Փետրվարի 12-ին Թեհրան է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմը, որտեղ նա հանդիպելու է իր պաշտոնակից Քամալ Խարազիի, խորհրդարանի նախագահ Մեհդի Քյառուբիի, ինչպես նաեւ նախագահ Մոհամադ Խաթամիի հետ: Ըստ պաշտոնական Անկարայի հաղորդագրությունների, հիշյալ հանդիպումներում քննարկվող առանցքային հարցերն ենՙ սահմանների անվտանգության, Թուրքիայի քրդերին Իրանի հնարավոր հովանավորության, ինչպես նաեւ իսլամ արմատականության, մասնավորապես Թուրքիայի «Հզբոլահի» խնդիրը: Սակայն հայկական ԶԼՄ-ները («Հայլուր», 9 փետրվարի, 2001 թ.) հակված են այցը կարեւորելու Իրանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հնարավոր քննարկման տեսանկյունից: Հարցը շրջանառության մեջ է դրվել 2000 թ. նոյեմբերից ի վեր, որին մերթ ընդ մերթ անդրադառնում են միջազգային ԶԼՄ-ները, օրինակ, BBC-ի ռադիոկայանը փետրվարի 3-ին հայտարարեց, թե Իրանի խորհրդարանն ուսումնասիրում է երկու հայ պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով պահաջվում է 1915 թ. հայկական ջարդերը ճանաչել իբրեւ ցեղասպանություն: Իսկ փետրվարի 9-ին «Իսրայելի ձայն» ռադիոկայանը հայտնեց, թե Ջեմի թեհրանյան բանակցություններում խնդրո առարկա հարցը կարեւոր տեղ է զբաղեցնելու: Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ իրականացել են Թեհրանի նպատակները հարցի արծարծման առնչությամբ: Քանզի Անկարան, անկասկած գիտակցում է, որ նման օրինագիծ ներկա դրությամբ Իրանի խորհրդարանը հազիվ թե քննարկման առարկա դարձնի, սակայն ըստ երեւույթին Թուրքիային նյարդայնացնում է անգամ այն, որ հարցը քննարկվում է միջազգային ԶԼՄ-ներում:
Նշենք, որ թեեւ պաշտոնական Թեհրանը բոլոր ժամանակներում ըմբռնումով է վերաբերվել այդ հարցին, իրանահայերի համար ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր է համարվել, այդ օրը նրանք նշել եւ նշում են ցույցերով, երբեմն նաեւ Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջեւ, Եղեռնի զոհերի հիշատակին կառուցվել է հուշարձան եւ այլն, սակայն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանչման հարցը չի շոշափվել: Իրանի խորհրդարանում հայերը միշտ էլ ներկայացուցիչ ունեցել են, սակայն ըստ երեւույթին հարցի արծարծման հնարավորությունը այսօր է ստեղծվել, երբ Թեհրան-Անկարա փոխառնչություններում խնդիրները ավելացել են: Ուստի կարելի է ենթադրել, որ թեեւ ուշացումով, Թեհրանը եւս փորձում է Անկարայի հետ փոխհարաբերություններում խաղարկել Հայոց ցեղասպանության հաղթաքարտը, ինչպես առ այսօր Արեւմուտքը մեծ հաջողությամբ խաղարկել եւ խաղարկում է հօգուտ սեփական շահերի: Այս տեսանկյունից թերեւս բացառություն չի կազմում նաեւ Հայոց ցեղասպանության Ֆրանսիայի պաշտոնական ճանաչումը, ինչը համընկել է հայոց շահերին: Այսօր բնակչության աճի բարձր տոկոսով եւ ավելի քան 60 միլիոն բնակչությամբ Թուրքիան Եվրամիության անդամության թեկնածու է, որտեղ բնակչության աճի միջինը հազիվ 0,5 տոկոս կազմի: Այն դեպքում, երբ Եվրամիության կառավարման կառույցներում անդամ-երկրներին հատկացվող տեղն ու դերը հաճախ կախված է դրանց բնակչության թվից: Բացի այդ, Թուրքիան ամենայն հավանականությամբ կձգտի դառնալ Շենգենի պայմանագրի անդամ, ասել է, թե ոչ միայն Եվրամիության անդամների երկրների դռները կբացվեն Թուրքիայի քաղաքացիների առջեւ, այլեւ անհամեմատ դյուրին կդառնա ասիացիների, իսլամական երկրների քաղաքացիների մուտքը Եվրոպա, հարց, որը այսօր խիստ մտահոգել է Եվրամիության կարեւորագույն անդամներինՙ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային: Եվ ի վերջո, շուրջ 100 միլիարդ դոլար արտաքին պարտքով, տնտեսապես սնանկացման եզրին հայտնված Թուրքիայի շուտափույթ անդամակցությունը Եվրամիությանը, հազիվ թե ցանկալի լիներ վերջինիս անդամ երկրներին, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումն առնվազն կհետաձգի այդ գործընթացը, եթե լիովին չարգելակի:
Ինչ վերաբերում է Իրանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման առարկա դառնալուն, ապա, եթե չասենք բացառվում է, հավանականությունն աննշան է: Բաքվում Իրանի դեսպանի հայտարարությունըՙ «Իրանի խորհրդարանը երբեք չի քննարկի այսպես կոչված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը» («Ազգ», 2 փետրվարի, 2001 թ.), լիովին համապատասխանում է ճշմարտությանը: Քանզի Իրանի խորհրդարանում ցանկացած հարց քննարկման առարկա դառնալու համար անհրաժեշտ է առնվազն 15 պատգամավորի ստորագրություն, որից հետո միայն կքննարկվի օրակարգ մտցնել-չմտցնելու հարցը: Միչդեռ առ այսօր խորհրդարանի շուրջ 280 անդամներից եւ ոչ մեկը (անգամ հրեա, զրադաշտական եւ ասորի փոքրամասնությունների մեկական ներկայացուցիչը) չի միացել, եւ հաշվի առնելով ներքաղաքական մի շարք հանգամանքներ, կարելի է ասել, որ չեն էլ միանալու երկու հայ պատգամավորների առաջարկած նախագծին: Այսուհանդերձ բացառված չէր, որ վերջիններիս միանային նաեւ բարենորոգիչների խմբակցության 3- 4 անդամներ, սակայն այդ դեպքում մեծ հավանականությամբ նրանք կենթարկվեին պահպանողականների եւ այդ քայլին դեմ բավական հզոր ուժերի սուր քննադատություններինՙ հարվածի տակ դնելով ողջ բարենորոգչական հոսանքը: Ուստի առաջիկա նախագահական ընտրությունների բերումով ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտի պայմաններում եւ ոչ մեկը նման ռիսկի չի դիմելու: Բացի այդ, այսօր եթե իսլամական աշխարհի որոշ երկրները Թեհրանին մեղադրում են «քրիստոնյա Հայաստանի հետ սերտ կապեր» հաստատելու մեջ, պահանջելով աջակցել Ադրբեջանին, բնականաբար, Հայոց ցեղասպանության հարցի լուրջ արծարծումը կարող էր Իրանին գլխացավանք պատճառել նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում, այնինչ հարցի բարձրացումը հայ պատգամավորի կողմից, Թեհրանին ապահովագրում է հնարավոր տհաճություններից: Միաժամանակ վերջինիս հնարավորություն է ընձեռվում այդ հարցը կիրառել իբրեւ լծակ Անկարայի դեմՙ ստիպելով նրան զիջումների գնալ կամ հարկադրել հավատարիմ մնալ իր պայմանագրային պարտավորություններինՙ 2001 թ. հունիսին շահագործման հանձնել Իրան-Թուրքիա գազատարի թուրքական հատվածը, որն ըստ 1996 թ. Իրան-Թուրքիա 20 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի, պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 1999 թ. դեկտեմբերին, սակայն թուրքական հատվածը չկառուցվեց Վաշինգտոնի ճնշման ներքո:
Ստեղծված իրավիճակում թերեւս տրամաբանական է հնչում իրանահայության շրջանակներում տարածված այն տեսակետը, որի համաձայն այսօր Իրանը հայաթափելու նպատակով Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրումՙ կիրառելով իր բոլոր լծակները, վերջիններիս նպաստավոր պայմաններով Արեւմուտք, մասնավորապես ԱՄՆ է տեղափոխելու նպատակով:
ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ