Եվրամիությունը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղը Վրաստանի տարածքով հասցնել Ղրիմ
Դատելով ուկրաինական լրատվամիջոցների արձագանքներից, կարելի է վստահորեն ասել, որ Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի այցը Թեհրան եւ բանակցություններն Իրանի առաջին փոխնախագահ Հասան Էբրահիմ Հաբիբիի հետ արդյունավետ են եղել:
Ուկրաինայի եւ Իրանի կառավարությունները կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն իրանական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Gazeta SNG էլեկտրոնային թերթըՙ հղում անելով Ուկրաինայի վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Զարուդնայային: Նրա խոսքերով, արդեն մոտ ապագայում կողմերը հարցի շուրջ կփոխանակեն կարծիքներ, առաջարկություններ, ապա տեղի կունենան աշխատանքային խմբերի հանդիպումներ, որոնց արդյունքում պարզ կդառնա Իրան-Ուկրաինա գազամուղի կառուցման նպատակահարմարությունը:
Իրանի գազի պաշարները մոտավոր հաշվումներով 21 տրիլիոն խորանարդ մետր են: Ներկա պայմաններում Ուկրաինան տարեկան 80 մլրդ խմ-ի պահանջարկ ունի, ընդ որում դրանից 16 մլրդ-ը երկիրն ապահովում է ներքին պաշարների հաշվին, մնացյալ 64 մլրդ-ըՙ ներկրում Թուրքմենստանից (ռուսական տարածքով) եւ Ռուսաստանից: Իրանից գազ ներկրումը նախ եւ առաջ նպատակ է հետապնդում մեղմացնել Ուկրաինայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ո՚չ ուկրաինական, ո՚չ էլ իրանական լրատվամիջոցները չեն մանրամասնում, թե տնտեսական նպատակահարմարության դեպքում որ երկրի (երկրների) տարածքով է անցնելու Իրան-Ուկրաինա գազատարը, եւ ընդհանրապես Յուշչենկո-Հաբիբի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է այս խնդիրը: Սակայն հայտնի է, որ ե՚ւ Թեհրանը, ե՚ւ Կիեւը բազմիցս մատնացույց են արել Հայաստանը եւ Վրաստանը: Թերեւս սրանով պետք է բացատրել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության իրականացմանը Ուկրաինայի շահագրգռվածությունը:
«Ուկրաինան շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ: Մենք կարծում ենք, որ Իրանից Ուկրաինա անցնող ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով», ասել է վերջերս Երեւանում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող Ուկրաինայի Գերագույն ռադայի անդամ Վլ. Չեռնյակը: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Օ. Բոժկոն «Ազգին» տված հարցազրույցում նշել էր. «Ուկրաինան, ինչպես եւ ցանկացած արդյունաբերական զարգացած երկիր, ձգտում է ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը: Այդ ճանապարհի կարեւոր քայլերից կարող է լինել մեր երկրի մասնակցությունը նախատեսված Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը, որով հնարավոր կլինի Վրաստանի տարածքով գազը հասցնել Ուկրաինա, ապաՙ Եվրոպա»:
Իրան- Հայաստան գազամուղի շինարարությանը կմասնակցի միջազգային միջինկասպյան կոնսորցիումը, որի կազմում ընդգրկված է նաեւ Ուկրաինայի Ֆրունզեի անվան մեքենաշինական գիտաարտադրական միավորումը: Ուկրաինայի շահագրգռվածության եւս մեկ դրսեւորում:
Եվրամիությունը, առանձնապես Ֆրանսիան, չափազանց հետաքրքրված են ինչպես Իրան-Հայաստան գազամուղի կառուցումով, այնպես էլ խողովակաշարը Վրաստանի տարածքով Սուփսա, ապա Սեւ ծովի հատակով մինչեւ Ղրիմՙ Ուկրաինա հասցնելու: Ընդ որում, խողովակաշարը մինչեւ Ղրիմի թերակղզի հասցնելն արդեն իսկ նշանակում է իրանական գազի մուտք Եվրոպա, քանի որ Ուկրաինայից գազախողովակներ ձգվում են եվրոպական երկրներ:
Եվրամիության առաջատար երկրներըՙ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան շահագրգռված են Իրանի հետ զարգացնելու եւ ընդլայնելու տնտեսական հարաբերությունները, ընդ որումՙ կարեւորելով համագործակցությունը էներգակիրների արտահանման ոլորտում: Եվրոպան հիմնականում գազ ստանում է Ռուսաստանից, որն աշխարհում առաջինն է երկնագույն վառելիքի պաշարներով: Եվրոպան ցանկանում է գազ ստանալ նաեւ Իրանից: Եվրահանձնաժողովը քննարկում է իրանական գազը Եվրոպա հասցնելու երկու հիմնական խողովակաշար.
1. Իրան- Հայաստան- Վրաստան- Ուկրաինա- Եվրոպա,
2. Իրան- Թուրքիա- Հունաստան: Եվրահանձնաժողովի պատվիրակները մի շարք առիթներով նշել են, որ առավելություն են տալիս «հայկական» տարբերակին:
Անշուշտ, այսօր դժվար է ասելՙ ե՞րբ կկառուցվի Իրան- Ուկրաինա- Եվրոպա գազատարը կամ ընդհանրապես կկառուցվի՞: Մեկ բան, սակայն, ակնհայտ է. եվրոպական առաջատար պետությունները վերարժեւորում են Միջին Արեւելքի հզորագույն երկրներիցՙ Իրանի նշանակությունը եւ կարեւորում նրա հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, ի տարբերություն ԱՄՆ-ի «կրտսեր» եղբայր Թուրքիայի, որի առաջ կողպված են Եվրամիության դարպասները:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ