«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄՆԵՐԸՙ ՀՀԿ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ»

<20012501.jpg>

Իսկ ՀԺԿ-ն խորհրդարանի ամենապահպանողական ուժն է համարվում

Հանրապետական կուսակցության ներսում կատարվող տեղաշարժերը մի ավելորդ անգամ եւս բարձրացնում են քաղաքական դաշտում ուժերի նոր վերաբաշխումների հնարավորության ու անհրաժեշտության խնդիրը: Որքանո՞վ է դա իրական այսօրվա իրավիճակում եւ ո՞ր ուղղություններով դրանք կարող են տեղի ունենալ: Այս անգամ խնդիրը փորձեցինք դիտարկել փոքր-ինչ անկյունային դիրքերիցՙ կարծիք հայտնելու հրավիրելով քաղաքական տեղաշարժերի վրա այդքան էլ ազդեցություն չունեցող ԱԺ անկախ պատգամավորների: Այսուհանդերձ, առաջինը ներկայացնում ենք խորհրդարանական «Միասնության» ղեկավարի տեսակետը:

Գալուստ Սահակյան («Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ). ՀՀԿ-ն 90-ական թթ. ձեւավորված եւ գրանցված թիվ 1 կուսակցությունն է եւ մինչ այսօր որեւէ դիրքորոշում չի փոխել: Չեմ կարծում, որ այս առումով որեւէ մեկը կարող է մեզ մեղադրել: Վերադասավորումները նորմալ եմ համարում, եթե դրանց հիմքում ձեւավորվում են որոշակի սկզբունքներ: Առայժմ ինձ համար նկատելի չէ նոր ձեւավորվող ինչ-որ մի սկզբունք, եւ կարծում եմ, որ գնահատականներում շտապում են: Այն, ինչ կատարվում է կուսակցության մեջ, ճգնաժամ չէ, այլ ներկուսակցական խնդիր, որովհետեւ հանրապետականները դեռ սկզբից էլ մեծ խմբերով եկել, մեծ խմբերով էլ գնացել են: Դա կապված է հենց նրա հետ, որ հանրապետականների մեջ միանշանակ սկզբունքների որոշակի դաշտ գոյություն ունի: Մարդիկ չեն համակերպվում, գնում են: Չեմ կարծում, որ դա քաղաքական շրջանառության թեմա կարող է դառնալ: Բայց, ցավոք, նկատում եմ, որ այս հարցը ցանկանում են քաղաքականացնել:

Մանուկ Գասպարյան (ԱԺ անկախ պատգամավոր, ՀԺԿ անդամ). Հանրապետականների կուսակցության հետ կապված զարմանալու ոչինչ չկա: Այդ կուսակցության 3- 4 անգամ խոշորացումը տեղի ունեցավ մեկ մարդուՙ Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ: Երկրապահները մտան կուսակցություն եւ, գաղափարական հենք չունենալով, չունենալով նաեւ երկարամյա աշխատանքի փորձ, կուսակցությունն արհեստականորեն մեծացրին: Հիմա Վազգեն Սարգսյանը չկա, իսկ Բազեյանը դուրս եկավ ՀՀԿ վարչությունից: Երկրապահները ուզեին-չուզեին պետք է դուրս գային, քանի որ կուսակցությունում մնացել էին զուտ ամոթից դրդված եւ այն համոզմամբ, որ կառավարությունում առաջիկայում կարող է իրենց պաշտոն տան: Ինչպես տեսանքՙ նման առաջարկներ չեղան: Իսկ Բազեյանի նման մարդը քաղաքականությունից դուրս մնալ չի կարող: Համոզված եմ, առաջիկայում նա ստեղծելու է կուսակցություն, որի համար կան ֆինանսական աղբյուրներ ստեղծողներ, եւ գնալու է 2003 թ. խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ղեկավար կամ Արամ Սարգսյանը կարող է լինել, կամ Ալբերտ Բազեյանը: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ես կարծում եմ, որ մենք այս տեմպերով չպետք է գնանք: Մենք պետք է լինենք խորը ընդդիմությունՙ եթե ոչ պառլամենտում եւ կառավարությունում, ապա նախագահին անպայման պետք է ընդդիմություն կազմենք: Եթե մինչեւ 2003 թ. շարունակենք գնալ այս տեմպերով, մեզ այդքան ձայն երբեք չեն տալու եւ նույնիսկ երեւի թե դժվարությամբ հաղթահարենք 5 տոկոսի արգելքը:

Հմայակ Հովհաննիսյան (ԱԺ պատգամավոր, Քաղաքագետների միության նախագահ). Նոր խորհրդարանական մեծամասնության ստեղծումն անհնարին գործ չէ, որովհետեւ եթե նախկինում վերադասավորումների հնարավորությունը կար, բայց չօգտագործվեց, դա «Միասնություն» դաշինքի բարի կամքի դրսեւորումն էր միայն: Եթե դաշինքի մեջ մտնող միավորներից մեկը ցանկանա այդ վերադասավորումներին գնալ, ապա պրակտիկորեն նա կկարողանա այդ կատարել:

Եթե նկատի ունենանք Տիգրան Թորոսյանի այն արտահայտությունը, որ Դաշնակցությունը քվեարկում է Հանրապետական կուսակցության հետ համահունչ, դա որոշակի ակնարկ է, որ նոր խորհրդարանական մեծամասնություն ստեղծելու շուրջ մտածում են. ՀՀԿ, Դաշնակցություն, «Կայունություն» եւ այլ ֆրակցիաներ, որոնք ներքին ակտիվ խմորումների մեջ են: Այս տարվա բյուջեի քննարկումը եւ ընդունումը (100 ձայնով) ցույց տվեց, համենայն դեպս, որ եթե ՀՀԿ-ն ոչ թե ոչ պոպուլյար հարց դնի բյուջեի օգտին քվեարկելու, այլ բավականին պոպուլյար վերադասավորումների խնդիր դնի, հաջողության կհասնի: Դա միայն ցանկության հարց է:

ՀԺԿ-ի պարագան այլ է: Եթե նա ցանկանար, չէ՞ որ վերաձեւումների կարող էր գնալ: Եթե հիշում եքՙ նման փորձ արվեց, որն այդպես էլ մինչեւ վերջ չիրագործվեց (նկատի է առնվում «Ազգային միաբանություն» կուսակցության հետ սկսված հարաբերությունների սերտացման գործընթացը- Գ. Ա.): Կարծում եմ, վերաձեւումների նախաձեռնությունն այս դեպքում հանրապետականների ձեռքում է: Փաստենք, որ անհրաժեշտ քանակություն (մասնակիցների տեսակետից) նոր մեծամասնություն ստեղծելու համար առկա է: Համենայն դեպս, այս վիճակում այսօր հայտնի պատճառներով ՀԺԿ- ն ամենակոնսերվատիվ ուժն է, ԱԺ-ումՙ պահպանողականը: Հասկանալի է, որ նրանք ունեն ե՚ւ ԱԺ խոսնակի, ե՚ւ փոխխոսնակի աթոռների պահպանման խնդիր, դրա հետ մեկտեղ նաեւ հավակնություններ կառավարությունում:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4