<20012701.jpg>
ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ
ԼՂՀ գերագույն դատարանում պետական մեղադրող Վ. Ավագյանի մեղադրական ճառը հրապարակելուց հետո Ստեփանակերտում կարծես թե թուլացել է այն լարված հետաքրքրությունը, որը կար անցյալ տարվա սեպտեմբերի 18-ից սկսած: Առաջարկված պատժաչափերն անշուշտ միանշանակ չընդունվեցին, սակայն այն հանգամանքը, որ դատարանը 10 ամբաստանյալների համար խնդրել էր ընդամենը պայմանական ազատազրկում, որոշակիորեն հանդարտեցրել է կրքերը: Անտարակույս, ստեփանակերտցիների (եւ ոչ միայն) ուշադրության բեւեռները մյուսներն էին, որոնց պատժաչափերի մասին շատերը նախընտրում են առայժմ լռել, ըստ իս, դատախազի առաջարկությունները տեսնելով իբրեւ հիմք դատավճռի համար: Ինչքան էլ սուբյեկտիվորեն, այդուհանդերձ, մարտի 22-ի սպասվող դատավճռի նկատմամբ հասարակական գնահատականն արդեն իսկ ձեւավորվում է, անկախ այն բանից, թե դատավճռին ինչպես կարձագանքեն արտաղարաբաղյան քաղաքական շրջանակները:
Այսքանըՙ իբրեւ հասարակական տրամադրվածության մասին տպավորություն: Իսկ երեկ, փետրվարի 13-ին, Ստեփանակերտում շարունակվեցին «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատական վիճաբանությունները: Գործով տուժողներն իրենց ելույթներում սահմանափակվեցին միայն դատարանից արդարամտություն ակնկալելու նշումով: Իսկ ահա պաշտպաններն ի հայտ բերեցին փաստաբանական իրենց կարողությունների ողջ զինանոցը:
Առաջին ելույթ ունեցողըՙ Ալբերտ Առստամյանի պաշտպան Վ. Հայրապետյանը գտավ, որ իր պաշտպանյալին մեղսագրված ՔՕ 84-րդ հոդվածը (իմանալ-չհայտնել) սխալ է, քանի որ վերջինս չգիտեր նախապատրաստվող ահաբեկչության մասին:
Նույն հոդվածով ամբաստանվող Խաչատուր Պետրոսյանի պաշտպան Կ. Ղուրայանը, ընդունելով, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել դրանում, այնուամենայնիվ խնդրեց դատարանին փոխել մեղադրանքը, քանի որ Խ. Պետրոսյանը սեփական ընտանիքի անվտանգության նկատառումով չի հայտնել նախապատրաստվող ահաբեկչության մասին, ավելինՙ նույնիսկ փորձ է արել ահաբեկչությունը կանխել:
Ամբաստանյալ Վարուժան Մելքումյանի պաշտպան Օ. Ալթունյանը գոհունակություն հայտնեց պետմեղադրողի կողմից իր պաշտպանյալի արարքը վերաորակավորելու առթիվ: Նա գտավ, որ Վ. Մելքումյանն, իրոք, չի մասնակցել ԼՂՀ նախագահի դեմ կատարված մահափորձին, նախապատրաստական հավաքներում դրսեւորել է պասիվություն, իսկ ահաբեկչության իրականացումից խուսափել է հանցախմբի հետ շփումներից: Նա ճիշտ գտավ Կ. Մելքումյանին վերաորակած իմանալ-չհայտնելու հատկանիշըՙ խնդրելով դատարանից այս պարագայում էլ իր պաշտպանյալի նկատմամբ մեղմ վերաբերվել:
Ամբաստանյալ Դավիթ Ղուլյանի պաշտպան Մ. Առստամյանը չհամաձայնելով դատախազի առաջարկած պատժաչափինՙ 10 տարի ազատազրկում, նշեց, որ իր պաշտպանյալն անկեղծորեն խոստովանել է կատարած հանցանքը նախաքննության եւ դատաքննության ընթացքում, հանդես է բերել ընդառաջող վերաբերմունք, ինչպես նաեւ ահաբեկչության կատարման մեջ չի ունեցել անձնական շահագրգռություն, ուստի այս բոլորը բավարար հիմքեր են նրա պատիժը 6 տարվա ազատազրկում սահմանելու համար:
Ամբաստանյալ եղբայրներ Գառնիկ, Հենրիկ եւ Վալերիկ Ծատրյանների պաշտպան Գ. Սաֆարյանը գտավ, որ իր պաշտպանյալների գործը մարտի 22-ի քրգործին կցելը դատավարական խախտում է: Մասնավորապես նա բացառեց Գառնիկ Ծատրյանին մեղսագրված մի շարք հանցարարքներ, նշելով, որ վերջինիս արարքում առկա են սոսկ զենքի հափշտակման եւ անօրեն զինապահման հատկանիշներ: Հենրիկ եւ Վալերիկ Ծատրյանների արարքները գնահատելիս փաստաբանը նշեց, որ վերջիններս պարզապես կատարել են Սամվել Բաբայանի հանձնարարությունը, որը նրանց կարծիքն է: Մսմնա տեղափոխված զենքերը, ըստ փաստաբանի, թաքցվել են հենց այդ ահաբեկչությունը բացառող կռվաններով, եւ անձնական շահագրգռություն այս արարքում նույնպես չկա: Ահաբեկչությունը բացառող կռվաններով հանդես եկավ նաեւ Սասուն Աղաջանյանի պաշտպան Էդվարդ Աղաջանյանը: Նա գտավ, որ իր պաշտպանյալը պարզապես կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ, իսկ մյուս մեղադրանքները նա առաջարկեց կարճել, ելնելով այն իրողությունից, որ Սասունն իբրեւ զինվորականՙ պարտադրված է եղել կատարել վերադասի (իմաՙ Ս. Բաբայանի) հրամանը:
Ամբաստանյալ Լեւոն Միրզոյանի պաշտպան Ա. Հակոբյանը եւս փորձ արեց հերքել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքըՙ ահաբեկչության անմիջական կատարում: Նա անհիմն գտավ մյուս ամբաստանյալների ցուցմունքները, որոնք հաստատում են Լ. Միրզոյանի անմիջական մասնակցությունը ԼՂՀ նախագահի դեմ մահափորձին: Հենվելով միայն Սամվել Բաբայանի ցուցմունքի վրա, որով գլխավոր ամբաստանյալը ժխտում է Լեւոն Միրզոյանին նույնիսկ ճանաչելու փաստը, պաշտպանը կասկածի տակ դրեց անգամ դատափորձագիտական եզրակացությունները: Նա խնդրեց դատարանիցՙ կարճել Լ. Միրզոյանին առաջադրված մեղադրանքը:
Հայտարարված ընդմիջումից հետո դատարանում հանդես եկավ ամբաստանյալ Էրիկ Փարամազյանի պաշտպան Էդ. Չինարյանը: Վերջինս անհամաձայնություն հայտնեց դատախազի ներկայացրած պատժաչափին, թեեւ ամբաստանյալը թե՚ նախաքննության եւ թե՚ դատաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը: Փաստաբանը, կարծես մոռանալով, թե ում է պաշտպանում, սկսեց պաշտպանել. Սամվել Բաբայանին, անընդհատ փորձելով ապացույցներ գտնել առ այն, որ Է. Փարամազյանը փեսայիցՙ Սամվել Բաբայանից ահաբեկչության վերաբերյալ ցուցում չի ստացել: Չինարյանը Փարամազյանի արարքում տեսավ միայն ՔՕ 99-րդ հոդվածի հատկանիշներ, ավելի կոնկրետՙ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ, որը նա ձեռնարկել է իր իսկ նախաձեռնությամբ:
Փաստաբանը միջնորդեց դատարանինՙ քրեական գործ հարուցելու Էրիկ Փարամազյանին նախաքննական փուլում ծեծելու կապակցությամբ: Երեկվա դատական նիստում վերջինը գլխավոր ամբաստանյալի պաշտպան Ժուդեքս Շաքարյանի պաշտպանական ճառն էր, որի երկարաշունչ լինելու պատճառով շարունակությունը տեղափոխվեց այսօրվա դատական նիստին: