«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2001-02-09 | #25, 2001-02-10 | #26, 2001-02-13


ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸՙ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Այդ մասին երեկ պաշտոնապեսՙ «նախագահի եւ կառավարության անունից» հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Մինչ այժմ մարդահամարի անցկացման համար միջոցներ կառավարությունը չէր կարողանում հայթայթել, ինչի պատճառով նախատեսվում էր հետաձգել: Սակայն այժմ որոշ դոնոր երկրներ պատրաստակամություն են հայտնել հատկացնելու այդ միջոցները, բայց պայմանով, որ անհրաժեշտ գումարի մի մասը, այնուամենայնիվ, տրամադրի կառավարությունը: Ինչ վերաբերում է պահանջվող գումարի չափին, ապա ո՚չ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, ո՚չ վիճակագրության ազգային ծառայության պետ Ստեփան Մնացականյանը չկարողացան ճշգրիտ տվյալներ հաղորդել: Եթե դոնորներից սպասվող գումարի չափն ի վերջո հաջողվեց ճշտելՙ 1 մլն 567 հազար դոլար, ապա կառավարությանըՙ ոչ: Վարդան Խաչատրյանը նախ նշեց 200 հազար դոլար թիվը, ապա ճշտեց, ասելով, որ խոսքը 200 մլն դրամի մասին է: Ստեփան Մնացականյանն իր հերթին նշեց, որ 2001 թ. բյուջեով մարդահամարի համար նախատեսված է 92 մլն դրամ: Իսկ թե այդ թիվը մտնո՞ւմ է նախարարի մատնանշած 200 մլն դրամի մեջ, այդպես էլ չկարողացավ հստակեցնել: Մնում է միայն հուսալ, որ մինչեւ մարդահամարը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10- 19-ը, պաշտոնական այրերը դուրս կգան իրենց իսկ ստեղծած խառնաշփոթից, եւ մարդահամարի անցկացման շեմին նույն իրավիճակը չի լինի:

Մարդահամարի անցկացման մեթոդների եւ ձեւերի վերաբերյալ հաղորդվեց հետեւյալը: Նախՙ մարդահամարը չի լինելու անվանական: Ավելի ճիշտՙ անվանական տվյալները համարվելու են գաղտնի: Դրանք օգտագործելու իրավունք չեն ունենալու նաեւ դատաքննչական մարմինները: Նպատակն այն է, որ մարդիկ չխուսափեն եւ իրական տվյալներ հաղորդեն նաեւ իրենց գույքի եւ ունեցվածքի մասին: Այսինքնՙ ինչպես նշեց վիճծառայության պետը, մարդահամարի նպատակը միայն մարդկանց հաշվելը չէ, այլեւ սոցիալ-տնտեսական որոշ տվյալների հստակեցումը: Այնուհետեւ տեղեկացվեց, որ համաձայն «Մարդամահարի մասին» օրենքի, ստեղծված է համապետական հանձնաժողով, որի նախագահն է տարածքային կառավարման նախարարը, տեղակալներըՙ ազգային վիճակագրական ծառայության պետը եւ Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Ստեփան Մնացականյանի հաղորդմամբ, նախատեսվում է հաշվառման աշխատանքներում ընդգրկել 15 հազար մարդու, որոնցից 11 հազար 829-ը լինելու են հաշվարարներ: Նրանց աշխատանքը պետք է վերահսկվի, իսկ վարձատրությունը կսահմանվի կախված աշխատանքի որակից: Այս առումով գլխավոր վիճակագիրը որոշակի առաքելություն վերագրեց նաեւ լրագրողներին: Նա կոչ արեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները պատահական հարցումներ կատարենՙ ճշտելու համար, թե տվյալ հաշվարարն իր տեղամասի բոլո՞ր բնակիչներին է հաշվառել: Իսկ «Ազգի» հարցը վերաբերում էր հաշվարարների ընտրությանը, որին վիճծառայության պետն այսպիսի պատասխան տվեց: Միջոցները խնայելու նպատակով ստեղծվելիք մարդահամարի հաշվառման տեղամասերը կգործեն համայնքապետարանների տարածքում: Համայնքապետներին էլ առաջարկվել է ներկայացնել հաշվարարների թեկնածուներ: Նրանց մեջ չպետք է լինեն հարկային տեսուչներ, էներգետիկներ, այլ, ասենք, մանկավարժներ կամ փոստատարներ: Վերջիններիս առջեւ «մարդիկ ավելի հեշտությամբ իրենց դռները կբացեն», քանզի նրանք ե՚ւ ավելի վստահելի են բնակիչների համար, ե՚ւ ավելի գրագետ, ե՚ւ անձամբ ճանաչում են տեղամասի բնակիչներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4