը եզրափակիչ փուլում կվիճարկեն համապատասխանաբար 1- 2-րդ, 3- 4-րդ, 5- 6-րդ եւ 7- 8-րդ տեղերը:

Բարձր տեղ գրավելու հույսից արդեն զրկվել է Հայաստանի հավաքականը: Մեր թիմը, որը հանդես է գալիս առանց այլ երկրների ակումբային թիմերի կազմերում խաղացող ֆուտբոլիստների, երկու խաղ է անցկացրել ու երկուսում էլ պարտվել 0- 2 հաշվով:

Հայաստանի հավաքականն առաջին խաղում զիջեց Խորվաթիայի առաջնությունը գլխավորող «Օսիեկին»:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց «Վելբժդ» թիմից: Խաղն այլ արդյունք կունենար, եթե չափից ավելի «չջանային»... բուլղարացի մրցավարները: Ինչպես տեղեկացնում է Ալբենայում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայության պետ, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը, նրանք իրենց հայրենակիցներին ամեն կերպ օգնեցին հաղթելու համար: Ավելացնենք, որ գլխավոր մրցավարը 3 կարմիր եւ 10 դեղին քարտ ցույց տվեց խաղի մասնակիցներին (մեր ֆուտբոլիստներից 2-ը հեռացվեցին, 7-ըՙ զգուշացվեցին):

Ներկայացնենք նաեւ առաջին խմբի մյուս երկու խաղերի արդյունքները. «Կռիլյա Սովետով»-«Վելբժդ»ՙ 1- 1, «Օսիեկ»-«Կռիլյա Սովետով»ՙ 1- 1: Մրցաշարային աղյուսակում իրադրությունն այսպիսին է. 1- 2. «Օսիեկ», «Վելբժդ»ՙ 4-ական, 3. «Կռիլյա Սովետով»ՙ 2, 4. Հայաստանՙ 0 միավոր:

Երրորդ տուրում մեր հավաքականը մրցելու է «Կռիլյա Սովետովի» հետ:

Երկրորդ խմբում մեկ տուր է անցկացվել: Ահա թե ինչպես են ավարտվել խաղերը. «Լեւսկի»-Ուզբեկստանՙ 3- 0, «Ստալ»-«Ռուժոմբերոկ»ՙ 1- 1:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4