«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2001-02-09 | #25, 2001-02-10 | #26, 2001-02-13


«ԴԺՎԱՐ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՄՔ ԴՐՍԵՎՈՐԻ»

«Հոկտեմբերի 27»-ի գործը չշահարկելու նպատակն աներկբա է

Ընդամենը երկու օր է մնացել «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության մեկնարկին: Լարված սպասողական վիճակը պարուրել է ոչ միայն գործով տուժողներին եւ հասարակությանը, այլ նաեւ քաղաքական ողջ դաշտին: Եվ ոչ թե այն պատճառով, որ դատական համակարգի հանդեպ հավատը, մեղմ ասած, հաստատուն չէ, այլ այն, որ երկամյա անընդհատ շահարկումներից հետո բոլորն այս առումով ապակայունացման տարրեր են տեսնում, իսկ կուսակցությունները չեն հավատում միմյանց հայտարարություններին, թե անմասն են մնալու գործը շահարկումների ենթարկելու վտանգավոր երեւույթից: Որքանո՞վ են այդ ուժերը վստահ, որ դատավարության ընթացքից քաղաքական դիվիդենտներ շահելու հավակնություններն ի չիք են դառնալու ընդհանուր նպատակիՙ օբյեկտիվ դատավարություն անցկացնելու եւ մեղավորներին արժանի պատժի ենթարկելու առջեւ:

Մյասնիկ Մալխասյան («Հայաստան»)- Պետք է առավելագույնս աշխատենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը քաղաքական շահարկումների առարկա չդառնա, որովհետեւ այդ գործի դատավարությունը եւ բոլոր ազնիվ մարդիկ պիտի նպաստեն, որ իրական կազմակերպիչները բացահայտվեն: Հայաստանի քաղաքական դաշտը այժմ շատ փխրուն վիճակում է: Դժվար թե քաղաքական կուսակցությունները նման կամք դրսեւորեն: Խոսքս վերաբերում էր նրանց, ովքեր իրենց մեջ անաչառ լինելու ուժ կգտնեն:

Աղվան Վարդանյան (ՀՅԴ)- Ոչ միայն դատավարությունից, այլեւ անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո մեր դիրքորոշումը եղել է քաղաքական ապակայունացման դեմ, որովհետեւ մենք գնահատել ենք ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ապակայունացման ռեսուրսը: Այսօր դրությունը նույնն է: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կա որեւէ ազդեցիկ, լուրջ քաղաքական ուժ, որը շահագրգիռ է շահարկումներով, թեեւ, բնականաբար, կլինեն այդպիսի ոչ լուրջ որոշ կազմակերպություններ: Կարծում եմ, որ գործին իրենց մերձ համարող մարդիկ այնքան հավասարակշռված ու սթափ կլինեն, որ չեն գնա նման ծայրահեղությունների: Պիտի յուրաքանչյուրս գիտակցենք, որ ապակայունացման էական ազդակ կարող է լինել դրսից եւ պիտի մեր հավասարակշռված մոտեցմամբ դա թույլ չտանք: Իսկ գործի հետ կապված ուզում եմ հավատալ, որ դատական իշխանության բոլոր օղակներն ամեն ինչ կանեն օբյեկտիվ դատավարություն իրականացնելու: Այլընտրանք նրանց տրված չէ:

Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)- Ինքըՙ հարցը, քաղաքականացված էր ե՚ւ մինչեւ դատավարությունը, կլինի եւ դատավարության ընթացքում, եւ դրանից հետո: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ամիսների ընթացքում մեր ողջ կեցվածքով կտեսնեք, որ այդ շահարկումներին մասնակից չենք լինում:

Արտաշես Գեղամյան («Ազգային միաբանություն»)- Մինչեւ դատական նիստերը չսկսվեն, մինչեւ կոնկրետ մեր խմբակցության անդամները, որոնց մի մասը ճանաչվել է տուժող, չմասնակցեն ընթացքին եւ ըստ դրա իրենց տեսակետները չհայտնեն, բնականաբար ամենազուսպ կեցվածքը պետք է որդեգրենք:

Գալուստ Սահակյան («Միասնություն»)- Դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, մանավանդ որ շահարկումներն արդեն սկսվել են: Մենք դրանց կողմ չենք: Խնդիրը ոչ թե քաղաքական կամ նեղ կուսակցական է, այլ համապետական, համազգային երեւույթ է:

Ավելացնենք, որ «Միասնություն» խմբակցության ներսում ձեւավորվել է առանձին խումբ, որը կհետեւի գործի դատական ընթացին: Խմբի նպատակը ոչ թե անմիջական մասնակցություն ունենալն է, այլ զուտ դիտորդի կարգավիճակով, որպես տուժող կողմ ընթացքը դիտարկելըՙ հետագայում համապատասխան գնահատական տալու համար:

Ինչպես պարզվում է, քաղաքական գործիչները միանշանակ դեմ են ցանկացած շահարկումների, ինչը տրամաբանական է: Սակայն խնդիրը ոչ թե հայտարարություններով հանդես գալն է, այլ թե որքանով նրանք հետեւողական կլինեն տված խոստումներին: Իսկ դա կերեւա միայն դատավարության ընթացքում:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4