«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԴՐՎԱՏՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

<20012702.jpg>

ՀՀ նախագահի պետական այցը Ֆրանսիայում շարունակվում է

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ֆրանսիա պետական այցի երկրորդ օրը սկսվեց Փարիզի քաղաքապետարան այցելությունից: Արարողակարգի համաձայն նախագահին ուղեկցելու համար առավոտյան նրա ժամանակավոր նստավայր Մարինյի պալատ ժամանեց Ֆրանսիայի մասնագիտական ուսուցման նախարար Ժան-Լյուկ Մելանշոն: Քաղաքապետարանում Հայաստանի ղեկավարին ողջունեց Փարիզի քաղաքապետ Ժան Տիբերին, որը հրավիրել էր մայրաքաղաքի հասարակայնության, հայ համայնքի ավելի քան 2000 ներկայացուցիչներ:

Իսկ այցի առաջին օրն ավարտվեց Ֆրանսիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումով մամուլի ներկայացուցիչների հետ, իսկ այնուհետեւ Ելիսեյան պալատում տեղի ունեցավ մեծ ճաշ, որը բարձրաստիճան հյուրի պատվին տվել էր Ժակ Շիրակը:

Ելիսեյան պալատում հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի խոսքը շարադրել էինք երեկ:

- Ինձ համար մեծ պատիվ է լինել Ֆրանսիայում պետական այցով, եւ ես շնորհակալ եմ նախագահ Շիրակին հրավերի ու ջերմ ընդունելության համար, իր խոսքում ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցերՙ կապված երկկողմ հարաբերությունների, Հայաստանիՙ դեպի Եվրոպա ուղղված արտաքին քաղաքականության հետ եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը, նշեց նա:

Շնորհակալություն պիտի հայտնեմ նախագահ Շիրակին Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում անմիջական մասնակցության համար, ընդգծեց ՀՀ ղեկավարը: Քննարկել ենք նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը, եւ հանդիպման հնարավորություն եմ ունենալու ֆրանսիացի գործարարների հետ եւ այս հարցերի քննարկումը կշարունակվի արդեն այդ շրջանակներում, նշեց նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությանն աջակցելու համար, հույս հայտնեց, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում Ֆրանսիան եւս լուրջ եւ հուսալի կամուրջ կհանդիսանա:

Ֆրանսիան շատ մեծ տեղ է գրավում ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, եւ մենք գնահատում ենք այն դերակատարությունը, որը Ֆրանսիան ունի Հայաստանի նկատմամբ, ավելացրեց հանրապետության նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի պատվին տված պետական ճաշին նախագահ Ժակ Շիրակը մասնավորապես ասաց հետեւյալը.

- Մեր միասնական պատմությունը տարենշված է ամսաթվերով եւ ուժեղ պահերովՙ խաչակրաց արշավանքներից մինչեւ Մուսա լեռը, որ մեզ միացնող խորհրդանիշեր են: Մեր մեջ գոյություն ունեն սերտ կապեր, որոնք մարմնավորված են երկու աշխարհամարտերի ընթացքում ֆրանսիական բանակի շարքերը մտած հայ կամավորներով, կամ այնպիսի խորհրդանշանային կերպարներով, ինչպիսիք են Հայր Պուադեբարդըՙ Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը, Շապերոն աբբահայրը Կիլիկիայում եւ Կոստանդնուպոլսում ռազմական հոգեւորահայրը, կամ Կոմիտաս Վարդապետըՙ հայկական երաժշտության նորարարը, որն իր վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայում:

Այս երեկո այստեղ, այն բազմաթիվ ֆրանսիացիների ներկայությունը, որոնք հիշում են, որ իրենց նախնիները նախ եւ առաջ հայ են եղել, դրա արտահայտիչ վկայությունն է: Նրանց հիշողության մեջ մնացել են իրենց ծնողների վերքերի հետքերը: Կոտորված, տեղահանված մի ժողովուրդ, որի վերապրածների մեծ մասին Ֆրանսիան պատիվ ունեցավ ընդունելու իր հողի վրա:

Ֆրանսիացիները հարգում են զոհերի հիշատակըՙ յուրաքանչյուրն իր ձեւով, ամեն մեկն իր բառերով, բայց բոլորը նույն զգացմունքներով ու նույն հարգանքով: Ֆրանսիական ժողովրդի ներկայացուցիչները վերջերս ցանկացան արտահայտել իրենց հարգանքը հայ նահատակներին: Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» երգով կամ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմով Ֆրանսիան առիթ ունեցավ թափանցել այս ողբերգության մութ եւ ցավալի էջերը:

Ֆրանսհայերի պատմությունն օրինակելի է: Նրանք մեր երկիր եկան նոր ապրած ողբերգությունից վիրավորված, եւ նրանք ջանքեր ներդրեցին Ֆրանսիայում գցել նոր արմատներ: Նրանք իրենց քաջությամբ ու կորովով, աշխատասիրությամբ ու միասնությամբ, ընտանիքի նկատմամբ ունեցած խոր զգացմունքով, նախնիների զոհաբերություններին արժանի մնալու ցանկությամբ ապահովեցին իրենց երեխաների համար լավագույն ապագա: Իրենց վրա դրված հույսերով, նրանք այս դարասկզբին դարձել են մեր երկրի զարգացման, նրա ժողովրդավարության եւ նրա կենսունակության ամենաակտիվ գործիչներից:

2001 թ. Հայաստանի համար կարեւոր տարեթիվ էՙ Տրդատ III թագավորի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանդիսավոր արարողությունների կապակցությամբ: Բազմաթիվ ծիսակատարություններ են ծրագրված ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Այդ հանդիսությունները գալիս են վկայելու ձեր կապվածությունը հազարամյա ձեր ինքնությանը: Ես ուրախ եմ, որ Վեհափառ Գարեգին Բ-ն հովվապետական այցելություն է կատարելու Ֆրանսիա այս տարվա ընթացքում:

Դուք կարողացել եք, պրն նախագահ, գործել հանուն մոդեռնացման: Առաջին իսկ օրվանից Դուք մարմնավորում եք Հայաստանի մոդեռնիզացիան, այն օրվանից, երբ Դուք համաձայնվեցիք ստանձնել կառավարության, այնուհետեւ պետության ղեկավարությունը: Դուք այն համոզմունքն ունեցաք, որ ձեր երկրի վերականգնումն անցնելու է իրավական պետության կառուցման պարտադիր էտապներով:

2001 թ. նվիրում է այդ քաղաքականությունը եւ նոր էջ է բացում Հայաստանի ժամանակակից պատմության համար, երկիրը վերջերս մուտք գործեց Եվրոպական խորհուրդ: Հայաստանը կատարեց այս վճռական քայլը, որը նրան թույլ է տալիս միանալ եվրոպական ընտանիքի մյուս անդամներին, ընտանիք, որին նա պատկանում է իր կրոնական ժառանգությամբ եւ իր մշակութային արժեքներով: Դուք եղել եք այդ միության վճռական գործիչը: Ֆրանսիան Ձեր կողքին է այդ մեծ ծրագրի իրականացման գործում:

2001 թ. պետք է նաեւ նոր լծակ հանդիսանա մեր երկկողմանի հարաբերությունների համար: Մեր տնտեսական փոխանակումները նոր թափ պետք է ստանան: Բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ մտնում են Հայաստանում օտարերկրյա հիմնական ներմուծողների շարքը: Նրանք ցանկանում են զարգացնել իրենց գործունեությունները եւ իրականացնել մեծ ծրագրեր: Քաղաքական եւ սոցիալական կայունություն, կանոնակարգերի թափանցելիություն, գործընթացների պարզություն, ահա այն տարրերը, որ նրանց թույլ կտան աշխուժորեն առաջ ընթանալ:

Հույս ունեմ, որ 2001 թ. նոր դարաշրջան կբացի Կովկասում: Հունվարի 26-ին, միասին եւ նախագահ Ալիեւի հետ ունեցած հանդիպումները լի են հույսերով: Խաղաղության իրական հեռանկարներ են գծագրվում այն կոնֆլիկտի կապակցությամբ, որը ձեզ հակադրում է Ադրբեջանինՙ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված: Առաջ անցնելու համար հարկավոր է քաջություն, վճռականություն եւ համարձակություն: Ես գիտեմ, պրն նախագահ, որ այդ հատկանիշները Ձեզ չեն պակասում: Իր կողմից Ֆրանսիան չի խնայի իր ջանքերը, որպեսզի խաղաղությունը վերջապես վերահաստատվի Հարավային Կովկասում: Ֆրանսիան դրա վրա կաշխատի Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ: Այն կկարողանա համոզել միջազգային հաստատություններին եւ Եվրոպական միության իր գործակիցներին ուղեկցել խաղաղության համաձայնագիրը կոնֆլիկտի ընթացքում ավերված գոտիների վերակառուցմանը եւ ձեր տնտեսությունների առաջընթացին նպատակաուղղված օգնությամբ:

Սրանք են այն սկզբունքները, որոնց վրա են հիմնվում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ եղած հարաբերությունները: Մենք բաժանում ենք նույն հարգանքը հիշողության հանդեպ, նվիրվածությունը որոշակի մշակութային ինքնությանը, ունենք խաղաղության արժեքների եւ մարդկային արժանապատվության գնահատումը:

Ողջունում եմ Ձեր քաջարի երկրին, որին ցանկանում եմ, որ այս նոր դարը բերի խաղաղություն եւ բարգավաճում:

Երեկ ՀՀ նախագահն ավելի քան 1 ժամ հանդիպում ունեցավ վարչապետ Լիոնել Ժոսպենի հետ: Խոսակցությունն ընդգրկել էր մասնավորապես տնտեսական կապերը զարգացնելու, Ղարաբաղյան հակամարտության եւ այլ հարցեր:

Երեկոյան երկու երկրների նախագահներն այցելեցին Անի քաղաքի պատմաճարտարապետական հուշահամալիրին նվիրված ցուցահանդես, իսկ երեկոյան միասնաբար ներկա գտնվեցին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայաստանի պետական կապելլայի բացառիկ համերգին:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Փարիզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4