Փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 12-ին պետական այցով կմեկնի Ֆրանսիա: Հայաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով Ֆրանսիայում կգտնվի փետրվարի 12- 16-ը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանը, արտաքին գործերի, արդյունաբերության եւ առեւտրի, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարները, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահին կուղեկցեն նաեւ մի խումբ գործարարներ:
Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի, վարչապետ Լիոնել Ժոսպենի, Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի եւ Ազգային ժողովի նախագահ Ռեյմոն Ֆորնիի հետ:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվին պետական ճաշ է տրվելու Ելիսեյան պալատումՙ ֆրանսիական պետության ղեկավար Ժակ Շիրակի կողմից:
Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվելու է հանդիսավոր ընդունելությունՙ Հայաստանի Նախագահի պետական այցի առթիվ:
Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի Ֆրանսիա- Հայաստան բարեկամական խմբերի, ֆրանսիական գործարար շրջանակի հետ:
Հայաստանի նախագահը փետրվարի 13-ին Փարիզի Աստվածամոր տաճարում ներկա կգտնվի Հայաստանի պետական երգչախմբի հանդիսավոր համերգինՙ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին:
Նախատեսվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 15-ին, պետական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության նախագահը կայցելի Լիոն, որտեղից փետրվարի 16-ին կվերադառնա Երեւան:
ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը փետրվարի 9-ի ճեպազրույցում, ըստ «Նոյյան տապան» գործակալության, հայտնեց, որ քննարկման փուլում են գտնվում երկկողմ փաստաթղթեր, մասնավորապես օդային կապի եւ մաքսային հարաբերությունների վերաբերյալ, սակայն ներկա այցի ընթացքում չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում:
Մամլո քարտուղարը նշեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկիՙ Ֆրանսիայի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան խնդիրը շրջանցվել չի կարող: