«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱԺ-ԻՆԸ ԼԻՆԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խնդիրը իր լուծումը ստացել է դեռեւս կառավարության փետրվարի 1- ի նիստում», ասաց տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանըՙ նկատի ունենալով հիշյալ նիստում «Հանրապետություն» ՓԲԸ ստեղծելու մասին կառավարության ընդունած որոշումը:

Հիշեցնենք, որ նշված որոշմամբ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լուծարումից եւ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքը անհատույց փոխանցվելու է «Հանրապետություն» ՓԲԸ- ին, որը եւ այսուհետ իրականացնելու է «Հայաստանի Հանրապետության» հրատարակումը: ՓԲԸ բաժնետերերի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության աշխատակազմերի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունների պետերըՙ ի պաշտոնե: Ըստ Է. Միլիտոնյանի, «ՀՀ»- ն նախկին կարգավիճակով չէր կարող հրատարակվել այն պարզ պատճառով, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս պետական հիմնարկ Ազգային ժողովին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նրա հավաստմամբ, ներկայումս ընթանում են կազմակերպչական աշխատանքներ, եւ առաջիկայում «Հայաստանի Հանրապետությունը» դարձյալ լույս կտեսնի:

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետը անհասկանալի համարեց նաեւ այն հարցադրումները, թե իբր պետության կողմից մամուլի մասնավոր միջոցներին աջակցության ցուցակներում տեղ չեն գտել մի շարք առաջատար օրաթերթեր: Էդուարդ Միլիտոնյանը ընդգծեց, որ ութ թերթեր, այդ թվումՙ «Ազգը», «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Ժամանակը», «Չորրորդ իշխանությունը» գրավոր դիմել են վարչությանըՙ հրաժարվելով իրենց հասանելիք օժանդակությունիցՙ ի նպաստ «Կանչ», «Ծիծեռնակ» եւ «Աղբյուր» մանկական պարբերականների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4