Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտական եւ այլ բարձրագույն դասընթացներում այսուհետ իրենց ուսումը կարող են շարունակել Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց հոգեւոր ճեմարանի շրջանավարտները: Այս հնարավորությունը նրանց ընձեռում է Նյու Յորքի հռչակավոր բարերար պրն. Ջեկ Ռուտինի վերջերս հիմնած կրթական հիմնադրամը Եբրայական համալսարանում:
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դերը սփյուռքահայ գաղութներում հոգեւոր սպասավորներ (հովիվներ, եպիսկոպոսներ, թեմական առաջնորդներ) պատրաստելու գործում բավական մեծ է եղել վերջին հարյուրամյակում: Այս հիմնադրամի առկայությունը արդյունք է Երուսաղեմի Հայոց պատրիարքության եւ տեղի Եբրայական համալսարանի միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունների: 6 տարի առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի եւ տեղի Եբրայական համալսարանի ռեկտոր պրոֆ. Պեն Սասոնի հետ կնքած պայմանագրի համաձայն Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտներին ընդունելության քննությունների ժամանակ տրվում է մասնավոր առավելություններ: Մեկ այլ պայմանագրովՙ Եբրայական համալսարանի պրոֆ. Մայքլ Սթոունը Ժառանգավորաց վարժարանում այժմ դասավանդում է հայագիտություն:
Ի պատիվ Ջեկ Ռուտինի բարի ձեռնարկիՙ Եբրայական համալսարանի նախագահ պրոֆ. Մենահեմ Մակիտորին տվեց ճաշկերույթ, որի ժամանակ Թորգոմ Բ. արք. Մանուկյանը խորին շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնեցՙ երեւույթը դիտելով իբրեւ երկու ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության փաստ: Իր խոսքում պրոֆ. Մայքլ Սթոունը վստահեցրեց, որ կրթական այս ձեռնարկն ավելի կջերմացնի երուսաղեմահայ գաղութի եւ համալսարանի միջեւ հարաբերությունները:
Արարողությանը ներկա էին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ համալսարանի դեկաններ, տնօրեններ, դասախոսներ:
Մ. Բ.