«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ՀԱՅ ԳՐՈՂԻ ԳԻՐՔԸ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ԳՐԳՌՈՒՄ Է

Հունվարի 27-ին Քյոլնի Ալլըվելթցհաուսի հյուրն էր Գերմանահայկական ընկերակցության նախագահ, գրող, թարգմանիչ Րաֆֆի Քանդյանը (Քեբաբջյան): Հայ արձակագրին հրավիրել էին Քյոլնի գերմանաթուրքական Ափփեչ մարդասիրական կազմակերպությունը եւ թուրքական ձախակողմյան Թյուդեյ կուսակցությունը: Ալլըվելթցհաուսում ընդհանրապես զորավիգ են կանգնում օտարներին, տարբեր ազգությունների մշակութային ձեռնարկների միջոցով արծարծում այժմեական խնդիրներ, տվյալ հիմնահարցի վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտում:

Միջոցառմանն օժանդակել էին նաեւ գերմանահայոց առաջնորդարանը եւ հունական համայնքը: Ծննդով պոլսեցի Քեբաբջյան արձակագրի «Խոսի՚ր, Հալիլ բեյ, խոսի՚ր» գիրքն անցյալ նոյեմբերին լույս է տեսել թուրքական «Արաս» (Արաքս) հրատարակչության կողմից եւ, արձակագրի ասելով, լայն արձագանք է գտել: Քննադատները բարձր են գնահատել գրքի գեղարվեստական արժանիքները: Հրատարակչությունը հեղինակին խնդրել էր գրքում ընդգրկել այն պատմվածքները, որոնք որեւէ ձեւով առնչվում են Թուրքիային կամ Պոլսին: Գրքի վերնագիր դարձած պատմվածքը («Մղձավանջ») ամբողջովին արծարծում է 1955-ի սեպտեմբերի 6- 7-ի դեպքերը, երբ Կիպրոսի տագնապը պատճառ դարձավ զանգվածային թալանի ու ահաբեկչության: Թուրքական իշխանությունների հրահրմամբ ջարդարար ամբոխն անարգեց հունական եկեղեցիներն ու հաստատությունները, ավերեց նաեւ մյուս փոքրամասնությունների ունեցվածքը: Ահա այս ամենի մասին է գեղարվեստորեն պատմում արձակագրի հիշյալ պատմվածքի առաջին հատվածը (երկրորդ հատվածն անդրադառնում է սումգայիթյան վայրագություններին), ինչը Քեբաբջյանը մատուցեց երեք լեզվովՙ հայերեն, թուրքերեն, գերմաներեն: «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմի նախապատրաստած արխիվային բնույթի ցուցահանդեսը ընթերցված պատմվածքներին հարմար ֆոն էր, նա 1955-ի դեպքերն էր ներկայացրել մամուլից առանձնացրած լուսանկարներով եւ համապատասխան մեկնաբանություններով: Բազմազգ լսարանը (թուրք, հայ, գերմանացի, հույն) ընդհանուր առմամբ գոհ էր միջոցառումից, դրա վկայությունն էր նախասրահում արձակագրիՙ տարբեր տարիներին երեք լեզվով հրատարակված գրքերի արագ սպառումը, ինչպես նաեւ լսարանի տարաբնույթ հարցերը, որոնց մեջ, բնականաբար Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը լայնորեն էր արծարծվում: Երեք դժգոհներին հենց սկզբից նկատեցինքՙ առաջին շարքերում տեղ զբաղեցրած Լեւ Կոպելեւ ֆորումի գերմանացի աշխատակցուհին քանիցս դիտողություն արեց իր ետեւում անընդհատ զրուցող երկու պարոններինՙ խանգարում եք պատմվածքը լսել: Անօգուտ, նրանք լռեցին, երբ ընթերցանությունը վերջացավ, եւ լսարանին առաջարկվեց հարց տալ:

Ուրախ եմ, որ ոչ հայոց, ոչ էլ ադրբեջանական հողում ենք: Ես գերմանաադրբեջանական ընկերակցության նախագահն եմ, ասաց նրանցից մեկը: Ինչո՞ւ չեք խոսում այն մասին, որ հայերը գրավել են Ադրբեջանի հողերի քսան տոկոսը, որ փախստական դարձածներն ապրում են անտանելի պայմաններում, որ... հայերն իրենց լոբբիստական մեծ ուժն օգտագործելով Եվրոպայում, հաղթանակներ են գրանցում, մերՙ ադրբեջանցիներիս ու թուրքերի հնչեցրած ճշմարտությունը տեղ չի հասնում... Բավականաչափ ծանոթ տեքստով այս պաթետիկ ելույթն անակնկալ էր ինչպես լսարանի, այնպես էլ կազմակերպիչների համար: Վերջիններս նրան առաջարկեցին ելույթը փոխարինել կոնկրետ հարցով, կամ իր մտահոգությունները հայտնել մի ուրիշ առիթով: Բայց պարոնը փորձում էր անդրդվելի մնալՙ մերթընդմերթ կազմակերպիչ թուրք «եղբայրներին» հիշեցնելով, որ իրենք նույն լեզվով են խոսում, նույն ազգն են եւ որ իրենց արխիվներում պահվող փաստաթղթերն այլ բան են վկայում...

Ադրբեջանցիները թուրք չեն, եթե մի լեզվով են խոսում, չի նշանակում, թե նույն ազգն են, անգլիացիներն ու ամերիկացիները նո՞ւյն ազգն են, պոռթկաց Ալի Էրթեմըՙ ընդհանրապես վտանգավոր համարելով փաստերը խեղաթյուրելու նման քաղաքականությունը: Բավական չէ ոտնահարել (Թուրքիան) փոքրամասնությունների իրավունքները, նրանց ցեղասպանության ենթարկել, հիմա էլ փաստերն է աղավաղում, պատմությունը մենք լավ գիտենք, ներում խնդրելու ժամանակն է, իր հակաճառությունը միջոցառմանը ներկա ադրբեջանցի 3- 4 հոգանոց խմբի առաջնորդին ուղղեց պրն Էրթեմը:

Խնդրեցինք անուն-ազգանունը հայտնել, որ գոնե մեր հրապարակման մեջ մի ադրբեջանցի բնորոշումից խուսափեինք: «Դուք ո՞վ եք» իր հարցին «հայկական մամուլից» մեր պատասխանը կոնկրետ անունով ներկայանալու անհրաժեշտությունը բացառեց: Միգուցե ամենապարզ պատճառով ադրբեջանցու ընդհանրական կերպարը չուզեց աղճատել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4