ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անատոլու» թուրքական գործակալությունը հաղորդում է, որ Շվեյցարիայի խորհրդարանը մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Ծագումով հույն պատգամավոր Յոզեֆ Զիադիսի պատրաստած եւ 4 պատգամավորների կողմից ստորագրված նախագիծը քննարկվելու է մարտին:
Մինչդեռ Անկարայում Շվեյցարիայի դեսպանը հայտարարել է, թե Շվեյցարիայի կառավարությունը որեւէ մտադրություն չունի բարձրացնելու Հայոց ցեղասպանության հարցը: Միեւնույն ժամանակ նա փաստել է, որ իշխանության տարբեր ճյուղերը իր երկրում տարանջատված են, եւ անկախ կառավարության դիրքորոշումից, խորհրդարանը գարնանը կարող է քննարկել այդ հարցը: Իր հերթին «Ջումհուրիեթ» թուրքական թերթը, վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ հարաբերությունները երկու երկրների միջեւ լրջորեն կվնասվեն, եթե չկանխվեն Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու փորձերը: