«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


5-15 ՀԱԶԱՐ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՐԿՙ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ

Շտապեք փաստաթղթերը ներկայացնել

Գերմանական, ավստրիական լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ հանրության ուշադրությունն են հրավիրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներում աշխատած ռազմագերիներին Գերմանիայի, Ավստրիայի կառավարությունների խոստացած փոխհատուցման վրա: Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում ապրող ռազմագերիների շահերի պաշտպան Ստեփան Թաշչյանիՙ Բեռլինի փաստաբանական գրասենյակը մարտի 22-ին գերմանական համապատասխան մարմիններին պիտի հանձնի փաստաթղթերի փաթեթը: Պրն Թաշչյանը նոր է վերադարձել Երեւանից, նրա ասելովՙ մինչեւ հիմա դիմել է 172 հոգի: Գերմանաբնակ փաստաբանը տեղեկացրեց, թե իրենք կանխիկ վճարումով չեն աշխատում եւ ովքեր դեռեւս չեն դիմել իրենց, կարող են մինչեւ փետրվարի 23-ը երեւանյան իրենց գրասենյակ (դիմել տկն. Թագուհի Անդրեասյանին, հեռ.ՙ 27 36 17, հասցենՙ Հրաչյա Քոչարի 1, բնակարան 27) ներկայացնել պահանջվելիք փաստաթղթերըՙ անձնագրի եւ զինգրքույկի պատճենները, հարցին առնչվող որեւէ այլ պահպանված փաստաթուղթ, նաեւ համակենտրոնացման ճամբարներում անցկացրած օրերի կամ կատարած հարկադրյալ աշխատանքի մանրամասն շարադրանքՙ հայերեն եւ ռուսերեն (նաեւՙ անգլերեն կամ գերմաներեն): Պրն Թաշչյանի ասելով, ներկայացված գործերի 70 տոկոսը ենթակա է մերժմանՙ փաստերի անբավարարության պատճառով, բայց իրենց փաստաբանական գրասենյակը գերմանական, ավստրիական արխիվներից պիտի հայթայթի հավելյալ փաստերՙ հաջողության հասնելու համար: Օրենքով նախատեսվում է ռազմագերիներին հատկացնել կամ դրամական միանվագ փոխհատուցում, կամ թոշակ: Փաստաբանի ասելով, վերջինը քչերը կստանան, մեծ մասը կօգտվի 5- 15 հազար մարկ միանվագ փոխհատուցումից: 15 հազար կստանան, օրինակ, նրանք, ովքեր ապրել են համակենտրոնացման ճամբարներում: Օրենքը նախատեսում է փոխհատուցել նաեւ 1999-ի փետրվարի 15-ից հետո մահկանացուն կնքած ռազմագերիների ժառանգներին:

Փոխհատուցման համար նախատեսված է 10 մլրդ մարկ, որից 5 մլրդ պետության վճարելիք մասից դեռեւս հավաքված չէ 1,3-ը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4