«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՄՈԲԻԼԻԶԱՑՎԱԾ ԵՆ ՀԱՅՈՑ «4T» ԾՐԱԳՐԻ ԴԵՄ

Հունվարի վերջին օրերին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ինտերնետային ուեբ սայթում (www. tsk.mil.tr), որպես «Առաջին էջ», հայտնվեց «Հայկական հարց» վերնագիրը կրող նյութը: Վերջինիս թուրքերեն լինելու փաստը մղում է ենթադրելու, որ նյութը հիմնականում նախատեսված է թուրքերի համար: Նրանց հակահայկական կրքերն էլ ավելի բորբոքելու համար ուեբսայթի առաջին էջի կենտրոնում զետեղվել է մի մեծ լուսանկար, որի մակագրությունն ամեն ինչ ասում է. «Սուբատան գյուղում հայերի կողմից (1918 թ., ապրիլի 25-ին) նահատակված կանայք եւ փորերը ճեղքելով արգանդներից հանված երեխաներ»:

A-4 ֆորմատի շուրջ 7 էջից բաղկացած «Հայկական հարց» հոդվածը բաղկացած է ութ բաժնից: Դրանցում Թուրքիայի զինված ուժերը մոբիլիզացրել են թուրքական հակահայկական պատմագիտությունը, որի տեսակետները հայտնի են մեզ: Այսուհանդերձ, թուրքական գլխավոր շտաբի այս նյութի մեջ կան որոշակի նրբերանգներ, որոնք հնչում են առաջին անգամ:

«Մուտք» բաժնում թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը պատմագիտական նյութի մեջ մտցնում է ռազմական գիտությանը հարիր բառեր ու մոտեցումներ: Այսպես, տեղեկացվում է, որ 1960-ական թթ. երկրորդ կեսից հայերը ծրագրված հակաթուրքական աշխատանք են տանում, որը, ըստ թուրքական գլխավոր շտաբի, ունի «4T» կոդային անունը: Պարզվում է, որ այդ խորհրդավոր կոդը թուրքերը կարողացել են գաղտնազերծել. հայոց «փուլ առ փուլ» պայքարի հերթական փուլերի թուրքերեն անունների լատինական սկզբնատառերն են: Այդ փուլերն ենՙ «տանիտիլմա, տանինմա, տազմինաթ, տոբրակ», այսինքնՙ Հայոց ցեղասպանության քարոզչություն (ի դեպ, ըստ թուրքերի, «ահաբեկչության միջոցով»), այդ ցեղասպանության համընդհանուր ճանաչում, հատուցումներ եւ Թուրքիայից հողերի պահանջ:

Երկրորդ բաժնում թուրք զինվորականությունը, իր խնդիրները թողած, խորանում է հայ ժողովրդի ծագման, հայկական պետությունների գոյության (ավելի շուտՙ չգոյության) եւ հայ-թուրքական շուրջ հազարամյա պատմության բավիղների մեջ: «Ըստ հանրագիտարանային աղբյուրների», իսկ իրականում, ըստ այս թուրք կեղծարարների, պարզվում է, որ հայ ժողովրդի կազմավորման տարածքն են եղել Երեւանի ու Սեւանա լճի շրջակայքը, Ուրմիա լճի հյուսիսն ու Մակուի մերձակայքն ընդգրկող տարածքը: Մի խոսքովՙ հայությանը լռելյայն կոչ է ուղղվում իրենց պահանջատիրական պայքարի սլաքն ուղղել Իրանի դեմՙ ազատագրելու Պարսկահայքը: Այս տեսակետը, մեր կարծիքով, առաջին անգամ է երեւում թուրքական պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներում, ինչը մտորումների տեղիք է տալիս եւ առնվազն կոչված է փչացնելու հայ-իրանականՙ ռազմավարական նշանակության հարաբերությունները:

Թուրք զինվորականների համաձայն, հայ պատմաբաններն իսկ միակարծիք չեն հայ ժողովրդի ծագման մասին. մի մասը հայերին համարում է հիթիթների ժառանգորդներ, մի ուրիշ մասըՙ «Նոյի որդիներից Հայկի» հետնորդներ: Այստեղից, գեներալ-պատմաբանները եզրակացնում են, որ «որեւէ մի վայրում հայերի «սա մեր հայրենիքն է» հայտարարությունն անհիմն է»: Այսինքնՙ հայերը թեեւ ունեն բնօրրան (վերոնշյալ տարածքը), սակայնՙ հայրենիք չունեն: Այստեղից կարելի է հետեւել, որ այսօրվա ՀՀ, ԼՂՀ ու հարակից ազատագրված տարածքները հայոց հայրենիքի մասնիկները չեն, հետեւաբարՙ դրանք «փեշքեշ» են հարեւանների համար:

Շարունակելով իրենց պատմագիտական պրպտումները, թուրք գեներալները հայտարարում են, որ պատմության ամբողջ ընթացքում հայերը պետություն չեն ունեցել, այլ ընդամենըՙ «դերիբեյիություններ» (կիսանկախ իշխանություններ) ու մշտապես գտնվել են պարսիկների, մակեդոնացիների, արաբների, թուրքերի, եւայլնի տիրապետության տակ: Պարզվում է, որ 1071 թ. Մանազկերտի ճակատամարտում հաղթելով բյուզանդացիներին, սելջուկ թուրքերը հայերին ոչ միայն փրկել են «Բյուզանդիայի զուլում կառավարչությունից», այլեւ նրանց «մարդավայել ապրելու իրավունք են շնորհել»: Իսկ օսմանցի թուրքերը հայերի նկատմամբ իրենց վարած քաղաքականությամբ ստվերի մեջ են թողել նույնիսկ այս սելջուկներին: Հայերը երախտապարտ են եղել թուրքերին ու իրենց ծառայասիրությամբ արժանացել են «միլլեթի սադիկա» («հավատարիմ համայնք») կոչումին:

Երրորդՙ Հայկական հարցի էությանը նվիրված բաժնում այդ հարցի ծագումն ամբողջովին կապվում է օտար մեծ պետությունների, մասնավորաբար Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի տարածաշրջանային շահագրգռությունների հետ, որոնց համար հայերը պարզապես որպես խաղալիք են գործածվել: Հայկական հարցը հայտարարվում է «Օսմանյան կայսրությունը փլուզելու եւ բաժանելու կայսերապաշտական քաղաքականության» մի գործիքը:

Չորրորդ բաժինը վերնագրված է «Հայոց ապստամբություններն ու նրանց կատարած ցեղասպանությունները»: Գլխիվայր շրջելով փաստերը, թուրք գեներալ-պատմաբանները հայերին ամբաստանում են ամենուրեք ապստամբություններ բարձրացնելու եւ թուրք խաղաղ բնակչությանը կոտորելու համար: «Հայերը թուրք ժողովրդին ամենից մեծ վնասը հասցրել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրենց իրականացրած ցեղասպանություններով», մի սուտ, որի համար ծանոթ հեքիաթի թագավորն իր թագավորության ոչ թե կեսը, այլՙ ամբողջը, մի բան էլ ավելին կտար. Թուրք բարձրաստիճան զինվորականության համաձայն, հայերը ռուսների օգտին լրտեսություն են արել, փախել են զինվորագրումից, իսկ զինվորի շինել հագածներն էլ իրենց զենքով փախել ու միացել են ռուսական զորքին եւ ամենուրեք կոտորել թուրք բնակչությանը:

Հայերի այս «լրբությանը» սահման դնելու համար «Օսմանյան կառավարությունը, որպես մարդկայնական վերջին քայլ», ստիպված է եղել 1915 թ. մայիսի 27-ին «աքսորի օրենք» անունով ծանոթ «տեղահանության եւ վերաբնակեցման» հրահանգ արձակել: Այս տեղահանության ու հայերի առաջ քաշած «այսպես կոչված» ցեղասպանության մասին է հոդվածի ամենաընդարձակՙ 5-րդ բաժինը: Այս բաժնում թուրք գեներալները, մի կողմ դնելով պատմաբանի գրիչը, իրենց առաջն են դնում հաշվապահական մեքենան ու «ապացուցում», որ թուրքերը չէին կարող 1,5 մլն հայ կոտորել, քանի որ պարզապես այդքան հայ չէր էլ ապրում Օսմանյան կայսրությունում: Դեռ ավելինՙ որպես մարդկային էակ իրենց գոյատեւման համար հայերը հազար փառք պետք է տան թուրքերին, որովհետեւ «Օսմանյան տերությունը եթե իր հայ հպատակներից փրկվել ցանկանար, դա կարող էր ձուլման ճանապարհով լուծել»: Այս տեսակետը եւս, որքան գիտենք, առաջին անգամ է հնչում թուրքական պաշտոնական շրջանակների ամբիոնից: Ստացվել է այնպես, որ փոս փորողն ինքն է ընկել փոսի մեջ: Թուրք գեներալները մի պահ մոռացել են, որ ցեղային, ազգային, կրոնական եւ այլ հիման վրա մարդկային հավաքականությունների ոչնչացումը, ընդ որումՙ նրանց բռնի ձուլումը, 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած եւ Թուրքիայիՙ 1950 թ. դրա տակ իր ստորագրությունը դրած «Ցեղասպանության մասին» կոնվենցիայում նույնպես ցեղասպանություն է համարվում: Այսինքնՙ «Ցեղասպանություն» եզրն էլ թուրք գեներալները «թուրքավարի»ՙ մարդկանց ֆիզիկական ոչնչացման տեսքով են հասկանում միայն: Թուրք կեղծագիրները թույլ են տալիս նաեւ մի ուրիշ անտրամաբանական արտահայտություն. իբրՙ հայերը (Օսմանյան- Գ. Յ.) կայսրության մեջ թուրքերից շատ ավելի լավ կյանք էին վարում»: Միգուցե դա իրոք այդպես էր Կ. Պոլսում եւ Զմյուռնիայում ապրող ու աննշան տոկոս կազմող հայ վերնախավի համար, բայց հայության ստվար զանգվածը, մանավանդ բուն իր հայրենի հողերի վրաՙ ստրկական կյանք էր քարշ տալիս: Թուրք գեներալներն իրենց խելքին «զոռ» չեն տվել հարց տալու, եթե հայերը թուրքերից լավ էին ապրում, ինչո՞ւ պետք է հիմարանային այն աստիճանի, որ գործիք դառնային մեծ պետությունների ձեռքին:

Վերոնշյալներից թուրքական կեղծագրի հեղինակները հանգում են այն հայտնագործությանը, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը հիմնովին հերյուրանք է, .իրականությունից դուրս, ցնորք», որը «հաստատելու» համար մեջբերում են 1982 թ. Մյունխենում պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի ելույթից «Հայոց ցեղասպանությունն ապացուցված չէ» արտահայտությունը:

Թուրքական զեղծարարության 6-րդ բաժնում սահմանվում է «Ցեղասպանություն» եզրը եւ բերվում են նորագույն պատմությունից ցեղասպանության օրինակներՙ կարմիր խմերների, Ռուանդայի հութուների եւ Բոսնիա-Հերցեգովինայում եւ Կոսովոյում «սերբերի վայրագության պատճառով սպանված հազարավոր մուսուլմանների» ցեղասպանությունները: Իհարկե, «մոռացվում են» սերբերի եւ նույն հարավսլավական մուսուլմանների նկատմամբ ՆԱՏՕ-ամետ խորվաթների վայրագությունները: Փոխարենը Հայոց ցեղասպանությամբ ամբաստանվում են պարսիկները, բյուզանդացիները, մամլուքները եւ. ռուսները, որոնք 4-րդ դարից սկսած հայերին պարբերաբար տեղահանել են ու իրենց երկրների խորքերը քշել: «Սրանցից ոչ մեկին օրակարգ չբերելով», հայերը, օսմանյան տերության «ծայրաստիճան իրավացի հանգամանքներից դրդված» տեղահանությանը «ցեղասպանություն» եզրը կպցնելովՙ արար աշխարհի գլուխն են ցավացնում: Թուրք գեներալներն այս շիլա-շփոթը կպցնում են այսօրվան: Ըստ նրանց, Արեւմուտքի մեծ տերությունները շարունակում են Թուրքիան տարանջատելու իրենց քաղաքականությունը, որի դրսեւորումն էլ նրանց կողմից «այսպես կոչված Հայոց ցեղասպանությանը» տիրություն անելն է:

7-րդ բաժինը նվիրված է «Հայկական ահաբեկչությանը». «Այս ստրատեգիան առաջին անգամ գործի է դրվել 1905 թ. Աբդուլ Համիդ Բ-ի դեմ կիրառված ռմբահարումով»: Նկատի ունենալով վերջին ամիսներին թուրք-սիրիական հարաբերությունների բարելավումը, թուրք գեներալները Սիրիային չեն ընդգրկել «հայկական ահաբեկչությանն» օժանդակող երկրների շարքումՙ այդ պատիվը շնորհելով միայն կիպրացի եւ Հունաստանի հույներին:

Իրենց կեղծագիր-քարոզչաթերթիկը թուրք զինվորականներն ավարտում են «Այսօրվա իրավիճակը եւ եզրակացություն» բաժնով: Նրանք կատաղած են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդումը Հայաստանում պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել: Նրանք հատկապես դժգոհ են, որ Լ. Տեր-Պետրոսյանի «հարաբերականորեն խելամիտ» կեցվածքից հետո 1998 թ. ընտրված Քոչարյանն ազատ գործունեություն է թույլատրել ծայրահեղ ազգայնական շարժումներին եւ Թուրքիայի նկատմամբ կոշտ քաղաքականություն է որդեգրել: Այսօրվա ՀՀ իշխանություններին թուրք գեներալիտետը երեք մեղադրանք է հղում. PKK-իՙ թեկուզ անբացահայտ նեցուկ, Թուրքիայի հարեւան, բայց ոչ բարեկամ պետությունների հետ դաշինք կազմելու աշխատանք, Լեռնային Ղարաբաղի հարցում կոշտ դիրքորոշում:

Թուրք գեներալները եզրակացնում են, որ Օսմանյան կայսրության փլուզումը հետապնդած նույն պետությունների ստեղծած Հայկական հարցն այսօր նույն շրջանակների կողմից նորից է բարձրացվում: Այս խաղում տուժողը միայն թուրքերն են: Արեւմուտքը հետապնդում է Թուրքիան մասնատելու իր վաղեմի ծրագիրը, իսկ հայերը ձգտում են հատուցում ստանալու, ապա եւ հողեր ձեռք բերելու: Այս «փայլուն» եզրակացությանը հասած թուրք գեներալները այսքանով էլ բավարարվում են ու չեն տալիս դասական ու հավիտենական հարցըՙ «ի՞նչ անել.»:

Միգուցե թուրք գեներալները անճարա՞կ են կամ արդյոք նրանք չունե՞ն ռազմական կամ ոչ ռազմական մի գաղտնի պլանՙ ձախողելու հայոց «4T» պլանը, որի երկրորդ փուլը կարծես ընթանում է մեծ թափով:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4