«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ

Փետրվարի 9-ին, Երեւանում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո, կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ անվանի գրականագետ, գիտության վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Հրանտ Թամրազյանը:

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: 1948 թվականին ավարտելով Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը, այնուհետեւ սովորել է ասպիրանտուրայում, սովորելուն զուգընթաց աշխատել «Ավանգարդ» թերթում եւ «Հայպետհրատում»: Ասպիրանտուրան ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի նույն համալսարանումՙ այնտեղ դասախոսելով մինչեւ կյանքի վերջը: 1968 թվականից ղեկավարել է համալսարանի հայ գրականության ամբիոնը:

Հրանտ Թամրազյանը երեք տասնյակից ավելի գրականագիտական ծավալուն աշխատությունների հեղինակ է, որոնք առանձին հեղինակների կյանքի ու գործի համապարփակ ուսումնասիրություններ են (Շիրվանզադե, Սիամանթո, Արսեն Տերտերյան, Դերենիկ Դեմիրճյան, Եղիշե Չարենց, Վահան Տերյան եւ ուրիշներ), ինչպես նաեւ գրել է «Հայ քննադատություն» հատորները, դպրոցների եւ բուհերի համարՙ հայ գրականության եւ հայ գրականության պատմության դասագրքեր եւ այլն: Միայն 9-րդ դասարանի համար նրա գրած «Հայ գրականություն» դասագիրքը անընդմեջ հրատարակվել է 1957-86 թվականներին:

Երեւանում եւ Մոսկվայում ռուսերեն լույս են տեսել գրականագետի մի շարք աշխատություններ: Նա Հայաստանի գրողների միության առաջին կարգի մրցանակի է արժանացել «Երիտասարդ Չարենցը» գրքի համար:

Ստեղծվել է Հրանտ Թամրազյանի թաղման կառավարական հանձնաժողովՙ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանի նախագահությամբ:

Արմենպրես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4