«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ԵՌԱԳՈՒՅՆ ՓԱՐԻԶԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ինչպես են Ֆրանսիայում կազմակերպվում պետական այցերը

Տարիներ առաջ Փարիզում էի. հորսՙ դիվանագետ ու լրագրող Հենրիկ Լիլոյանի հետ զբոսնում էինք Ելիսեյան դաշտերով, որոնք զարդարված էին ինչ-որ պետության դրոշներովՙ դրա ղեկավարի պետական այցի կապակցությամբ:

- Պատկերացնո՞ւմ ես, մի օր Շան զԷ՚ լիզեն Հայաստանի դրոշակներով զարդարված կլինի, մի պահ լռելուց հետո մտորեց հայրս:

Երկուշաբթի օրը վաղամեռիկ հորս երազանքն իրականություն կդառնա. նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցի առիթով Փարիզի գլխավոր պողոտանՙ իր ողջ երկայնքով երիզված կլինի հայաստանյան եռագույններով. Ռոբերտ Քոչարյանի այցի առթիվ ՀՀ պետական դրոշներով է զարդարվում Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատը, ՀՀ նախագահի ժամանակավոր նստավայր Մարինյի պալատը, Ֆրանսիայի վարչապետի նստավայր Մատինյան պալատը, խորհրդարանի երկու պալատներիՙ Սենատի ու Ազգային ժողովի Լյուքսեմբուրգյան ու Բուրբոնյան պալատները: Հայաստանյան եռագույն դրոշակի փնջերը կզարդարեն Փարիզի քաղաքապետարանն ու Էնվալիդ հրապարակը, ուր վայրէջք կկատարի նախագահական ուղղաթիռը, որը ՀՀ պատվիրակությանը կբերի Օռլի օդանավակայանից: Պետական այցը միջպետական այցերի բարձրագույն մակարդակն է, երեկ փաստեց նախագահի մամլո քարուղար Վահե Գաբրիելյանը:

Հիրավի, ֆրանսիական արարողակարգը շատ մեծ կարեւորություն է տալիս պետական այցերի կազմակերպմանը: Դրանք տարեկան երեք-չորսն են եւ ընդգծում են տվյալ երկրի հետ Ֆրանսիայի հարաբերությունների արտոնյալ, բարձր մակարդակը:

Հետաքրքրական է Ֆրանսիայում օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի կազմակերպումը: Դրա հանգամանքներին հնարավորություն եղավ ծանոթանալ այդ երկրի արտգործնախարարության պետական արարողակարգի ծառայությունում ու Փարիզի օդանավակայանների վարչությունում: Այդ մասին գրել եմ նաեւ «Էխո պլանետի» մոսկովյան հանդեսում:

... Ֆրանսիայի մայրաքաղաքի երկուՙ Օռլի եւ Ռուասի-Շառլ դը Գոլ օդանավակայանները տարեկան սպասարկում են ավելի քան 50 մլն մարդու: Եվ այդ միլիոններից միայն տասնյակներն են աշխարհիս հզորներըՙ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, կայսրերն ու թագավորները: Հատկապես այդպիսի անվանի ուղեւորների են սպասարկում Ֆրանսիայի մայրաքաղաքի օդային դարպասների պատվո սրահները:

1960 թ.-ի մարտի 23-ը Օռլի օդանավակայանի պատմության մեջ համարվում է հիշարժան տարեթիվ: Այդ օրը Փարիզ ժամանեց խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովը, եւ նրա դիմավորման համար հատուկ կառուցվեց սոճու խրճիթ: Խորհրդային կառավարության ղեկավարին Ֆրանսիա առաջին այցի կազմակերպիչների մտահղացմամբ այդ յուրօրինակ կառույցը հյուրին պիտի հիշեցներ հայրենի երկրամասերը: Այսօր, 41 տարի անց, Օռլիում խրուշչովյան խրճիթը վաղուց ի վեր չկա, տեղափոխվել է Վերսալի մոտ գտնվող ռազմական օդանավակայան: Նրա փոխարեն եկավ նոր, ժամանակակակից պատվո սրահը, որը բացվել է 1969 թ. դեկտեմբերին, նրա առաջին հյուրերն էին Լուսնի վրա ոտք դրած ամերիկացի աստղագնացներ Նեյլ Արմսթրոնգը եւ Էդվին Օլդրինը: Միայն սրահի այցելուների թվարկումը կարող է կազմել մեր ժամանակների քաղաքական աշխարհի մի ամբողջ հանրագիտարան: Իսկ «Իզբա» (ֆրանսիացիք այդպես էլ կոչում են)ՙ խրճիթի անունն այդպես էլ մնաց Օռլիի պատվո սրահի վրա:

Ի՞նչ է պատվո սրահը: Այդ սպիտակավուն կառույցը սովորական օրերին դժվար է տարբերել օդանավակայանի հսկայական ֆոնի վրա: Պատվո սրահը Ֆրանսիայի ամենաբարձրաստիճան հյուրերի գալուն պես լրիվ կերպարանափոխվում էՙ համաձայն պետական արարողակարգի պահանջների: Արարողակարգի մանրամասները սահմանում է արտգործնախարարությունըՙ դրանք հանձնելով Փարիզի օդանավակայանների վարչությանը: Որո՞նք են այդ մանրամասնությունները. Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում չհստակեցրին, բացատրելով, որ այդ տեղեկությունները կրում են փակ, ծառայողական բնույթ: Չէ՞ որ ընդունելության մակարդակը, դիմավորելու արարողությունը նրա առանձին, նույնիսկ աննշան նրբերանգները երբեմն վկայում են Ֆրանսիայի վերաբերմունքի փոփոխման մասին այս կամ այն պետության նկատմամբ: «Անկեղծ ասաց, մեզ ասաց ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցը, նույնիսկ մենք նախարարությունում միշտ չէ, որ տեղյակ ենք արարողակարգի ծառայության գաղտնիքներին»:

Պետական այցով ժամանող ղեկավարին դիմավորում են Ֆրանսիայի կառավարության անդամներըՙ ոստիկանության ու դեպարտամենտի պրեֆեկտների ուղեկցությամբ: Զինվորական պատիվ տալիս են Ֆրանսիայի զինված ուժերի երեք զորատեսակների ստորաբաժանումներն ու հանրապետական գվարդիանՙ շեփորներով, ընդհանուր առմամբ մոտ 500 մարդ: Ավելի ցածր մակարդակիՙ պաշտոնական եւ աշխատանքային այցերի ժամանակ պաշտոնական եւ զինվորական պատիվները նվազ են: Այցի յուրաքանչյուր տեսակին համապատասխանում են դիմավորման եւ ընդունելության բավականին խիստ կանոններ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ից ցուցում ստանալուց հետո օդանավակայանում շարժման մեջ է դրվում կազմակերպական բնույթի մի ամբողջ համակարգ: Այստեղ ուշադրություն է դարձվում ամեն տեսակի մանրուքի. չէ՞ որ թեք ուղեգորգը, չաշխատող խոսափողը, վատ ամրացված դրոշակը կարող են ունենալ դիվանագիտական կարգի տհաճ հետեւանքներ: Ոչ մի բան չպետք է անուշադրության մատնվի. անհրաժեշտ է ստուգել թե՚ էլեկտրասնուցումը, թե՚ ինժեներա-տեխնիկական ծառայությունների եւ օժանդակ այլ ստորաբաժանումների, բժիշկների պատրաստականությունը: Օդանավակայանի ծառայությունների վետերաններից ամենաբծախնդիրները հաշվարկել են, որ դիմավորման նախապատրաստումը պետք է սկսվի 2 ժամ առաջ, իսկ բարձր մակարդակովՙ պետական այցի, ամբողջ 7 ժամ: Անհրաժեշտ է բարձրացնել երկու պետություններիՙ Ֆրանսիայի եւ հյուրի երկրի 78 դրոշակներ, գցել 243 մետրանոց ուղեգորգ: Վայրէջք կատարելուց հետո օդանավակայանի ծառայությունների հատուկ ավտոմեքենան նախագահական ինքնաթիռին ուղեկցում է «իքս» կոչվող կանգառ, որը գտնվում է պատվո սրահի դեմ-դիմաց: Պաշտոնական կամ աշխատանքային այցի դեպքում բարձրացվում է 26 դրոշակ, մասնավորի ժամանակՙ միայն 8: Ի դեպ, Օռլի օդանավակայանում մեզ հպարտությամբ տեղեկացրին, որ հատուկ պահեստում պահում են 180 երկրի մոտ 4,5 հազար պետական դրոշակներ:

Հիմնականն է անվտանգության հարցը: Պետական այցի դիմավորումը նախատեսում է 25 ոստիկանների, ոստիկանության հատուկ ստորաբաժանումների 80 զինծառայողների եւ ոչ պակաս, քան 180 ժանդարմների մոբիլիզացիա, որոնց հետ սերտորեն փոխգործակցում են օդային-սահմանապահ ոստիկանությունը եւ ավիատրանսպորտային ժանդարմերիան: Սակրավորների եւ հատուկ վարժեցված շներով ստուգումից հետո պատվո սրահը մնում է խիստ հսկողության տակ: Մինչեւ վերջին պահը այնտեղ ոչ ոք մուտք չունի:

Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Ինքնաթիռը վայրէջք է կատարում եւ մոտենում օդանավակայանի շենքին: Դիմավորող պաշտոնական անձինք ողջունում են հյուրին, որը դանդաղ քայլերով կարմիր ուղեգորգի վրայով անցնում է պատվո պահակի շարքը: Ազգային գվարդիայի նվագախումբը կատարում է երկու երկրների պետական հիմները: Մի քանի աստիճան բարձրանալով, հյուրը մտնում է պատվո սրահ: Առանձնահատուկ հյուրերի համար պատվո սրահը առավել շքեղ է կահավորվում, թանգարաններից բերվում են թավշյա բազկաթոռներ, հին գոբելեններ, ինչպես դա եղավ Մեծ Բրիտանիայի թագուհու այցի առթիվ:

Այնուհետեւ հյուրերը նստում են ռազմական ուղղաթիռներ եւ ուղեւորվում Փարիզ: Պետական այցը սկսված է...

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4