Նշել է Լորդերի պալատի ներկայացուցիչ լորդ Էյվբերինՙ քննադատելով Բրիտանիայի ներկա կառավարության դիրքորոշումը, որը մինչեւ վերջին րոպեն չէր ուզում Հայկական ցեղասպանությունը ընդգրկել հունվարի 27-ի Հոլոքոսթի օրվա հիշատակման արարողություններումՙ իբր «ապացույցների բացակայության» պատճառաբանությամբ: Լավագույն ապացույցը բրիտանական «Կապույտ գիրքն» է, որը Արա Սարաֆյանի խմբագրությամբ, նախաբանով եւ լրացուցիչ տեղեկություններով վերահրատարակվել է վերջերս: «Արա Սարաֆյանին պետք է արժանին մատուցել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին պատմող այդ եզակի հատորը հանրության սեփականությունը դարձնելու համար», ավելացրել է նա:
Պաշտոնական շրջանակներում «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում 1915-16 թվերին» վերնագրով ճանաչված հատորը հեղինակել են ճանաչված պատմաբան Առնոլդ Թոյնբին եւ դերկոմս Ջեյմս Բրայսը, որոնց կառավարությունը հանձնարարել է տեղում պարզել եղելությունը եւ զեկուցել: Թոյնբին տքնաջանորեն հավաքել է ականատեսների բազմաթիվ վկայություններ եւ չափազանց բծախնդրորեն ստուգելուց հետո միայն հանձնել դրանք հրատարակման: Բրայսն օգտագործել է նյութերըՙ պաշտպանելու ցեղասպանության վերաբերյալ իր թեզը եւ հրատարակել դեռ այն ժամանակ, երբ կոտորածները շարունակվում էին:
Գրքում բերված են Միացյալ Նահանգների հյուպատոսարանի եւ միսիոներական կազմակերպությունների, ինչպես նաեւ գերմանացի, իտալացի, դանիացի, շվեդ, նորվեգացի, հույն, քուրդ եւ հայ ականատեսների վկայությունները: Սակայն առաջին հրատարակության մեջ անվտանգության նկատառումներով հիշատակված չեն եղել որոշ մարդկանց եւ տեղանքի անուններ:
Հետագա հրատարակություններում այդ անունները նույնպես տեղ չեն գտել: Բայց ներկա հատորում Արա Սարաֆյանը ոչ միայն ամենայն մանրամասնություններով լրացրել է այդ բացթողումները, այլեւ ցույց տվել աշխատության լուրջ գիտական եւ մտավորական բնույթը, այն մանրակրկիտ եւ հետեւողական պրպտումները, որ կատարվել են Թուրքիայում այդ ժամանակ: Նա գրքում զետեղել է Թոյնբիի ձեռագրի բնօրինակը, նրա նամակագրությունները տեղեկությունների հեղինակների հետ եւ զեկուցագրերը, որոնք Լոնդոն են ուղարկվել այդ թվերին:
Այս ամենը հիմք են ծառայել Լոնդոնում հրատարակվող «Թայմսի» գրական հավելվածինՙ գրախոսելու հատորը եւ գրելու. «Սարաֆյանի ներկա ուսումնասիրությունը բարձրակարգ փաստագրություն է: Նա համոզիչ կերպով հերքում է բոլոր այն փաստարկները, որ իբր անճշտություններ են այնտեղ գոյություն ունեցել, կամ որ այնտեղ ներկայացված փաստաթղթերը եղել են միակողմանի եւ ծառայել են զուտ բրիտանական քարոզչությանը»:
Առնոլդ Թոյնբին, ի դեպ, այնքան է ցնցված եղել իր տեսածով, որ 1967- ին «Ծանոթություններ» վերնագրով իր հուշագրության մեջ գրել է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ կատարած ուսումնասիրություններս այնքան են տպավորել ինձ, որ նույնիսկ դրանից հետո նացիստների սառնասրտորեն կատարած առավել մեծ տարողության ցեղասպանությունը չի կարողացել թուլացնել դրա ազդեցությունը: Ցանկացած մեծ ոճրագործություն, անհատական թե հասարակական, անձնական թե անանձնական, մի հարց է բարձրացնում, որը վեր է ամեն տեսակի ազգային սահմաններից: Հարցը խորանում-հասնում է մարդու էության մեջ: 1915 թ. Թուրքիայում կատարված ցեղասպանության իմ ուսումնասիրությունները հասկացրել են ինձ ամենասկզբնական մեղքի իսկությունը»:
Մասնագետների կարծիքով, «Կապույտ գրքի» վերահրատարակումը պատիվ է բերում Պրինսթոնի (Նյու Ջերսի) Կոմիտաս ինստիտուտին, որը վերջին շրջանում ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական գրքերի շարք հրատարակելու շնորհակալ գործին: