ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության աշխատակիցները ծխելուց զերծ գոտի են հայտարարել իրենց աշխատավայրը: Դա հասկանալի է. այս կոլեկտիվում մեծամասնությունը բժիշկներ են, որոնք բոլորից լավ են հասկանում ծխելու վնասները:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանում բժիշկների 56 տոկոսը ծխում է, Արմենպրեսի թղթակցին ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության վարչության պետ Արտյոմ Վանյանը: Ինչպես ցույց է տվել սոցիոլոգիական հարցումը, նրանց մոտավորապես մեկ երրորդը ծխում է հիվանդի ներկայությամբ: Ծխող բժիշկների 76 տոկոսը չի պատրաստվում երբեւէ հրաժարվելու այս վնասակար սովորույթից:
Ըստ վիճակագրության, Հայաստանում ծխում է տղամարդկանց 80, իսկ կանանցՙ 42 տոկոսը: Ընդ որում, ծխող կանանց թիվը տարեցտարի մեծանում է: