Իսկ դուքՙ կոմունիստներ, լռե՚ք
ՀՅԴ 110-ամյակին նվիրված հանդիսությանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն իր զեկույցում անդրադարձավ, իր իսկ կարծիքով, «մեր սրտի ու հոգու բեկոր Ջավախքի ծանր ու դժվարին ներկային»: Պրն Մարգարյանն ասաց. «Կացություն, որ հետեւանք է Վրաստանում տիրող քաղաքական բարդ իրավիճակի եւ տարածաշրջանում վրացական իշխանությունների վարած ոչ հեռատես քաղաքականության... Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար կարեւոր է, որ Սահմանադրության համապատասխան կետի հաստատման պահին չանտեսվի, չարհամարվի Ջավախքին ազգային առանձին վարչատարածքային կարգավիճակ շնորհելու հարցըՙ Ջավախքի ինքնավարության իրավունքը: Ինչքան էլ թանկ լինի մեզ համար Հայաստան-Վրաստան լավ հարաբերությունների պահպանումը, այդ բարեկամության զոհ չի կարող լինել հայկական Ջավախքը, որտեղ հայության, մարդկային, ազգային եւ մշակութային տարրական իրավունքները հաճախ ոտնահարվում են, իսկ սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի խորացումովՙ հայաթափման վտանգ է սպառնում շրջանին»:
Մենք լիովին ընդունում ենք պրն Մարգարյանի մտահոգությունը: Այո, Ջավախքին հայաթափման վտանգ է սպառնում: Մի քիչ ավել, մի քիչ պակասՙ հայաթափման վտանգ է սպառնում նաեւ Հայաստանին: Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե պետք է Ջավախքի ինքնավարություն պահանջել: Հասկանալի է, ՀՅԴ-ն իր գաղափարախոսությունից չի կարող հրաժարվել, միեւնույն ժամանակ ՀՅԴ-ին թույլ չի տրվում միջամտել հարեւան երկրի ներքին խնդիրներին: Այսօրվա պայմաններում, երբ ՀՅԴ-ն սատարում է ՀՀ նախագահ Քոչարյանին, կառավարության մաս է կազմում, Դաշնակցության առաջնորդներից մեկի հայտարարությունը հարեւան երկրում ընկալվում է որպես պաշտոնական Երեւանի տեսակետ: Վրացական թերթերն արդեն իսկ գրում են, թե, իբր, այն, ինչը չի ցանկանում հրապարակավ ասել Քոչարյանը, նրա փոխարեն ասում են դաշնակցականները:
«Ժամանակն է համազգային ճիգ ու ջանքով, կազմակերպվածությամբ աջակցել Ջավախքի կարիքներինՙ կյանք ու ոգի տալով հայ եկեղեցու, դպրոցի, մշակույթի օջախների եւ ընդհանրապես մարդկային-ազգային իրավունքների պաշտպանությանը կոչված կառույցներին», ասել է պրն Մարգարյանը: Լավ միտք է, իսկական հայրենասերի խոսք: Եկեք միասին կյանք ու ոգի տանք հայ եկեղեցուն, դպրոցին, մշակույթին: Բայց պարտադի՞ր է Ջավախքի ինքնավարությունը: Առանց այն էլ Ջավախքում իրավիճակը լարված է, եւ մեկ կրակոցով կարելի է հայ-վրացական պատերազմ հրահրել:
Առավել անհանգստացնող է ՀՀ Ազգային ժողովի, Հայկոմկուսի խմբակցության անդամ Ֆրունզե Խառատյանի հայտարարությունը. «Ինչ ուզում եք գրեք, ուզում եք գրեք պատերազմ, բայց Ջավախքի խնդիրն արդեն վաղուց է հասունացած»: Պատերա՞զմ:
Ենթադրաբար, Ֆրունզե Խառատյանն առաջինն է մեկնելու ճակատ, անշուշտ, Խորեն Թռչունիչի հետՙ վերջինիս տաքսիով: Իսկ ավելի լուրջՙ ծերուկ կոմունիստներ, վերջ տվեք մտավարժանքներին կամ ընդհանրապես լռեք: Ազգային նման հարցերում ձեզ խոսք չի հասնում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ