«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2001-02-09 | #25, 2001-02-10 | #26, 2001-02-13


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՆ ՄԻՄՅԱՆՑ ԴԱՐՁԱՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ

<20012602.jpg>

Սկսվեց Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Փարիզ

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Փարիզ

Ամպամած փարիզյան երկնքի ֆոնի վրա այսօր ծածանվում էին Հայաստանի դրոշները, որոնցով զարդարված է ֆրանսիական ողջ մայրաքաղաքը: Սկսվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պետական այցը Ֆրանսիաՙ առաջինը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Նախագահի հատուկ ինքնաթիռը ճիշտ ժամը 15-ին վայրէջք կատարեց Փարիզի Օռլի օդանավակայանում: Շարժասանդուխքի մոտ Ռոբերտ Քոչարյանին ու տիկնոջը դիմավորեցին Ֆրանսիայի պետական վարչակազմի ու բարեփոխումների նախարար Միշել Սապեհը, Փարիզի զինվորական կառավարիչ, բանակի կորպուսի գեներալ Պիեռ Ժակ Կոստեդոան եւ Վալ- դը Մաոն դեպարտամենտի պրեֆեկտ Պիեռ Միրաբոն: Զինվորական պատիվներից հետո, որ տվեցին Ֆրանսիայի զինված ուժերի երեք զորատեսակների ստորաբաժանումների պատվո պահակները, հնչեցին ՀՀ ու Ֆրանսիայի պետական օրհներգերը: Հանրապետության ղեկավարին դիմավորում էին ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետեւ ՀՀ պետական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ուղեւորվեց Փարիզՙ վայրէջք կատարելով Էնվալիդ հրապարակում (Էսպլանադում): Այն կառուցված է 1704- 1720 թթ., երբ Լյուդովիկոս 14-րդի հրովարտակով կառուցվեց ծերանոցՙ հաշմված զինվորների համար: Այստեղ ՀՀ նախագահին ողջունեցին Փարիզի եւ Իլ դը Ֆրանս մարզի պրեֆեկտ Ժան-Պիեռ Դյուպորը, Փարիզյան շրջանի պաշտպանության պրեֆեկտ Ֆիլիպ Մասոնին: Այնուհետեւ ավտոմեքենաների շարասյունը ուղեւորվեց դեպի Մարինյի պալատ, որը ՀՀ ղեկավարի ժամանակավոր նստավայրն է պետական այցի ընթացքում:

Մարինյին կառուցվել է 1885 թ. եւ եղել է Ռոտշիլդների տունը: 1972 թ. այն գնվել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի կողմիցՙ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին տեղավորելու համարՙ Վերսալի մեծ Տրիանոնի փոխարեն, որը որոշակի հեռավորության վրա է Փարիզից: 1973- 74 թթ. շենքը հիմնովին վերանորոգվեց, որի վրա ծախսվեց 2 մլն դոլար: Մարինյիում կարող է տեղավորվել 50 հոգի, այստեղ կա երկու մասնավոր ապարտամենտ: Կարճատեւ հանգստից հետո Ռոբերտ Քոչարյանը ժամանեց Ելիսեյան պալատ, որը Ֆրանսիայի նախագահի նստավայրն է: Շան զԷ՜ լիզեի մուտքի մոտ հավաքվել էին բազմաթիվ ֆրանսահայեր, որոնք ջերմորեն ողջունում էին ՀՀ նախագահին: Մոտ 2 ժամ տեւած զրույցից հետո նախագահները դուրս եկան պալատից եւ հանդես եկան լրագրողների առջեւ:

- Մեր երկրի ու ինձ համար մեծ հաճույք էր Փարիզում ընդունել պետական այցով ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասաց Ժակ Շիրակը: Մեր երկրների միջեւ հաստատվել են հարաբերություններ, որոնք հայտնի են բոլորին, նշեց նա: Մենք բազմիցս հանդիպել ենք վերջին շրջանումՙ կարողանալով խորապես քննարկել մեր մեջ եղած կապերի ամրապնդման ուղիները:

Մենք արծարծել ենք Կովկասում խաղաղության ու կայունության հարցերը, մասնավորապես Ադրբեջանի ու Հայաստանի: Իբրեւ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի այս երկու երկրների միջեւ հնարավորինս արագ ձեռք բերվի համաձայնագիր, հայտարարեց Ժակ Շիրակը: Մենք խոսել ենք տնտեսական հարաբերությունների շուրջ, շարունակեց Ֆրանսիայի նախագահը: Ներդնողների ու ձեռնարկությունների ղեկավարների մասին խոսելով, ես ընդգծեցի, թե որքան նպաստավոր է իրավիճակը Հայաստանում ներդրումներ կատարելու առումով, հաշվի առնելով այդ երկրում եղած էական առաջընթացը:

Քննարկվել է մշակութային, ռազմական ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միության փոխհարաբերությունները, հայտնեց Ժակ Շիրակը: Հայաստանն արդեն Եվրոպայի խորհրդի անդամ է, մենք ցանկանում ենք նաեւ նրա արագ անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրոպական միության հետ կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

Եթե երկու խոսքով բնորոշենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների բնույթը, կարելի է ասել, որ դրանք զարգանում են վստահության ու բարեկամության մթնոլորտում, ասաց Ֆրանսիայի նախագահը:

Հանդիպման ժամանակ Ժակ Շիրակը ՀՀ նախագահին հաձնեց Պատվո լեգեոնի մեծ խաչը: Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը իր ֆրանսիացի գործընկերոջը պարգեւատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4