«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը ԱԺ պատգամավորներ Էմմա Խուդաբաշյանին եւ Արամայիս Բարսեղյանին փետրվարի 9-ի առավոտյան հայտնել է, որ նախորդ օրը ինքը հրաժարական է ներկայացրել հանրապետության նախագահին: Այս մասին հայտնեց «Հայոց տուն» միության նախագահ Վարդան Պետրոսյանը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը: Գլխավոր դատախազի հետ պատգամավորների հանդիպման նպատակն էր միջնորդել «21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանի դեմ հարուցված գործը կարճելու հարցով: Ըստ Վարդան Պետրոսյանի, հրաժարականը Բորիս Նազարյանը պատճառաբանել է Ա. Վարդանյանի դեմ հարուցված գործի հետ կապված իր հատուկ կարծիքով: Ինչպես ընդգծեց Էմմա Խուդաբաշյանը, գլխավոր դատախազի հրաժարականը վերջինիս զերծ կպահի քավության նոխազի դերում հայտնվելուց:

Հաղորդագրությունը ճշտելու նպատակով «Ազգը» դիմեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության պետ Գուրգեն Ամբարյանին, որը հայտնեց, թե իրեն նման բան հայտնի չէ: Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմին, պատասխանատու պաշտոնյաներից մի քանիսը հավաստիացրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի անունից ոչ մի դիմում չի գրանցվել իրենց մոտ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4