«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2001-02-08 | #24, 2001-02-09 | #25, 2001-02-10


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Երեկՙ փետրվարի 9-ին, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովը: Օրակարգում ընդգրկված էր չորս հարց.

1. ՀԱՕԿ-ի անվանական կազմի հաստատում
2. Կազմակերպչական հարցեր
3. Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունը
4. Ընթացիկ հարցեր:

Առաջին երկու հարցերի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Ներկայումս ՀԱՕԿ-ի կազմում ընդգրկված է 81 հոգի, բայց այս թիվը դեռ վերջնական չէ եւ, ըստ Ի. Զաքարյանի, որոշ չափով կավելանա:

Ինչ վերաբերում է սպորտի կազմակերպչական բնույթի հարցերին, ապա այս առումով կնճռոտ թեմաների շուրջ խոսեցին շատերը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը, ի դեպ, նշեց նաեւ, որ Հայաստանի մարզական լրագրությունը լուրջ աջակցության կարիք ունի, քանի որ սպորտի լուսաբանումը հեռու է օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ լինելուց: Նա խոսեց նաեւ նոր տնտեսական պայմաններում սպորտի նկատմամբ ուշադրության մասինՙ հիմնվելով ֆուտբոլում իր անձնական փորձի վրա:

Ըմբշամարտի երկու հավաքականների մարզիչներ Հրանտ Ենոքյանի (ազատ ոճ) եւ Լեւոն Ջուլֆալաքյանի (հունահռոմեական ոճ) ելույթները հակիրճ էին եւ ավելի շուտ տեխնիկական բնույթ էին կրումՙ հիմնվելով մարզիկների արդյունքների ներկայացման վրա: Այս առումով հանդես եկան Նորայր Մուշեղյանը եւ ուրիշներ, որոնք նշեցին, որ համաժողովում ա՚յլ կարգի ելույթներ պետք է հնչեին: Համաժողովը բավարար գնահատեց ազատ ոճի եւ անբավարարՙ հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթները Սիդնեյի օլիմպիադայում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի գլխավոր տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը եւ մյուսները խոսեցին հայկական սպորտի ներկայիս հիմնախնդիրների մասին, որոնց թվում, որպես օրինակ, նշվեց մարզադպրոցները համայնքներին վերաենթարկելու հրամանի, սպորտի ,անհրաժեշտ ֆինանսական հատկացումների մասին եւ այլն:

Նիստի վերջում պրն Զաքարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները, ստանալով համապատասխան դիմում ՀԱՕԿ-ից, քրեական գործ են հարուցել ՀԱՕԿ-ի առայժմ գործադիր տնօրեն Գագիկ Չոբանյանի նկատմամբ, որն առ այսօր օլիմպիական Սիդնեյից չի վերադարձել հայրենիք (նրա հետ չի վերադարձել նաեւ ՀԱՕԿ-ի հասանելիք մոտ 100 հազար ամերիկյան դոլարը): Քննությունը վարելու է ՀՀ դատախազությունը:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Արմենպրեսի թղթակից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4