ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քաղաքականության մեջ նախաձեռնությունները կարեւոր նշանակություն ունեն: Դրանք այս կամ այն տարածաշրջանում քաղաքական զարգացումների ընթացքը կանխորոշելու հնարավորություն են տալիս նախաձեռնողներին: Դրանց միջոցով հնարավոր է դառնում միջամտել տարածաշրջանային հակամարտություններին: Այս ամենի առումով պատահական չէ նախաձեռնությունների համար ծավալվող մրցապայքարը միջազգային ուժերի միջեւ:
Հատկանշական է, որ միջազգային ուժերը սոսկ տարածաշրջանային զարգացումներով կամ հակամարտություններով չեն հետաքրքրվում: Նրանք այդ զարգացումներն ու հակամարտությունները վերահսկելու մղումով ամեն կերպ ձգտում են վերահսկել ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ հակամարտության մեջ ներգրավված երկրների միջպետական հարաբերությունները տվյալ տարածաշրջանում:
Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի ընդգծված հակահայկական քաղաքականության պատճառով միջպետական մակարդակի չեն բարձրացել: Այս հանգամանքը սակայն չի նվազեցնում դրանց նկատմամբ միջազգային ուժերի հետաքրքրությունը, ոչ էլ նվազում է տարածաշրջանի համար նշանակությունը: Դրա մասին է վկայում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախաձեռնությունների շուրջ մրցակցությունը:
Խոսքը տվյալ դեպքում Եվրամիության հետ ԱՄՆ-ի մրցակցության մասին է:
Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություններում նախաձեռնությունը նախաձեռնողի համար ենթադրում է Հայաստանում դիրքեր ամրապնդելու եւ Անդրկովկասում Թուրքիայի միջոցով գործելու լայն հնարավորություն: Քանի որ Հայաստանը շնորհիվ Ռուսաստանի հետ զինակցության ազդեցիկ քաղաքական գործոն է դարձել եւ մեծապես սահմանափակում է թուրքական գործոնի ազդեցությունն անդրկովկասյան հանրապետություններում, ուստիեւ հաջողության պարագայում մեծանում է նաեւ նախաձեռնողիՙ այդ երկու գործոնների վրա հենվելու հավանականությունը: Դա նրա առջեւ կբացի Հայաստանից բացի անդրկովկասյան մյուս հանրապետություններում եւս դիրքեր ամրապնդելու հնարավորություն, ինչը համազոր է ողջ Անդրկովկասում դիրքերի ամրապնդմանը:
Առհասարակ միջպետական երկկողմ հարաբերությունները միայն հարաբերվող կողմերի շահերը չէ, որ արտահայտում են: Դրանք անպայման անդրադառնում են նաեւ երրորդ երկրների շահերի վրա: Հատկապես այն դեպքում, երբ այդ շահերը տարածաշրջանային են, իսկ տվյալ տարածաշրջանում հանուն ազդեցության անհաշտ պայքար է ծավալվում միջազգային ուժերի միջեւ: Անդրկովկասը որպես այդպիսին թե՚ այդ պայքարի թատերաբեմ է եւ թե՚ հակամարտությունների օջախ: Որքան էլ այդ հակամարտությունները երրորդ կողմին չվերաբերեն, իրենց վրա են գրավում վերոհիշյալ ուժերի սեւեռուն ուշադրությունը, միջնորդական առաքելությունների տարբեր դրսեւորումներով հանդերձ:
Այդ հակամարտություններից է ղարաբաղյանը, դրա ընթացքը իրենց հայեցողությամբ վերահսկելու միջազգային ուժերի միտումները բարեբախտաբար շոշափելի արդյունքի չեն հանգեցնում: Բայց եւ այնպես դրանց արդյունքում Հայաստանը վերջիններիս ավելի քան շահագրգռում է: Դա իր հերթին հայ-թուրքական հարաբերությունները եւս դարձնում է շահագրգռության առարկա: Այսպիսով, հարաբերությունների բարելավման ամերիկյան նախաձեռնություններին ինքնաբերաբար հետեւում է եվրոպական երկրների նախաձեռնությունը:
Անկախ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միտումներից Անդրկովկասում լարվածությունը թուլացնելու, անդրկովկասյան հանրապետությունների բեւեռացումը վերացնելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Քանի որ Թուրքիան այդ հարաբերություններին խիստ բացասական վերաբերմունք է ցուցաբերում, ուստի եւ միանգամայն անհրաժեշտ են դրանց բարելավման նախաձեռնությունները: Հարկ է սակայն նշել, որ հարցը սոսկ Թուրքիայի բացասական վերաբերմունքը չէ, այլ հայ-թուրքական հարաբերությունների ներքաշումը Անդրկովկասում հանուն ազդեցության Ռուսաստան-ԱՄՆ պայքարի ոլորտ: Սա եւս կարգավորման լուրջ խոչընդոտ է: Ուրեմն կարգավորման համար անհրաժեշտ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները դուրս բերել ռուս-ամերիկյան պայքարի ոլորտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ հարաբերությունների կարգավորման առումով եվրոպական նախաձեռնությունն անհամեմատ նախընտրելի է ամերիկյանից:
Որքան էլ Թուրքիան հակադրվի եվրոպական նախաձեռնություններին, չպետք է մոռանալ, որ Կովկասը կենսական շահերի գոտի է հայտարարել Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպական երկրները: Ավելին, հենց Մ. Նահանգներն է, որ Հայաստանին Թուրքիայով միջնորդավորված արեւմտյան կողմնորոշում պարտադրելու փորձեր է կատարում, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանշանակ փորձում է Անդրկովկասից Ռուսաստանի արտաքսման նպատակին ծառայեցնել: Հետեւաբար հայ-թուրքական հարաբերություններում եվրոպական նախաձեռնությունը ոչ միայն հակազդեցություն առաջ կբերի Ռուսաստանում, այլեւ ամերիկյանի հետ համեմատած նաեւ ընդունելի կլինի: Ի վերջո Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, իսկ նրա դիրքերը դեռ բավականին ամուր են Անդրկովկասում: